2022 թվականի հունվարից մունիցիպալիտետների քաղաքապետարանները չեն մասնակցում բնակիչների հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացին։ Հողամասերի գրանցման ողջ գործընթացն արդեն իրականացնում է միայն Հանրային ռեեստրը (Հանրային ռեեստրի ազգային գործակալություն): 2016 թվականից մինչև 2021 թվականի դեկտեմբերի վերջ, քաղաքապետարանի մասնակցությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում իրենց հողամասերը գրանցել է ավելի քան 10 000 մարդ։
Համաձայն «Հողամասերի նկատմամբ իրավունքների համակարգված և սպորադիկ գրանցման ու կադաստրային տվյալների բարելավման կանոնների մասին» օրենքում փոփոխությունների, որոնք ներդրվել են 2021 թվականի վերջին, քաղաքապետարաններն այլևս չեն զբաղվելու հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացով։ Ամբողջ գործընթացը կիրականացվի Հանրային ռեեստրում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն արդեն բոլոր գործերը փոխանցել է Վրաստանի Հանրային ռեեստրին։
Ախալքալաքի մունիցիպալիտետում չգրանցված հողամասերը շատ էին։ Պատճառները տարբեր են՝ ինչ-որ մեկը փաստաթղթեր չի ունեցել, ինչ-որ մեկի տունն այլ պետության քաղաքացու վրա է եղել գրանցված և այլն։ Չգրանցված հողամասերի խնդիրը արդիական էր նաև ամբողջ Վրաստանում, ուստի պետությունը 2016 թվականի օգոստոսի 1-ից մտցրեց հողերի գրանցման պարզեցված ընթացակարգ։ Սեփականության գրանցման խնդիրը ամբողջությամբ լուծելու համար 5 տարվա ընթացքում այս օրենքում կատարվում էին փոփոխություններ։ Այն պարզեցնելու համար, ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինները հեռացվեցին գրանցման ընթացակարգից, բայց հետո նորից ներառվեցին, քանի որ չնույնականցված շատ հողամասեր մնացին առանց գրանցման: Այս անգամ եւս տեղական ինքնակառավարման մարմինների հեռացումն այս գործընթացից նպատակ ունի հեշտացնել այն։ Բայց արդյոք այս փոփոխությունը կծառայի իր նպատակին, պարզ կդառնա ժամանակի ընթացքում։
2016 թվականից մինչև 2021 թվականն Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը օրինականացրել է ավելի քան 8000 և նույնականցրել 2200 գործ։ Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում իրենց հողամասերը գրանցել է ավելի քան 10 հազար մարդ։
«Տարվա սկզբից բոլոր գործերը փոխանցել ենք պետռեեստրին, այդ թվում՝ ապօրինի գործերը, որոնց մասով որոշում չի կայացվել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մինչև 2025 թվականը կզբաղվեն նրանք, նախկինում էլ են նրանք զբաղվել այս գործընթացով, պարզապես ժամանակավորապես քաղաքապետարաններին էլ էին ընդգրկել»,- ասաց քաղաքապետարանի Գույքի եւ պլանավորման վարչության մասնագետ Ավագ Արեւյանը։
2020 թվականին, քաղաքապետարանում, ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը զբաղվում էր ընդհանրապես որևէ փաստաթուղթ չունեցող անձանց հողամասերի նույնականացմամբ։
Ախալքալաքի քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի պետ, այս աշխատանքային խմբի անդամ Վաչագան Ծորմուտյանի խոսքով, 2020 թվականին իրենք ստացել են 500 դիմում, որից բավարարել են 300-ը, իսկ 2021 թվականին՝ 2600, բավարարել են 1900 գործ։
Մնացած գործերը, ըստ Ծորմուտյանի, ընթացքի մեջ էին։
«Սկզբում շատ աշխատանք կար, աշխատատար աշխատանք էր, հետո լիազորներին ներառեցին ու մեզ մոտ արդեն աշխատանքը կանոնակարգված էր։ Ամեն նոր օրենք դուրս է գալիս վիճակը բարելավելու, ի շահ ժողովրդի, հուսով եմ, որ այս նոր կարգավորումներն ավելի լավը կլինեն»,- ասաց Վաչագան Ծորմուտյանը։