Խթանիչ դեղաչափը, այսինքն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը, 80%-ով նվազեցնում է կորոնավիրուսի նոր շտամով վարակվելու վտանգը։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի «Ջո Էնն» բժշկական կենտրոնի համաճարակաբան Մայա Կաշիան։
Չնայած «omicron»-ի լայն տարածմանը, բժիշկները կարծում են, որ այս տարբերակի դեպքում հիվանդությունը համեմատաբար ավելի թեթև է ընթանում։ Դրա հետ մեկտեղ վարակը կարող է վտանգավոր լինել քրոնիկ հիվանդություններով մարդկանց համար։ Վարակվելու ռիսկերից խուսափել, բժիշկների կարծիքով, կարելի է պատվաստման և դիմակներ կրելու օգնությամբ։
«Վարակի «օմիկրոն» տարբերակի դեպքում հիվանդությունը հիմնականում ավելի արագ և հեշտ է ընթանում։ Նաև հոսպիտալացման մակարդակն այնքան էլ բարձր չէ, որքան «դելտա» շտամի դեպքում… Մենք պետք է անպայման նշենք խթանիչ դեղաչափի նշանակության մասին, որն առնվազն 80-ով նվազեցնում է «օմիկրոնով» հիվանդանալու հավանականությունը»,- նշում է Կաշիան։
Վրաստանում նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։ «Օմիկրոն» նոր շտամի առաջին դեպքը լաբորատոր կերպով հաստատվել է Թբիլիսիում՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։