Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, տեղի ունեցավ երեք՝ Ֆինանսաբյուջետային, Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի և Պլանավորման ու ենթակառուցվածքների տերիտորիալ-տարածքային հանձնաժողովների համատեղ նիստը։
Օրակարգում երկու հարց էր՝ 2021 թվականի բյուջեի փոփոխությունը և 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։
Նիստը բացեց Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը։ Նա շնորհավորեց բոլորին, մաղթելով արդյունավետ ու պատշաճ աշխատանք։
2021 թվականի բյուջեի փոփոխությունները պատգամավորներին է ներկայացրեց քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության պատասխանատու Կարեն Մերգելյանը։
Նիստին ուշացումով միացավ «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Շիրվան Շիրինյանը, նա քննարկման հարցերին ծանոթանալու նպատակով պահանջեց օրակարգը։
Ի պատասխան վերջինիս պահանջի Սեդա Մելքումյանն ասաց, որ իրենք օրակարգը բանավոր են բարձրաձայնել.
«Բանավոր ասել ենք, անհրաժեշտության դեպքում կտրամադրենք նաև գրավոր»,- ասաց Սեդա Մելքումյանը։
Գրավոր օրակարգ պատգամավորներին չէր բաժանվել.
«Օրակարգ տվեք, որ պատգամավորն իմանա, թե ինչի համար է եկել, ես էլ պետք է իմանամ, թե ինչու են ինձ կանչել։ Ես այն պետք է ստանայի մեկ օր առաջ, օրակարգին ծանոթանալու համար, չգիտեմ ուրիշներին գուցե չի հետաքրքրում, ես ուզում եմ նախապես իմանալ։ Ես չեմ ուզում, որ մեր միջև առաջին օրվանից կոնֆլիկտ սկսվի, մենք պետք է աշխատենք 4 տարի»,- ասաց Շիրվան Շիրինյանը։
Որոշ ժամանակ անց Շիրվան Շիրինյանին օրակարգը ներկայացրեցին վրացերենով, ինչն առաջացրեց նրա դժգոհությունը։ Նա խնդրեց, որ իր համար հայերեն թարգմանվեն բոլոր փաստաթղթերը, ներառյալ օրակարգն ու հանձնաժողովի կանոնակարգը։
Օրակարգում ընդգրկված հարցերը բուռն քննարկվեցին, պատգամավորները ենթակառուցվածքներին, մշակույթին առնչվող հարցեր հղեցին։ Նոր պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչպես կարող են իրենց ընտրողները խնդրել ենթակառուցվածքային կամ այլ աշխատանքներ կատարել իրենց բնակավայրերում:
Շիրվան Շիրնյանը նույնպես դեմ էր, որ երեք հանձնաժողովի նիստերը անցկացվում են համատեղ.
«Ես ուզում եմ, որ 2 հանձնաժողովները, որոնց ես մասնակցում եմ, առանձին-առանձին անցկացնեն իրենց աշխատանքները»։
Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ժամանակ քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության ներկայացուցիչ Կարեն Մերգելյանը ծանոթացրեց 2022 թվականի բյուջեի նախագծին։ Նա ընթերցեց մունիցիպալիտետի եկամուտները, ծախսերը:
Սոցփաթեթի հետ կապված պատգամավորների մոտ հարցեր առաջացան.
Սոցփաթեթում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկները, որով բյուջեի նախագիծը վերադարձվել էր քաղաքապետարան լրամշակման համար, հաշվի չէին առնվել։ Առաջարկները ներառում էին. բարձրագույն կրթության 50%-ոց ֆինանսավորում միայնակ ծնողների համար և մասնագիտական կրթությունը խրախուսելու նպատակով, 150-ական լարի պարգև Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնագիտական կուրսերի բոլոր գերազանցիկ ուսանողներին: Երեկ կրկին բյուջեի նախագիծը հետ ուղարկվեց այս առաջարկներն ընդգրկելու համար։ Առաջարկվեց նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրել տարեկան երկու անգամ։
Շոշափվեց նաև նախադպրոցական տարիքի երեխաներին Բուզավեթ գյուղից Կուլիկամ գյուղ տեղափոխելու հարցը։ Մինչ այժմ տեղափոխումն իրականացվում էր ծնողների հաշվին։ Պատգամավոր Սարգիս Ուզունյանն առաջարկեց Բուզավեթ գյուղը ներառել մյուս գյուղերի ցանկում, որտեղից երեխաները տեղափոխվում են պետության հաշվին։
Ինչին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը պատասխանեց, որ այս հարցն արդեն ներառված է։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Նելսոն Ալեքսանյանն առաջարկեց բյուջեում ներառել Նաբերերժնայա փողոցի վերջին հատվածի վերանորոգումը։
Պատգամավոր Համլետ Մովսիսյանն առաջարկեց գումար հատկացնել Տրկնա գյուղում ջրագիծ անցկացնելու և Բուղաշեն գյուղի ջրամատակարարման խնդիրը լուծելու համար։
Օրակարգի երկու հարցերն էլ երկու դեմ ձայնով, քննարկման համար, տեղափոխվեցին Բյուրոյի նիստ։
Երկու հարցերի դեպքում էլ դեմ քվեարկեցին «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորներ Շիրվան Շիրինյանն ու Արմեն Ունանյանը։