Ախալցխայի ժեշտավչիների փողոցում օր-օրի լռում է վարպետ Միշայի մուրճի հարվածները, թիթեղագործությունն այլևս հարգի աշխատանք չէ:

Ախալցխայի (Ախալցիխե) երբեմնի ժեշտավչիների փողոցում նախկինում տուն չի եղել, այս տարածքում են աշխատել մխչիները, նալբանդները, ժեշտավչիները և այլք: Հետագայում, տարիներ անց կամաց-կամաց արհեստանոցների փոխարեն տներ են կառուցել, սակայն մինչ օրս մարդիկ այն անվանում են՝ ժեշտավչիների փողոց:

Մկրտիչ Միսակի Չարկուկչյանը՝ Ախալցխայում հայտնի ժեշտավչի Միշան 85 տարեկան է, թիթեղագործությամբ սկսել է զբաղվել 18 տարեկանից: Նրա մոտ թիթեղագործության հանդեպ սերն առաջացել է մանկուց: Երկու տարի աշակերտել է վարպետ Օննիկի, Կարապետի և Պողոսի մոտ:

titexagorc6

Վարպետ Միշան 65 տարի է թիթեղագործությամբ է զբաղվել, բայց այսօր տարիքի և առողջական խնդիրների պատճառով իր գործը շարունակում է որդին:

«Ժամանակին բավականին հարգի աշխատանք էր, հիմա գործ չկա: Գազն եկավ երկաթե փեչերը շատացան, դրա համար մեր գործը կանգնեց: Այնքան գործ լինի, որ կարողանանք գոյություններս պահպանենք հերիք է: Այս արհեստը չի մեռնի: Մարդիկ ինչքան էլ զարգանան, մեկ է նորից գալու են հնին»,- ասաց նա:

titexagorc3

Հիմա վառարանի պատվեր գրեթե չի ստանում, ժամանակների հետ փոխվել են պատվերները, հնաոճ իրերը կամաց-կամաց իրենց դիրքերը զիջում են նորերին:
«Առաջ լվացարան էինք շինում, պոստան ջրիչ էինք շինում, հիմի այդպես բաներ չկա», – ավելացրեց տարեց թիթեղագործը:

titexagorc5

Չնայած նրան, որ վարպետ Միշան արդեն երկու տարի է սեփական արվեստանոց է գալիս նարդի և դոմինո խաղալու համար, միևնույն է չի դիմանում և ձեռքի հետ պարտադիր մի բան պատրաստում է:

«Ճիշտ է, շատ եմ հոգնել, նույնիսկ պահ է գալիս ինքս ինձնից հոգնում եմ, բայց էլի ամեն օր ինջնում եմ արհեստանոց, թեկուզ նստելու, խաղալու համար: Եթե մի օր ժեշտին ձեռք չեմ տալիս, գիտես թե օրս օր չէ», – ասաց թիթեղագործը:

titexagorc4

Ինչքան էլ ժամանակները փոխվում են, միևնույն է մարդիկ դեռ գալիս են Միշայի մոտ վարպետի ձեռքի աշխատանքը գնելու: Մեր խոսակցության ժամանակ արվեստանոց մտավ մի հաճախորդ, արագ վերցնելով իր պատվիրած թիթեղյա իրերը, մեզ տեսնելով վարպետին լուսանկարելիս ասաց.

«Արժանի մարդ է: Ոսկե ձեռքեր ունի, հասարակ ժեշտեն կարող է նույնիսկ մարդու համար շալվար ու սարոչկա (վերնաշապիկ) կարել, ես շատ լուրջ եմ ասում»,- ասաց պատվիրատուն ու շտապ հեռացավ, որպեսզի չխանգարի մեր խոսակցությանը:

Ժեշտավչի Միշայի արհեստանոցն առանձնանում է իր յուրահատուկ կոլորիտով: Թիթեղյա իրերի մեջ աչք է գրավում ամենուր, խնամքով փակցված լուսանկարները: Վարպետն ակնածանքով ցույց է տալիս Անդրանիկի, Դրոյի և այլոց լուսանկարները:

titexagorc

titexagorc1

titexagorc2

«Ես հըզ (սիրում եմ) կենեմ թոփ (հավաքել) եմ երել, առաջ շատ-շատ էր, վեվ եկավ, ուզեց, տվի, տարան, հիմի շատ քիչ մասն է մնացել»,- նշեց Միշա պապը:

Աղունիկ Այվազյան