Հայտնի է փոկացի 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան պատճառը: Ըստ դատաբժշկական փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի՝ երիտասարդը մահացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից։ Նյութը հրապարակել է «Հարավային Դարպաս» պորտալը Sknews.ge-ն:
Ախալքալաքում 19-ամյա զինծառայող է մահացել
«Պատասխանը եկավ, որ զինծառայողի մահվան պատճառը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան է, այժմ նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն։ Պետք է պարզել, թե որքանով է ճիշտ իրականացվել բուժումը»,- Sknews-ին հայտնել է դատաբժշկական փորձագետը։
Մահացածի հորեղբայրն ասում է, որ ընտանիքը դեռ դատաբժշկական եզրակացությունը չի ստացել։
«Մենք գրավոր դատաբժշկական եզրակացություն չենք ստացել։ Որքան գիտենք, դեռ շարունակվում է հետաքննությունը, պարզելու համար, թե թրոմբոէմբոլիան երեխայի մոտ առաջացել է վիրահատությունից առաջ, թե հետո։ Մեզ համար անընդունելի է նման եզրակացությունը, մենք միևնույն է մեղադրում ենք նրանց»,- ասում է վիրահատությունից մի քան օր անց մահացած զինծառայողի հորեղբայր՝ Արթուր Սահակյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 18-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից 19-ամյա զինծառայողը մահացել էր։ Նա զինվորական ծառայություն էր անցնում Ախալքալաքում, ավագ սերժանտ Զազա Փերաձեի նախնական մարտական պատրաստության կենտրոնում, մահից մի քանի օր առաջ Ախալցիխեի ուղեգրային հոսպիտալում երիտասարդը ստամոքսի վիրահատության էր ենթարկվել։
Ընտանիքի հարազատների խոսքով՝ կլինիկայից դուրս գրվելուց հետո հիվանդն ընդամենը մեկ օր է եղել տանը, որից հետո նրան վերադարձրել են բանակային բազա։ Նոյեմբերի 18-ին հայտնել են երիտասարդի մահվան մասին։
Հարազատները մեղադրում են կլինիկայի բժիշկներին և բանակի ղեկավարությանը։ Բժշկական կարգավորման գործակալությունը և Պաշտպաության նախարարությունը սկսել են ուսումնասիրություն: