Ֆեյսբուքյան տիրույթում տեղեկություն է տարածվել՝ «Վրաստանի հայերի միության» կողմից կազմակերպված առցանց բարեգործական տիկնիկային ներկայացման մասին։ Միջոցները կբաժանվեն կոնկրետ բուժման կարիք ունեցող Թբիլիսիի բնակիչների միջև։
Կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ ընդուվեց նաև առցանց դասեր, թրեյնինգներ անցկացնելը, հեռավար աշխատելը, տարբեր միջոցառումներ անցկացնելը։ Ժամանակի ընթացքում մարդիկ ընտելացան այն փաստին, որ կարելի է, օրինակ. առցանց այցելել հայտնի բազում թանգարաններ կամ առցանց ռեժիմով դիտել ներկայացումներ։ «Վրաստանի հայերի միություն»-ում որոշեցին օգտվել դրանից և ֆինանսապես օգնել թբիլիսցի հիվանդ մարդկանց: Այդ նպատակով կկազմակերպվի երիտասարդ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային ներկայացումը։
«Մենք կազմակերպում ենք բարեգործական առցանց ներկայացում, հավաքված գումարը կբաժանվի հիվանդություններ ունեցող մի քանի մարդկանց, հավաքված գումարի 90%-ը կծախսվի դրա վրա, իսկ մնացած 10%-ը կկազմի արտիստի վարձատրությունը։ Նա աշխատում է Մառնեուլի Մշակույթի տանը, համագործակցում է նաև Կրթության և մշակույթի նախարարության, ինչպես նաև տարբեր թատրոնների հետ։ Տիկնիկային ներկայացումը տեղի կունենա փետրվարի 25-ին և հղումը ֆեյսբուքի միջոցով կուղարկվի բոլոր նրանց, ովքեր հանգանակություն կկատարեն: Բավականին շատ մարդիկ են մասնակցել, բայց դրանք հիմնականում իմ ընկերներն են, քանի որ ես եմ տարածել այդ մասին տեղեկությունը»,- ասում է «Վրաստանի հայերի միության» ներկայացուցիչ Մարի Առաքելովան։
Մարդիկ, ովքեր բուժման կարիք ունեն, բայց չեն կարող վճարել դրա համար, կարող են դիմել «Վրաստանի հայերի միությանը»։ Մարի Առաքելովան նշում է, որ օգնության կարիք ունեցողները պետք է լինեն Թբիլիսիից, քանի որ մարզերով շրջելու հնարավորություն չկա։
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դիտել երիտասարդ տիկնիկագործի հետաքրքիր ներկայացումը և դրանով իսկ օգնել ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց, կարող է ուղարկել 20 լարի կազմակերպության հաշվեհամարին (GE43BG0000000911713900), դա «տոմսի» արժեքն է։
«Հարգելի ընկերներ, նպատակ ունենք` Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային թատրոնի բարեգործական ներկայացում անցկացնել` ֆեյսբուքի միջոցով։ Ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունն ամենակարևորն է, մասնակցության նվազագույն արժեքը 20 լարի է, ցանկության դեպքում կարող եք ավել վճարել։ Մասնակցությունը հաստատելուց հետո կստանաք ներկայացման հղումը` հնարավորություն ունենալով վայելել և բարեգործությանը մասնակցել։ Գումարը մուտքագրվելու է կազմակերպության հաշվեհամարին»,- իր էջում գրել է Մարի Առաքելովան։