Նինոծմինդայում սկսել են քաղաքը զարդարել Նոր տարվան ընդառաջ և արդեն տոնածառը տեղադրում են Մշակույթի տան դիմաց։
Քաղաքի զարդարմամբ զբաղվում է անհատ ձեռներեց Արթուր Արզումանյանը, նրա խոսքով, քաղաքը զարդարելու համար բյուջեից կծախսվի 12000-ից 15000 լարի։ Նինոծմինդայի ամանորյա զարդարման գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 25-ը։ Նշենք, որ զարդարման համար տենդեր չի հայտարարվելու և յուրաքանչյուր կետի համար առանձին պայմանագիր կկնքվի։ Փողոցներում կհայտնվի նոր լուսավորություն և գունավոր լուսավառություն։
Ինչպես հաղորդում է «Ռադիո NOR»-ը, այս տարի Նինոծմինդայում, ինչպես և Ախալքալաքում, Մշակույթի տան բակում կանցկացվի տոնական տոնավաճառ։ Կլինի համերգ, հյուրասիրություն, Ձմեռ պապը երեխաներին նվերներ կբաժանի, միջոցառումը կավարտվի տոնական հրավառությամբ։ Կլինեն նաև տոնական տաղավարներ, որտեղ կվաճառվեն ձեռագործ աշխատանքներ, ոգելից խմիչքներ, այն ամենը, ինչ արտադրվում է տնային պայմաններում։ Տոնավաճառի անցկացման ստույգ օրը դեռևս հայտնի չէ։
Դեկտեմբերի 31-ին քաղաքապետարանի կողմից կկազմակերպվի երաժշտական ծրագիր։