Երեւանի բնակիչ Կարենը 26 տարեկանում իմացել է, որ ծնողներն իրեն որդեգրել են Թբիլիսիի մանկատնից՝ 1,5 տարեկանում։ Նա ցանկանում է գտնել իր կենսաբանական ծնողներին, որպեսզի կարողանա գտնել իր քույրերին ու եղբայրներին, եթե նրանք ընդհանրապես գոյություն ունեն:
Ինքնությամբ հայ Կարենը իմացել է, որ ազգությամբ վրացի է՝ արդեն անհատականությունը ձևավորած, չափահաս հասակում։ Սակայն դա, ինչպես ինքն է պատմում, չի չարացրել նրան ո՛չ կենսաբանական, ո՛չ իրեն մեծացրած ծնողների, ո՛չ էլ, առհասարակ, կյանքի նկատմամբ։
«Երբ մայրիկս ինձ պատմեց, ինձ մոտ հարգանքի և սիրո զգացումը ծնողներիս նկատմամբ, կյանքիս հանդեպ սերն ավելի ուժեղացավ, նպատակներիս հասնելու ցանկությունը նույնպես մեծացավ։ Իմ մոտ առաջացան միմիայն դրական լիցքեր»:
Ինքը՝ Կարենի մայրը, մանուկ հասակում կորցրել է եղբայրներին ու քույրերին և ամբողջ կյանքում երազել է, որ որդին եղբայրներ ու քույրեր ունենա։ Բայց Կարենն այդպես էլ մնաց այս ընտանիքի միակ զավակը, ուստի մայրը որոշեց ասել որդուն, որ եղբայրներին ու քույրերին գտնի, եթե այդպիսիք ապրում են այս աշխարհի երեսին։
Կարենի մանկությունն անցել է անհոգ, սիրով ու հոգատարությամբ լեցուն։ Հայրը մահացել է 10 տարի առաջ։ Այսօր Կարենն իր ընտանիք հետ միասին ապրում է մոր հետ։
Մայրը պատմել է այն ամենը, ինչ գիտեր, տվել Թբիլիսիի մանկատան հասցեն։ Կարենը գնացել է այնտեղ։ Այնտեղ նրան ասել են, որ ոչնչով չեն կարող օգնել, որ ինքը պետք է դիմի Առողջապահության նախարարություն։ Նա գտել էր նաև մանկատան նախկին տնօրենի հասցեն, սակայն վերջինս մեկնել էր որդու մոտ, իսկ հարեւանները չգիտեին, թե որտեղ է կոնկրետ ապրում որդին։
«Ես գրել էի «Одноклассники»-ում, «Ֆեյսբուք»-ում, պատմել էի իմ պատմությունը, եղել էին արձագանքներ, բայց հիմնականում մարդիկ տեղեկություն չունեին, կամ ուղղակի զորակցում էին ինձ։ Չնայած, ես կարծում եմ, որ ինձ կարեկցելու առիթ չկա»:
Սոցցանցերի օգնությամբ Կարենը գտել է իր ընկերոջը, ով իր ազգանունից ունի՝ Մաիսուրաձե։ Նա ընկերոջը լիազորագիր է տվել, որպեսզի վերջինս իր անունից փաստաթղթեր կարողանա հայցել։ Բայց 4 տարիների ընթացքում, չնայած մի քանի փորձերին, չի հաջողվում որեւէ տեղեկություն ճշտել կենսաբանական ծնողների հասցեի մասին։
Կարեն-Գիորգի Մաիսուրաձեն ծնվել է 1983 թվականին։ Արխիվային փաստաթղթերից նա իմացել է, որ մոր անունն Իրմա Վլադիմիրի Մաիսուրաձե է, իսկ հայրը՝ Վլադիմիր Գիորգիի Մաիսուրաձե։ Նա գիտի նաև, որ նրանք իրենց ամուսնությունը գրանցել են Թբիլիսիի այն ժամանակվա Կալինի՝ ներկայիս Մթածմինդայի շրջանում։
Կարենը շատ է ցանկանում գտնել իր կենսաբանական ծնողներին։
«Ուզում եմ գտնել իմ կենսաբանական ծնողներին, առաջին հերթին՝ եղբայրներիս ու քույրերիս գտնելու համար, եթե ունեմ այդպիսիք, երկրորդ՝ եթե իմ կենսաբանական ծնողներն այլևս կենդանի չեն, ապա նրամց գերեզմանին ծաղիկներ խոնարհեմ, խունկ ծխեցնեմ, իսկ եթե ողջ են, ապա ուզում եմ նրանց հարցնել, թե ինչու եմ հայտնվել մանկատանը»։
Եթե ինչ-որ մեկը կարող է իրեն գոնե ինչ-որ տեղեկություն փոխանցել, նա խնդրում է դա անել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պահպանել այդ մարդու անվան գաղտնիությունը, ով իրեն տեղեկություններ կփոխանցի իր ծնողների մասին։ Նա խնդրում է իրեն գրել kakhachatryan@mail.ru էլ. հասցեով: Նա նաև խնդրում է համապատասխան մարմիններին արձագանքել բազմաթիվ հայտարարություններին և օգնել իրեն:
Կարենը մասնագիտությամբ անգլերենի թարգմանիչ է, բայց հիմա իր մասնագիտությամբ չի աշխատում։ Վրացերենն արդեն մոռացել է, մանուկ հասակում, երբ նրան որդեգրել էին՝ խոսում էր, բայց կարծում է, որ հեշտությամբ կսովորի, քանի որ հիմքը կա։
Կարենը չի ցանկանում հրապարակել իր այժմյան լուսանկարը, որպեսզի հետաքրքրություն և ակնկալիք առաջացնի, եթե հանկարծ իր հարազատները գտնվեն։