Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի «Ջավախեթի» պարային համույթն արդեն կազմավորվում է։ Քասթինգը կայացել է, դիմորդներ կան, սակայն ինչպես ասում է նախաձեռնության հեղինակը, նրանք այնքան էլ շատ չեն, բայց ժամանակի ընթացքում խումբը կհամալրվի նոր ու որակյալ կադրերով:
«Մուրջի» պարային համույթի ղեկավար, «Ջավախեթի» պարային համույթ նախաձեռնության հեղինակ Գիորգի Մետրևելիի խոսքով, համույթի առաջին պարապմունքները կանցկացվեն հաջորդ շաբաթվանից։
«Արդեն փոքր խումբ ձևավորվել է, սակայն մեր տարածաշրջանից, քաղաքից, մշակույթից ելնելով, մեծ անցյալ չունենք պրոֆեսիոնալ պարարվեստի զարգացման առումով: Այդ իսկ պատճառով հիմնականում իմ նախկին պարողներն են, ինչպես նաև այսօրվա ակտիվ պարողներից կան, որոնց տարիքը համապատասխանում է», – ասում է Գիորգի Մետրևելին։
Պարային համույթի անդամ կարող են դառնալ 16-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ։ Պայմանը մեկն է՝ ունենալ պարելու փորձ։
«Իհարկե, ներկայիս անդամները փորձ ունեն, քանի որ տարիների ընթացքում եղել են այս ասպարեզում և սովորել, կարելի է ասել, որ պրոֆեսիոնալներ են։ Պրոֆեսիոնալ այն առումով, որ ինչ-որ չափի կրթություն ունեն։ Այլ պարողների հետ համամատած, ասենք օրինակ՝ սկսնակների հետ շատ առավելություն ունեն։ Եվ այս քասթինգը հենց նրա համար էր, որ ընտրության հնարավարություն լիներ», – հավելում է պարուսույցը։
Քասթինգին միայն Գիորգի Մետրևելին չի եղել, իր գնահատական ու խորհուրդն է տվել նաև պարի ասպարեզում տարիների փորձ ունեցող, խորեոգրաֆիայի մագիստր Նինո Դարախվելիձեն, ով տեսակապի մեջ է եղել ողջ ընթացքում։
«Մենք ստացանք պրոֆեսիոնալ խորհուրդներ, Նինոն յուրաքանչյուր մասնակցի մասին առանձին մեկնաբանություն արեց։ Բացի դրանից ես խորհուդներ եմ հարցնում իմ պարուսույց ընկերներից, ովքեր տարբեր քաղաքներում, տարբեր պարային համույթների մեջ արդեն տարիներ է ինչ աշխատում են։ Քանի որ, երբ ուրիշ աչքով ես նայում, ավելի լավ է երևում, թե ինչ թույլ կողմեր ունենք։ Ես նույնպես մի քանի համույթ եմ փոխել, և յուրաքանչյուրն ուներ իր ոճն ու ձեռագիրը, դրա համար էլ ես նկատում էի իմ թույլ կողմերը, և աշխատում դրանց ուղղությամբ», – ասում է Մետրևելին։
«Ջավախեթի» համույթն ստեղծելուց առաջ Գիորգին հանդիպել և խորհրդակցել է Ալիկ և Լամառա Քսպոյանների, քաղաքապետի և այլ պաշտոնյաների հետ:
«Ես պարոն Քսպոյանին առաջարկեցի մոտ ապագայում միասին աշխատել։ Ինչպես իմ անսամբլում, այնպես էլ Քսպոյանի անսամբլում միայն երեխաների խումբ է, մեծանալուց հետո խումբը ցրվում է, ամեն մարդ մի ուղղությամբ է գնում: Բայց կան այնպիսինները, ովքեր հետո հետ են վերադառնում։ Այս անսամբլը կլինի մշտական, մեծերի համույթ», – ավելացնում է Մետրեվելին։
Համույթում կսովորեն տարբեր ազգերի պարեր։ Հիմա կորոնավարակի պատճառով հանդիպումները մեծ մասամբ լինում է առցանց։
Պարի դասերը հիմնականում երեկոյան ժամերին կլինի, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել, որպեսզի աշխատելու փաստը մասնակիցներին չխանգարի։
Համույթի առաջին դասը նախատեսված է մեկ շաբաթից: Դասերը ժամանակավորապես կանցկացվեն վրացական դպրոցի սպրոտդահլիճում, սակայն պարուսույցը հույս է հայտնում, որ մի օր կվերանորոգվի մշակույթի տունը և պարապմունքներն այնտեղ կանցկացնեն։
Գայանե Ակոջյան