Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ախալքալաքի Հանրային Առողջապահության Կենտրոնում (ՀԱԿ) հայտնաբերվել է կորոնավիրուսի 20 դեպք։ Նոյեմբերի 30-ին Ախալքալաքում հայտնաբերվել է 21 դեպք։ Կորոնավիրուսով հիվանդացությունը շրջանում շարունակում է մնալ բարձր։
Ախալքալաքի Հանրային Առողջապահության Կենտրոնում երեկ՝ դեկտեմբերի 1-ին, կատարվել է 407 թեստ, որից 368-ը՝ անտիգենի, 39-ը՝ PCR թեստ, արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 20 դեպք։ Նոյեմբերի 30-ին, Ախալքալաքի Առողջապահության Կենտրոնում 41 PCR թեստավորումից հետո հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 դեպք։ Սակայն ընդհանուր առմամբ Ախալքալաքում, ըստ տարբեր լաբորատորիաների արդյունքների, հայտնաբերվել է 21 դեպք։
Ըստ Ախալքալաքի Առողջապահության Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանի, երեկ թեստ հանձնողների թիվն ավելացել էր։
«Կարծում եմ, որ ՀԱԿ- ում թեստ հանձնողների թիվը շատացել է «կանաչ անձնագրեր» ստանալու համար։ Նախկինում բոլորը թաքցնում էին իրենց հիվանդացությունը, չէին խոսում ու չէին գալիս ստուգվելու»,- ասում է Սիրանուշ Տոնականյանը։
Նրա խոսքով, այսօրվանից Բուռնաշեթ գյուղի դպրոցը կանցնի առցանց ուսման ռեժիմի։ Գյուղում, երեկ, դպրոցի տնօրենի խնդրանքով ամբողջ ուսուցչական կազմն ու աշակերտները թեստավորվել են, արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 դեպք՝ մեկը ուսուցչուհու մոտ, մնացածը՝ աշակերտների։
Ախալքալաքի քաղաքապետարանում մոտ 600 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։