Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների մահացության վիճակագրությունը իրական թվեր է արտացոլում, և որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Հենվելով սեփական աղբյուրների վրա՝ ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, որ իշխանությունները կեղծում են COVID-19-ից մահացությունների վիճակագրությունը։ Վերջինս պնդում է, որ Առողջապահության նախարարության հետ համաձայնեցված՝ շտկումների ենթարկված տվյալները տրամադրում են կորոնավիրուսային կլինիկաները, և նման ձևով, ժամանակ առ ժամանակ իշխանությունները թաքցնում են մի քանի տասնյակ մահեր։
«Ոչ մի դեպքում չի կարելի խոսել որևէ կեղծիքի մասին, սա շարունակական գործընթաց է, վերլուծությունն իրականացվում է ընթացիկ ռեժիմով… Այս տեղեկությունն ուղղակի փորձ է հանդիսանում վարկաբեկելու նաև այն ձևաչափը, որով այն տարածվում է լրատվամիջոցներով վերջին երկու օրերի ընթացքում՝ նպատակ ունենալով վարկաբեկել թե՛ այս գերատեսչությանը, թե՛ դրա աշխատակիցներին»,- հայտարարել է Գաբունիան։
Նա պարզաբանել է, որ նախարարության կողմից օգտագործվող վիճակագրությունը հիմնված է օպերատիվ տեղեկատվության վրա։ Մասնավորապես, մեկ ժամվա ընթացքում բոլոր կլինիկաները պարտավոր են մահացածների վերաբերյալ տվյալները տրամադրել։
«Այս տվյալները ուղարկվում են Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն, որտեղից էլ դրանք տրամադրվում են նախարարության վերլուծական բաժնին։ Այնտեղ կատարվում է տվյալների մշակում, հաստատում, իսկ հետո դրանք արտացոլվում են վիճակագրության մեջ»,- ասել է Գաբունիան։
Բացի այդ, վերջինիս խոսքով, տվյալների պաշտոնական աղբյուրը ծնելիության/մահացության ռեեստրն է, որի գործառնությունը ապահովում է վիճակագրության վարչությունը։ Այնուամենայնիվ, ըստ փոխնախարարի պարզաբանման, այս դեպքում «հաշվառումը կատարվում է հինգ օր ուշացումով, և որոշակի տարբերություն կա մահերի և հաշվառման ամսաթվի միջև»։
«Բնականաբար, մենք վերլուծություն ենք անում և փորձում ապահովել, որ հաշվետվության ամսաթվերը ճշգրտորեն համընկնեն մահերի ամսաթվերի հետ», – հավելել է նա:
Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ Վրաստանում համավարակի սկզբից ի վեր մահացել է 14 395 հիվանդ, որից 36-ը՝ վերջին 24 ժամում։ Ընդհանուր առմամբ, 3,7 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է վարակի 984 802 դեպք, ապաքինվել է 924 072 մարդ։
Նյութը՝ «Новости Грузия»-ից