Վերջին շրջանում Ախալքալաքում շատ են քննարկումները, թե հնարավո՞ր է Վրաստանում կատարված պատվաստանյութով մեկնել Ռուսաստան, արդյո՞ք ռուսական պատվաստանյութը գործում է Վրաստանում, կամ ի՞նչ իրադրություն է Հայաստանում «կանաչ» կարգավիճակի հետ կապված։ Ի՞նչ օրենքներ և կանոնակարգեր են գործում այս երեք երկրներում պատվաստված և չպատվաստված անձանց մուտքի համար՝ Jnews-ը ևս մեկ անգամ ճշտել է պաշտոնական աղբյուրներից։

Վրաստան

Վրաստանում քաղաքացիների պատվաստման համար հասանելի են Sinopharm, Sinovac, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը։

Ցանկացած երկրից օդային տրանսպորտով ճանապարհորդող օտարերկրացիները կարող են մուտք գործել Վրաստան՝ տրամադրելով միայն COVID-19-ի դեմ պատվաստման վկայական ցանկացած տեսակի պատվաստանյութով (ցանկացած երկբաղադրիչ պատվաստանյութի երկու դեղաչափերը կամ Johnson&Johnson-ի մեկ դեղաչափը): Այս դեպքում օրենքը չի նախատեսում այն ժամանակահատվածը, որը պետք է անցնի պատվաստումից հետո։

Վրաստանի սահմանը կարող են հատել նաև այն օտարերկրացիները, ովքեր վերջին 6 ամսվա ընթացքում հիվանդացել են կորոնավիրուսով և պատվաստվել են պատվաստանյութի մեկ դեղաչափով (նույնիսկ մինչև վարակումը)։ Թեև, այս դեպքում Վրաստանը ճանաչում է միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերը (AstraZeneca, Moderna, Pfizer, Sinopharm, Sinovac, Johnson & Johnson), և պատվաստումից հետո պետք է անցած լինի 14 օր: Կորոնավիրուսով վարակումը կարող է հաստատվել PCR (ՊՇՌ) թեստի արդյունքում։ Ցամաքային կամ ծովային սահմանը հատելիս պատվաստվածները լրացուցիչ պետք է ներկայացնեն PCR թեստի բացասական արդյունք (անգլերեն, վրացերեն կամ ռուսերեն):

Մեկնելուց 72 ժամ առաջ կատարված ՊՇՌ (PCR) թեստի բացասական արդյունքով Վրաստան կարող են այցելել միայն հետևյալ երկրների քաղաքացիները և բնակիչները՝ ԵՄ երկրներ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Կանադա, Ճապոնիա, Քուվեյթ, Չինաստան, Հարավային Կորեա, Օման, Մոլդովա, Սան Մարինո, Մոնակո, Սերբիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն , Մոնտենեգրո, Անդորրա, Հյուսիսային Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հորդանան, Լիբանան և Իրաք։Կարելի է օգտվել ինչպես ուղիղ, այնպես էլ տարանցիկ երթուղիներից։ Թույլատրվում է հատել երկրի օդային, ցամաքային կամ ծովային սահմանը։

Վրաստանում գտնվելու երրորդ օրը չպատվաստված օտարերկրացիները պետք է իրենց հաշվին նորից հանձնեն ՊՇՌ թեստ։ Մաքսային ստուգման ժամանակ թեստ չունենալու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի (մոտ 600 ԱՄՆ դոլար):

Վրաստան ժամանող չպատվաստված օտարերկրացիները պետք է նախապես պարտադիր լրացնեն օնլայն-հարցաթերթիկը՝ նշելով վերջին 14 օրվա ճանապարհորդության պատմությունը, կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ. փոստ և այլն):

Արտերկրից Վրաստան ժամանած 10 տարեկանից ցածր երեխաները ազատվում են սահմանին ՊՇՌ (PCR) թեստի բացասական արդյունք ներկայացնելու, ինչպես նաև երկրում գտնվելու երրորդ օրը ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտությունից։

Հարկ է նշել, որ Ռուսաստանում պատվաստված (ամբողջական կուրսով) անձը, ցանկացած պատվաստանյութով, նյութական տեսքով կովիդ-անձնագրի, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում օգտվում է «կանաչ» կարգավիճակից և կարող է այցելել ցանկացած վայր։ Օդային ճանապարհով Վրաստան մուտք գործելիս սահմանին ՊՇՌ թեստ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ ցամաքով մուտք գործելիս ՊՇՌ թեստը պահանջվում է ներկայացնել։

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցված է և գործածվում է չորս պատվաստանյութ.

  • «Gam-COVID-Vac»-ը (ապրանքանիշը «Sputnik V») և «Sputnik Light»-ը, որոնք մշակվել են Ռուսաստանի Առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից:
  • «EpiVacCorona», որը ստեղծվել է «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի կողմից և «Կովիվակը», որը մշակվել է Մ.Պ. Չումակովի անվան Ռուսական գիտությունների ակադեմիայի Իմունոկենսաբանական պատրաստուկների հետազոտությունների և զարգացման դաշնային գիտական կենտրոնի կողմից:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն օտարերկրյա պատվաստանյութերից և ոչ մեկն առ այսօր գրանցված չէ օգտագործման համար Ռուսաստանի տարածքում։

Պետդումա ներկայացված օրինագծերով առաջարկվում է մինչև պատվաստանյութերի գրանցման ամսաթիվը և մինչև Ռուսաստանի Կառավարության կողմից որոշված ամսաթիվը ամրագրել PCR թեստ հանձնելու հնարավաորությունը, և, բացասական արդյունքի դեպքում, օդային և երկաթուղային տոմսեր ձեռք բերելու և հանրային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը: Ռուսաստանի Դաշնությունում չգրանցված դեղամիջոցով (Pfizer, Moderna և այլն) պատվաստումը հիմք չէ Ռուսաստանի Դաշնությունում վկայական ստանալու համար:

Թեև, Ռուսաստանում հնարավոր է ստանալ QR կոդ՝ որպես ապաքինված անձ՝ հակամարմինների թեստի հիման վրա:

Հայաստան

Հայաստանում կարող եք պատվաստվել Sputnik V, CoronaVac, AstraZeneca, Sinopharm և Moderna պատվաստանյութերով։

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է.

1. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, կամ

2. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով)

3· մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ*

4· մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ*

5· բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։

6· Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է «Ճամփորդիր առանց COVID-19» բջջային հավելվածի միջոցով:

7· օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։

8· կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022թ. հունիսի 20-ը։

Պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտապված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները:

Սերտիֆիկատ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

Օտարերկրյա քաղաքացանիերին պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ հետազոտության արդյունք չունենալու (չներկայացնելու) դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։

ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։

Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը/պատվաստումն իրականացրած բժշկական հաստատության կոնտակտային տվյալները և կազմակերպության անվանումը պարունակող ձևաթղթով:

Քրիստինե Մարաբյան