Omicron շտամն արագորեն տարածվում է Վրաստանում։ Չնայած իր արագ տարածմանը, Omicron-ը բավականին թեթև ընթացք ունի: Բժիշկները բոլորին կոչ են անում պատվաստվել, գոնե հետագա մուտացիաներից խուսափելու համար։ Ամանորյա տոներին, Ախալքալաքում, պատվաստումների տեմպը իջել էր։
Վրաստանում Omicron շտամով վարակման առաջին դեպքը գրանցվեց 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։ Հետո վիրուսը սկսեց շատ արագ տարածվել, և այժմ, Վրաստանում, Omicron տարբերակի մինչև 1200 դեպք է գրանցված։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Իսպիրյանի խոսքով, վարակի ինտենսիվությամբ «Օմիկրոն» շտամը զիջում է միայն կարմրուկին և այլ լուրջ վարակներին։
«Omicron շտամով մեկ հիվանդը կարող է վարակել 8 մարդու, դրանից շատ միայն կարմրուկն է՝ 1 հիվանդը վարակում է 9 մարդու, իսկ 9֊ից ավելի արդեն այլ վտանգավոր վարակներն են»,- ասում է համաճարակաբան Գայանե Իսպիրյանը։
Նրա խոսքով, միայն պատվաստումը կարող է կանխել Omicron շտամի տարածումը և դրա մուտացիան։ Նա կոչ է անում բոլորին պատվաստվել։
«Եթե բոլոր մարդիկ պատվաստվեն, վիրուսը չի կարող մուտացիայի ենթարկվել, տոնական օրերին պատվաստման գործընթացը մի փոքր իր թափը կորցրել էր, հիմա այն վերսկսվել է, բայց Ախալքալաքում պատվաստումների մակարդակը դեռ ցածր է, պատվաստվել ցանկացողները քիչ են»,- ասում է Գայանե Իսպիրյանը։
Ըստ համաճարակաբանի, Ախալքալաքում օրական միջինը 30 մարդ է պատվաստվում։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում պատվաստմամ գործընթացը սկսվել է 2021 թվականի հուլիսին։
Այս գործընթացի սկզբից մինչև 2021 թվականի վերջ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում պատվաստվել է մոտ 2400 մարդ։ Այս տարի պատվաստվել է մոտ 270 մարդ։
Ախալքալաքի բնակչության շրջանում առավել տարածված է Pfizer պատվաստանյութը, որին հաջորդում են Sinopharm-ը և Sinovac-ը: Ախալքալաքում, ամբողջ ժամանակահատվածում, AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է ընդամենը 2-3 մարդ։
Ախալքալաքի ռոֆերալ հիվանդանոցում պատվաստումն իրականացվում է ամեն օր, մարդկանց սպասարկում է երկու խումբ։ Հիվանդանոցում կա երկու պատվաստասենյակ։ Համաճարակաբանի խոսքով, Ախալքալաքում հետպատվաստումային ծանր դեպք չի եղել։