Վրաստանում առաջին ստորգետնյա գազամբարը նախատեսվում է սկսել 2022 թվականին Գարդաբանիում (Քվեմո-Քարթլիի շրջան): Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Դավիթ Թվալաբեիշվիլին։
Ստորգետնյա գազամբարի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 250 մլն եվրո, ֆինանսավորումը կիրականացվի Վրաստանի Նավթի և գազի կորպորացիայի և միջազգային ֆինանսական կառույցների կողմից հատկացված միջոցների հաշվին։
«Նախորդ տարիներին ֆինանսական կառույցների կողմից ստորգետնյա գազամբարի կառուցման համար հատկացված միջոցները համավարակի պատճառով ուղղվել էին այլ ոլորտներին։ Բայց դա չի նշանակում, որ նախագիծը դադարեցվել է և չի իրականացվելու։Ծրագրվում է առաջին փուլը սկսել հաջորդ տարի»,- ասել է Թվալաբեիշվիլին։
Արդեն պատրաստվել են նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը և հատուկ օրենսդրության նախագիծը։
Առաջին փուլը կիրականացվի Գերմանիայի վերակառուցման վարկային բանկի (KfW) մասնակցությամբ։
Էկոնոմիկայի նախարարությունը նախագծի ֆինանսավորման շուրջ բանակցություններ է վարում մասնավոր այլ խմբերի հետ։ Իր հերթին, ԲԲԸ «Վրաստանի նավթի և գազի կորպորացիան» Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ քննարկում է լրացուցիչ 100 մլն ԱՄՆ դոլար ներգրավելու հարցը։
300 միլիոն խորանարդ մետր տարողությամբ գազամբարի կառուցման մասին Վրաստանում խոսվում է դեռևս 90-ականներից։ Նախագիծը նոր կյանք ստացավ, երբ կառավարությունը հայտարարեց գազապահեստարանի կառուցման տենդերը։ Շինարարությունը պետք է ավարտվեր մինչև 2022 թվականը, սակայն իրականացման բարդության պատճառով ժամկետները հետաձգվեցին մինչև 2024 թվականը։
Վրաստանը ներկայումս միակ երկիրն է Անդրկովկասում, որը չունի սեփական ստորգետնյա գազամբար: Վրաստանում գազամատակարարումն իրականացվում է բացառապես ներմուծման միջոցով։
Վրաստանի համար Ադրբեջանը հանդիսանում է գազի հիմնական մատակարարը։