Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2021 թվականին ընդհանուր առմամբ երկրի բյուջեն մոլախաղային բիզնեսից ստացել է 78,4 մլն լարի, մինչդեռ առցանց ընկերությունները վճարել են ընդամենը 12,1 մլն լարի։

2020 թվականին մոլախաղերի ոլորտի հարկերը կազմել են 19,2 միլիոն լարի, որից 12,4 միլիոնը բաժին է ընկել առցանց խաղատներին, նման ցածր ցուցանիշները պայմանավորված են նրանով, որ համավարակի պատճառով փակվել են իրական խաղային հաստատությունները, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավողները։

Թվերը շատ բարձր չեն եղել 2021 թվականին ևս, քանի որ այդ տարի խաղատների մի մասը նույնպես փակվել էր, իսկ միջազգային զբոսաշրջությունը դեռ չի կարողացել վերադառնալ 2019 թվականի մակարդակին։ Նախահամավարակային 2019 թվականին խաղային բիզնեսից բյուջեի եկամուտները կազմել են 128,4 մլն լարի, որից միայն 12,4 մլն լարին է բաժին ընկել առցանց-հատվածին։

2020 թվականին Վրաստանում մոլախաղային բիզնեսի շրջանառությունը կազմել է 32 միլիարդ լարի, ինչը 6,2 միլիարդով ավելի է 2010 թվականի համեմատ և 18,2 միլիարդով ավելի՝ 2018 թվականի համեմատ։

Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ 2020 թվականի տվյալները չեն ներառում խոշոր միջազգային խաղատները, որոնք գրավում են հիմնականում օտարերկրյա զբոսաշրջիկներին, քանի որ դրանք փակվել են համավարակի տարում։ Ըստ այդմ, շրջանառության աճն ապահովել են ոչ թե օտարերկրյա զբոսաշրջիկները, այլ տեղի քաղաքացիները։

Միևնույն ժամանակ, 2020 թվականին մոլախաղային ոլորտի մասնաբաժինը բիզնեսի ընդհանուր շրջանառության մեջ աճել է մինչև 28%, մինչդեռ 2019 թվականին այն կազմել է 23,7%, 2018 թվականին՝ 16%, և դա, ինչպես արդեն նշվեց, առանց օտարերկրյա քաղաքացիների։