Omicron կորոնավիրուսային շտամով վարակվելու դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Իտալիայում։ Տեղեկությունը տարածում է Reuters գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի խոսքով՝ երկրում հայտնաբերվել է վարակի երկու դեպք, և երկուսն էլ կապված են Հարավային Աֆրիկայի հետ։ Երկու դեպք գրանցվել է նաև Գերմանիայում, մասնավորապես՝ Բավարիայում։
Ինչ վերաբերում է Իտալիային, ապա, ըստ Իտալիայի Առողջապահության ինստիտուտի, օմիկրոնի շտամը գրանցվել է Մոզամբիկից ժամանած մեկ մարդու մոտ:
Հիշեցնենք, որ Եվրոպայում Օմիկրոն վարակի առաջին դեպքը գրանցվել է Բելգիայում։
ԱՀԿ-ի տվյալներով՝ առաջին անգամ B.1.1.529 շտամը, որը կոչվում է Օmicron, հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում 2021 թվականի նոյեմբերի 24-ին: ԱՀԿ-ն որակավորել է շտամը որպես «անհանգստացնող տարբերակ»: Նշվում է, որ այս շտամն ունի «մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը մտահոգիչ են»։ Նոր շտամի տարածումը կանխելու համար մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ճապոնիան, Իտալիան, Չեխիան և Գերմանիան, որոշել են սահմանափակել օդային հաղորդակցությունը հարավաֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ: