Ձյան տեղումների և ձնաբքի պատճառով Ջավախքի և մասնավորապես Ախալքալաքի մունիցիպալիտետի ներքին ճանապարհները կա՛մ փակ են, կա՛մ՝ դժվարամատչելի։ Իսկ պետական նշանակության ճանապարհներին սահմանափակումներ են գործում:
Ջավախքի ճանապարհները սպասարկող «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ի տվյալներով՝ կենտրոնական ճանապարհներն այս պահին բոլորը բաց են։ Սահմանափակումներ կան ծանր բեռնատարների համար Հայաստանի հետ սահմանին: Նինոծմինդա-Ծալկա (Փարվանայի լեռնանցք) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար:
Ինչ վերաբերում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ներքին ճանապարհներին, ապա գրեթե բոլոր հեռավոր գյուղեր տանող ճանապարհները կամ փակ են, կամ դժվարամատչելի։
Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ առավոտից տեխնիկան աշխատում է ճանապարհների բացման ուղղությամբ։ Մաքրման աշխատանքները սկսվել են Օրջա, Ալաստան, Ազավրեթ, Ղադոլար գյուղերի ուղղությամբ, ապա կբացվեն նաև ճանապարհները դեպի Բեժանո, Մեծ և Փոքր Սամսար։
Մաքրման աշխատանքները շարունակվում են նաև մյուս ուղղությամբ՝ դեպի Հոկամ և Գոգաշեն գյուղեր։ Քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհները բացվում են։