Սուրբ Սարգիս զորավարի տոնը Ջավախքում յուրահատուկ են նշում, Ախալքալաքից և շրջանի գյուղերից երիտասարդները, զույգերը և նաև մեծահասակները ուխտագնոցություն են անում դեպի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի։

Ըստ ավանդույթի այն երիտասարդները, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, տոնի նախօրեին ծոմ են պահում, երեկոյան աղաբլիթ կամ այնպիսի ուտելիք ուտում՝ ակնկալիքով որ երազում կտեսնեն իրենց ապագա ընտրյալին։

«Տատիկս ասում էր, որ քնելուց առաջ մահճակալիս մոտ մի բաժակ ջուր դնեմ, բաժակի վրա հայելի իսկ կողքին սանր: Ավանդույթի համաձայն՝ երազը տեսնելուց հետո, երբ արթնանաս հայելուն նայելով կտեսնես ապագա ընտրյալիդ, իսկ սանրը չեմ հիշում ինչի համար էր, ասում էր նախնտրելի է չօգտագործած սանր կամ միայն քո օգտագործածը լինի»,  – պատմում է ուխտագնացներից մեկը։

Դեպի Դիլիսկա ուխտագնացության առանձնահատկություններից մեկն այն է, որ եկեղեցում երիտասարդները մոմերով են փոխանակվում: Ըստ ավանդույթի, եթե աղջիկը ինչ-որ երիտասարդ տղաի հետ փոխի իր մոմերը և այն քնելուց առաջ դնի բարձի տակ, ապա երազում անպայման կտեսնի իր ընտրյալին։

«Փոխելու եմ մոմերս և վերջապես տեսնեմ նրան, հուսով եմ գեղեցիկ կլինի», – ասում է  ուխտագնաց աղջիկներից մեկը։

surb_sargis_2

«Ես ամբողջ օրը հաց եմ կերել, մի քանի տարի ծոմ պահեցի ոչ մեկին չտեսա,  միևնույն է՝ այս տարի էլ չեմ տեսնի», – պատասխանում է մյուսը, իսկ ամուսնացած կանանցից մեկը կատակով դիմում է աղջիկներին՝ շուրջներդ նայեք իրականում էլ կտեսնեք»։

Մեծահասակները շատերն են պնդում էին, որ երիտասարդ տարիներին Սուրբ Սարգիսի գիշերը տեսել են իրենց ամուսիններին:

«Երազումս տեսա թիկունքով կանգնած մի տղամարդու, դեմքը չեմ տեսել, միայն վերարկուն եմ պարզ հիշել, ջուր տվեց ինձ, ջրի մեջ պղպջակներ կային չվերցրեցի, այդ պահին մի կին եկավ, նա նույնպես բաժակը մեկնեց ինձ, այդ կնոջ տվածը վերցրեցի: Իրականում այն նույն վերարկույով տղամարդը եկավ մեր տուն ձեռքս խնդրելու, ես մերժեցի նրան, իսկ կինը ամուսնուս բարեկամներից էր», – պատմում է մոտ 50 տարեկան մի կին, ոգեշնչելով երիտասարդներին հավատալ Սուրբ Սարգիսի զորությանը:

Ուխտագնացների խոսքերով, աղջիկը միայն ամուսնության տարին է տեսնում երազ, եթե չի  տեսնում, դա նշանակում է, որ դեռ ժամանակը չէ։

surb_sarkis_1

Արագահաս սիրո բարեխոսի տոնը այս տարի նշվում է փետրվարի 12-ին։ Երիտասարդները մեծ ոգևորությամբ են սպասում այս տոնին: Ավանդույթի համաձայն Սուրբ Սարգիսը արագ օգնության է հասնում յուրաքանչյուրին, նամանավանդ դժվարության հանդիպած սիրող սրտերին։

Վարդուհի Կուրղինյան