Վաչիանում Քաչոտյանների սպանությունից հետո մարդիկ ամեն օր վախով են քնում: Նրանք վստահ են, որ հանցախումբ է գործել, իսկ ձերբակալված է միայն մեկ մեղադրյալ:
Վաչիանում «մարդիկ վախից ընտանիքով մի մահճակալի վրա են քնում»: Նոդար Ակոպովի ձերբակալումը, որպես մեղադրյալ Քաչոտյանների սպանության գործով, վաչիանցիների մոտ շատ հարցեր է առաջացրել: Եվ մինչդեռ մարդիկ ճշմարտությունը չգիտեն, նրանք տարբեր վարկածներ են քննարկում:
«Մեր մեջ կասկած կա, ուրիշ ձևի կասկած: Կարող է իրեն օգտագործել են էդ գործողությունն անելու համար, որ Ջավախքի ժողովրդին վախեցնեն, որ կամաց-կամաց թողնենք գնանք: Քանի դեռ մենք ճիշտը չգիտենք, ամեն ինչ մտքներիցս անցնում է: Ում ուզում եք հարցրեք, ոչ մեկ չի հավատա, որ հանցագործը մենակ է եղել: Ինքն մենակ չէր կարող մտներ, 4 հոգու սպաներ ու դուրս գար»,- ասաց Քաչոտյանների ընտանիքի հարազատներից մեկը:
Գյուղացիները նաև համարում են, որ Նոդար Ակոպովի մայրն էլ կարող էր լինել հանցակից: Նրանք պատմում են, որ դեպքից մեկ օր առաջ Նոդար Ակոպովի մայրը փոքր երեխաներին հարցուփորձ է արել, թե ում հայրը ինչքան փող է ուղարկել, երեխաներին առաջարկել է օղի խմել, ինչպես նաև գումար է առաջարկել նրանց, որ հարևանների տների պատուհանները քարով ջարդեն:
«Միթոմ մենակ է եղել: Ինքը մենակ էդքան բան չէր կարող անել, էդքան դուխ չունի: Ինչ սիրտ պետք է ունենաս, որ 3 հոգու սպանես, հետո տանես սենյակի մեջ լցնես, աթոռները ջարդես, շորերը վրան լցնես, վառես, սեղանը դռանը դեմ տաս, որ դուրս չկարողանան գալ: Պատկերացրեք գիշերով ինքը մենակ ու երեք դիակ: Դրանից հետո էլ գնաս երեխուն խեղդես: Պարզ բան է, որ մենակ չի եղել», – պատմեց հարազատներից մեկը:
Քաչոտյանների խոսքերով, գողության շարժառիթ չէր կարող լինել, քանի որ ընտանիքի հայրը՝ Վաղինակ Քաչոտյանն այս տարի դեռևս գումար չէր ուղարկել տուն:
«Հայրը ոչ մի կոպեկ չի ուղարկել, ես եմ խոսել հետը, բոլոր բանկերը կարող են շատ հանգիստ ստուգեն: Պատմում են, որ մի օր առաջ ինքը (Նոդար Ակոպով) բոլոր հարևաններից պատքով փող է խնդրել, ամսի 18-ին իր վարկի մուծելու օրն է եղել»,- ասաց սպանված երեխաների հորեղբայրը:
Միաժամանակ ավելացնելով. «Իրեն ոստիկանությունը տնից է ձերբակալել, ուղիղ մի ժամ դուռը չի բացել, հետո հանգիստ խելոք հանձնվել է: Մեզ հետաքրքիր է, թե ինչի հիման վրա է ոստիկանությունը հենց իրեն ձերբակալել, ով է ուղղություն տվել: Ոստիկանները ոչ մի տեղեկություն չեն տալիս, բոլորը անորոշության մեջ են, մարդիկ անհանգիստ են», – ասաց նա:
Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանությունից հետո, գյուղում ամեն օր սպասում են ինչ-որ մի բանի: Նրանք վախենում են, որ մարդասպանի հանցակիցները ազատության մեջ են: Եվ յուրաքանչյուր պահի կարող են մեկ այլ հանցագործություն կատարել: Վաչիանցիները ոստիկանությունից պահանջում են, որ իրենց տեղեկություն տրամադրվի գործի ընթացքի վերաբերյալ: Ոստիկանությունում ասել են, որ իրենք չեն կարող գործի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն տալ, քանի որ դա կարող է ազդել գործի ընթացքին:
Աղունիկ Այվազյան