Վերջին ամիսներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը օր օրի սրվում է։ Երկու երկիրն էլ սահմանին զորք է կուտակում։ Քաղաքագետ Գիրոգի Բիլանիշվիլին ընդգծում է, որ Ռուսաստանի դաշնությունը վտանգ է նաև Վրաստանի համար, քանի որ Ռուսաստանը պայքարում է ոչ միայն Ուկրանիայում է իր ազդեցությունը տարածելու, այլ նաև ամբողջական հետսովետական երկրների, այդ թվում՝ Վրաստանի: Դրա համար Վրաստանը Ուկրաինային աջակցելու համար պետք է լուրջ և նպատակաուղղված աշխատանք տանի դիվանագիտական հարթակում:

Դեռևս 2021 թվականի վերջին տարբեր աղբյուրներ հայտնում էին Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների մասին: The New York Times (NYT) թերթի տվյալներով, ռուսական շուրջ 100 հազար զինվորականներից բաղկացած զորքը երեք կողմից շրջապատում է Ուկրաինան: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական զորքերի թիվը կարող է կրկնապատկվել:

Արևմուտքում խոսում են հարևան երկիր լայնածավալ ներխուժում սկսելու Մոսկվայի մտադրությունների մասին: Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ կասկածները՝ փոխարենը դեկտեմբերին ներկայացնելով իր պահանջների ցուցակը:

Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

Հունվարի 23-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում էր արել, նշելով, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։

«Ցանկացած երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը լիովին անընդունելի է, Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին: Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին», – գրել է Զալկալիանին և միացել սոցցանցերում մեկնարկած #standwithukraine արշավին։

Davit Zalkaliani

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նույնպես իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային: Լրագրողների այն հարցին, թե ինչու երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական հայտարարություն չի արել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, քաղաքապետը պատասխանել է՝ «Արտաքին գործերի նախարարը հայտարարություն է արել, և դուք կարող եք առաջնորդվել դրանով»:

Ռոնդելի հիմնադրամի փորձագետ-քաղաքագետ Գիրոգի Բիլանիշվիլի բացատրում է, թե իր մեջ ինչ էր ներառում Արտգործնախարարի հայտարարությունը, կամ ինչպիսին կլինի Վրաստանի աջակցությունը Ուկրաինային:

«Այսօր կարևոր է այն, որ արևմուտքի աջակցությունն Ուկրանիայի շուրջ մոբիլիզացված է։ Դիվանագիտական հարթակում դա շատ լուրջ աջակցություն է։ Սակայն Արևմուտքում կան որոշ երկրներ, որոնց համեմատաբար ավելի թերահավատ երկրներ են անվանում և նրանց աջակցությունն այնպիսին չէ Ուկրաինայի հանդեպ, ինչպես, որ ցանկանում ենք, համեմատաբար ավելի թույլ է։ Դրա համար իհարկե, առաջինը ինչը պետք է անի Վրաստանն Ուկրաինային աջակցելու համար, դա այն է, որ յուրաքանչյուր երկրի հետ, սեփական դիվանագիտական ներուժը օգտագործելով, տանի այն ցավը, որը Ուկրաինան ունի, քանի որ մեր երկիրը նույնպես նույն ցավից ունի, օկուպացված տարացքների տեսքով։ Այս պահին սա է ամենակարևորը»։

Փորձագետը շեշտում է, զինված ուժերի և զենքի առումով Վրաստանը չունի այնպիսի հնարավորություն Ուկրանիանին պատշաճ կերպով օգնելու: Այդ պատճառով Վրաստանն ավելի նպատակաուղղված և մոբիլիզացված աշխատանք պետք է տանի դիվանագիտական հարթակում:

Քաղաքագետ Գիրոգի Բիլանիշվիլին ընդգծում է՝ նախարարի գրառումը չի կարող փարատել հասարակության կասկածն առ այն, որ Վրաստանը ակտիվ աջակցում է Ուկրաինային։

«Վրաստանի կառավարության դիրքորոշումը ոչ այնքան պարզ և ակտիվ է Ուկրանիային աջակցելու համար, ինչպես որ պետք է լինի։ Ընդհանրապես այս թեման Վրաստանում ընդհանրապես ակտիվ չէ, առաջնային պլանում չէ, և, իհարկե այս ամենը պատահական չէ, այլ նպատակաուղղված, դրա համար արտաքին գործերերի նախարարի թվիթերյան գրառումը, ցավոք չի փակում այն թերահավատությունը, որը հասարակությունում կա, մենք ակտիվ չենք Ուկրաինային աջակցելու հարցում։ Սա ընդհանուր խնդիր է ինչ կատարվում է Ուկրաինայի հետ, Ռուսաստանի դաշնությունը վտանգ է նաև մեզ համար, քանի որ Ռուսաստանը պայքարում է ոչ միայն Ուկրանիայում է իր ազդեցությունը տարածելու, այլ նաև ամբողջական հետսովետական երկրների վրա է ուզում իր ազդեցությունը վերականգնել, այդ թվում նաև Վրաստանի»:

Ուկրանիայի և Ռուսաստանի լարված իրավիճակն անհանգստացնում է աշխարհի գրեթե բոլոր պետություններին։ Եվ բոլորը հույս են հայտնում՝ չնայած լարվածությանը, պատերազմ չի լինի։

Գայանե Ակոջյան