Վրաստանի Ներքին տեղահանվածների և էկոմիգրանտների եկամուտների աղբյուրների ապահովման գործակալությունը գյուղական բնակավայրերում տներ կգնի այս կատեգորիայի 670 ընտանիքի համար։

Վրաստանում 2013 թվականից իրականացվող «Տուն գյուղում» ծրագրի շրջանակներում ՆՏԱ կարգավիճակ ունեցող անձինք սեփական բնակարան ձեռք կբերեն։

Ծրագրի համաձայն՝ ներքին տեղահանվածների ընտանիքն ինքն է ընտրում բնակելի տունը՝ ցանկացած շրջանի որևէ գյուղում, և պետությունը որոշակի գումար է հատկացնում դրա ձեռքբերման համար։ Գումարը կախված է ընտանիքի անդամների թվից։

Գործակալությունը նշում է, որ, հաշվի առնելով ներքին տեղահանվածների կարիքներն ու պահանջները, նախագծում իրականացվել են կարևոր փոփոխություններ։

Մասնավորապես, ավելանում է պետության կողմից երկարաժամկետ բնակարան ձեռք բերելու համար հատկացվող գումարը։

Փոփոխությունների համաձայն՝ ՆՏԱ-ի կարգավիճակ ունեցող մեկ անձի համար այսուհետ կհատկացվի 22 հազար լարի (7,1 հազար դոլար) և 3 հազար լարի (970 դոլար) ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ անդամի համար։

Օրինակ՝ յոթ հոգանոց ընտանիքի համար նախարարությունը տուն կգնի ոչ թե 32 հազար լարիով (10,4 հազար դոլար), ինչպես նախկինում էր, այլ 40 հազար լարիով (12,9 հազար դոլար):

Բացի այդ, փոխվում են այն ժամկետները, որի ընթացքում ընտանիքները պետք է կոնկրետ տվյալներ ներկայացնեն տուն գնելու վերաբերյալ՝ երեք ամսից մինչև վեց ամիս: Հարկավոր չէ նաև փորձագիտական եզրակացություն՝ բնակարանի արժեքի վերաբերյալ:

Փոփոխությունները վերաբերել են նաև այն ընտանիքներին, ովքեր բնակարանի են սպասում քաղաքներում և հաշվառման մեջ են։ Այժմ նրանք ստիպված չեն սպասել պետության կողմից առաջարկվող բազմաբնակարան շենքերի շինարարության ավարտին։ Նրանք կարող են ինքնուրույն գտնել անհրաժեշտ բնակելի տարածքը՝ Թբիլիսիում՝ 550 դոլար մեկ քառակուսի մետրի դիմաց, իսկ շրջաններում՝ 470 դոլար մեկ քառակուսի մետրի դիմաց։

Այսօր Վրաստանում ներքին տեղահանվածի կարգավիճակ ունի ավելի քան 273,4 հազար մարդ, դա մոտ 90 հազար ընտանիք է կազմում։ Պետությունն աստիճանաբար բնակարաններ է տրամադրում այս ընտանիքներին, սակայն նրանք տարիներ շարունակ պետք է սպասեն իրենց հերթին։