Ախալքալաքի ռեֆերալ հոսպիտալ են տեղափոխել 4 մարդու՝ դանակահարությունից ստացած տարբեր աստիճանի վերքերով։ Միջին տարիքի տղամարդը Փոքր Սամսար գյուղում ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակով հարվածներ հասցրել նրա ընտանիքի անդամներին, այդ թվում՝ 8 ամսական երեխայի:
Ախալքալաքի հիվանդանոցից ստացած տեղեկատվության համաձայն՝ երեխան, միջին տարիքի տղամարդը և կինը (ենթադրաբար դանակահարողի նախկին կնոջ հայրը եղբոր կինը և նրանց երեխան) ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ երկրորդ կինը (ենթադրաբար՝ կնոջ մայրը) արյան զգալի կորուստ է ունեցել և գտնվում է շոկային վիճակում։
Դանակահարության դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո Փոքր Սամսար գյուղում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը վերջերս եղել է բանտում, պատիժ է կրել ընտանեկան բռնության մեղադրանքով։ Նրա կինը վերադարձել է ծնողական տուն։
Այսօր, երեկոյան 40-ն անց տղամարդը մտել է նախկին կնոջ տուն, դանակով հարվածել կնոջ հարազատներին ու փախել, թաքնվելով գյուղում։
Ոստիկանության աշխատակիցները նրան փնտրում են Փոքր Սամսար գյուղում։ Պաշտոնական տեղեկություն ՆԳՆ-ից Jnews-ն առայժմ չի ստացել։