Քվեշեթի-Կոբի հատվածում արդեն կառուցվել է թունելի 770 մետրանոց հատվածը, ինչպես նաև 2,6 կիլոմետրանոց տարհանող թունելը։ Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության Ճանապարհային վարչությունը։
Օգտվելով Քվեշեթի-Կոբի ճանապարհից՝ վարորդները կկարողանան շրջանցել Վրաստանը Ռուսաստանին կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց հատվածը՝ Կոբի-Գուդաուրի հատվածը, որը ձմռանը ձնահյուսի վտանգի պատճառով հաճախ փակ է լինում։
«Այս պահին հիմնական թունելում հորատվել է 770 մետրըվ և երկաթբետոնե սալիկների տեղադրումն է ընթանում։ Զուգահեռ ռեժիմով տարհանող թունելում կատարվում են հորատման և ժամանակավոր ամրացումների տեղադրման աշխատանքներ»,- հայտնում են Ճանապարհային վարչությունից։
Խոսքը 9 կիլոմետր երկարությամբ և 15 մետր լայնությամբ թունելի մասին է, որը հորատվում է Խաչաձև լեռնանցքի տակ՝ Ծկղերե գյուղից մինչև Կոբի գյուղ։ Ըստ իշխանությունների՝ այն կդառնա Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Աշխատանքներն իրականացնում է չինական China Railway 23rd Bureau Group Co. ընկերությունը: Շինարարության համար հավաքվել է հատուկ թունելային մեքենա։ Վարչության տվյալներով՝ սարքավորումները տարբերակվում են ցածր թրթռումով, ինչը կապահովի շինարարության անվտանգ ընթացքն ու շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությունը։
Քվեշեթի-Կոբի հատվածը Հյուսիս-Հարավ միջանցքի արագընթաց մայրուղու արդիականացման ծրագրի կարևոր մասն է: Դրա երկարությունը կկազմի մոտ 23 կիլոմետր։ Գոյություն ունեցողի երկարությունը 34 կիլոմետր է։ Ըստ այդմ՝ թունելը կօգնի նվազեցնել հեռավորությունը 11 կիլոմետրով, իսկ ճանապարհորդության ժամանակը կնվազի 1 ժամով։
Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագծի արժեքը 1,2 մլրդ լարի է։ Շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից։ Աշխատանքները վերահսկում է UBM միջազգային վերահսկողական ընկերությունը։ Նախագիծը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2024 թվականը։