Վրաստանում ապրող ազգությամբ հայ փոքրամասնության ներկայացուցիչներից ոմանց մոտ չնայած տարբեր ծրագրերի առկայությանը, դեռ մնում է վրազ լեզվի դեռ չհաղթահարված բարիերը և դրանից բխող խնդիրները: Jnews-ը հետևել է, թե ինչպիսին է այս խնդիրը տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների շրջանում
Ապրելով Վրաստանի հայաբնակ շրջանում, շատ հաճախ հասարակության որոշ անդամներ բախվում են տարբեր խնդիրների, դրանցից մեկը պետական լեզվին ոչ լիարժեք տիրապետելը և դրանից բխող բազում խնդիրները, որոնց կարելի է հանդիպել և առօրյա կյանքում, և կրթության ոլորտում և տարբեր ծառայություններից օգտվելու ժամանակ:
Հասարակության ոչ բոլոր անդամներն են, որ համակերպվում են այդ խնդիրների առկայության հետ, շատերը պայքարում են դրանց դեմ, որոշները փորձում են լուծում գտնել, իսկ ոմանք էլ «լողում են հոսանքին հակառակ»: Ապրելով Վրաստանում, շատ երիտասարդներ որոշում են կայացնում կրթություն ստանալ և մասնագիտանալ վրացական բարձրագույն ուսումնական հաստատություններում, մինչդեռ մի քանի տարի առաջ Ջավախքից երիտասարդների մեծ մասը նախընտրում էին գնալ Հայաստան ուսման նպատակով:
Սարգիս Ունանյանը սովորել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, սկզբնական շրջանում լեզվական շատ բարդություններ չի ունեցել, քանի որ դպրոցական տարիքում, 6-9 երրորդ դասարաններում սովորել է վրացական դպրոցում:
«Իմ ընկերական շրջապատում միշտ զգացել եմ ձգտվածություն, լեզվին ոչ լիարժեք տիրապետելը չի խանգարել վրացիներին հավասար, նույնիսկ, երբեմն ավելի լավ սովորել և դառնալ լավ մասնագետ: Իհարկե, դա տքնաջան աշխատանքի շնորհիվ է միայն հնարավոր, օրինակ վրացի ուսանողը, եթե իր ժամանակը տրամադրում է միայն թեման սովորելուն, ապա հայերիս դեպքում նախ պետք է լիարժեք հասկանանք, ապա՝ սովորենք այն, իսկ դա բավականին շատ աշխատանք է պահանջում»,- ասում է Սարգիսը:
Սարգիսի կարծիքով, հիմա դպրոցներում բավականին որակյալ մակարդակով են ուսուցանում պետական լեզուն, քան՝ նախկինում էր: Ըստ այդմ էլ նոր սերունդն ավելի լավ է տիրապետում պետական լեզվին:
Ավելի ավագ սերնդի դեպքում լեզվի իմացության խնդիրը շատ ավելի խորն է: 56 տարեկան Աշոտը (անունը հատուկ փոխված է իր խնդրանքով) ապրում է Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկում, հաճախել է գյուղի միջնակարգ դպրոց, բարձրագույն կրթություն չի ստացել:
«Երբ դպրոցական էի, այդ ժամանակ վրացերենին այդքան էլ ուշադրություն չէին դարձնում, շաբաթական մեկ դաս ունեինք, դա էլ ավելի շատ ժամանցի էր նման, այդ պայմաններում անհնար էր լեզու սովորել, և ով կմտածեր, որ կգա ժամանակ և այսքան անհրաժեշտ կլինի վրացերենի իմացությունը», – ասում է նա:
Լեզվի չիմացության պատճառով նա բախվել է շատ խնդիրների:
«Մի անգամ փաստաթղթերի հետ կապված դիմեցի աշխատողներից մեկին, ով ազգությամբ վրացի էր և չէր հասկանում ոչ հայերեն, ոչ ռուսերեն, ես էլ վրացերենով չէի կարողանում բացատրել ինչ եմ ուզում, մի խոսքով իրար չհասկացանք: Նա սկսեց բարձր տոնով խոսել, ագրեսիվ պահվածք ցուցաբերել, բայց դա առաջին անգամը չէր, այդպիսի դեպք եղել էր նաև Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Այդպես է ստացվել, մեր ժամանակ վրացերենին ուշադրություն դարձնող չկար», – ասում է Աշոտը:
Ի տարբերություն այն սերնդին, որը չուներ հնարավորություն սովորելու լեզուն, հիմա դպրոցներում և դրանցից դուրս հնարավոր է սովորել և կիրառել լեզվի իմացությունը: Օրջա գյուղից Տաթև Խոցանյանը, որը սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, շատ է կարևորում պետական լեզվի իմացությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է այն փաստը, որ մայրենին ավելի է կարևորում և նրա կարծիքով նախ պետք է ուսումնասիրել մայրենին և այդ հիմքի վրա սովորել օտար լեզուներ։
«Իհարկե, կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու համար սովորել վրաց լեզուն, առավել ևս, եթե մեր ապագան տեսնում ենք այս երկրում: Վրաց լեզուն սովորել եմ դպրոցում, բայց իմ կարծիքով, ոչ մի առարկա հնարավոր չէ սովորել բավարարվելով դասագրքերով և դպրոցի դասերով, ըստ այդմ հաճախել եմ տարբեր ուսուցողական դասընթացների և զբաղվել ինքնակրթությամբ»,- ասում է Տաթևը:
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Ժաննա Խաչատուրյանը, որը երկար տարիներ է ինչ աշխատում է լեզվական շփումների գործնական միջավայրում՝ նշում է, որ պետական լեզվի իմացության խնդիրը խոչընդոտում է էթնիկ փոքրամասնությունների սոցիալական և քաղաքական ինտեգրմանը: Ընդգծում է, որ ընդհանուր պատկերն այնքան էլ բարենպաստ չէ։ Սակայն եթե համեմատենք այսօրվա իրավիճակը 10-15 տարի առաջվա հետ, իհարկե, այն դրական է փոխվել, բայց ոչ, բավարար։
«Նախ հիշենք, թե ինչի միջով անցավ Վրաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո և ինչ երկընտրանքի առաջ կանգնեց երկիրը։ Չնայած Վրաստանի Սահմանադրության պահանջի համաձայն, որ Վրաստանում պետական լեզուն վրացերենն է, միևնույն է այն վայրերում, որտեղ ապրում են էթնիկ խմբեր, շփման լեզուն կա՛մ ռուսերենն է, կա՛մ էթնիկ խմբի լեզուն, բացառություն չեն նաև դպրոցները։ Համապատասխանաբար, խնդիր է առաջանում, բնակչությունը օրինականորեն Վրաստանի քաղաքացի է, բայց մտավոր մենթալիտետը չի փոխվում», – ասում է բանասիրական գիտությունների դոկտորը:
Տարիներ շարունակ Վրաստանը փորձում է հնարավորինս արագ դուրս բերել ոչ վրացալեզու բնակչությանը այս մեկուսացումից, սակայն գործընթացը ձգձգվում է: Ժաննա Խաչատուրյանը հետազոտությունն է իրականացրել Ախալքալաքի և Նինոծմինդայի հանրակրթական դպրոցների, քաղաքացիական դաստիարակության ուսուցիչների հետ կոնկրետ նպատակով՝ ինչո՞ւ նրանք պետական լեզվին պատշաճ չեն տիրապետում, անկախ պետության կողմից ծախսվող նյութական կամ մարդկային ռեսուրսներից։
Հետազոտությունը ցույց է տվել մի քանի խնդիրներ, դրանք են՝
1. Ոչ վրացախոս բնակչության վրացերենը սովորելու ցածր մոտիվացիան:
2. Պետական կամքի թուլությունը:
3. Պետության կողմից վրացերենը, որպես «երկրորդ լեզու» որակելը ոչ վրացախոս քաղաքացիների համար, այդպիսով՝ նվազեցնելով այս բնակչության մոտիվացիան:
4. Վրաց լեզվի դասավանդման դասագրքերի և ուսուցիչների ցածր որակավորումը:
5. Վրացերենի ուսուցման մեթոդների անկատարությունը:
Ժաննա Խաչատուրյանի մանկավարժական պրակտիկան բազմազան է, հետևաբար աշխատել է տարբեր տարիքի և կարողությունների մարդկանց հետ։ Դժվարանում է ասել, թե ով է ավելի լավ տիրապետում լեզվին, բայց պարզ է, որ երիտասարդ սերունդն ավելի լավ է հասկանում պետական լեզուն սովորելու կարևորությունը։ Նրանք գիտակցում են, որ լեզվի չիմացության պատճառով հայտնվում են լիակատար լեզվական մեկուսացման մեջ, ինչը խանգարում է նրանց անհատական զարգացմանն ու ինտեգրմանը ընդհանուրի մեջ։
Ջավախքում խնդիրները շատ են, բայց պետական լեզվի չիմացության խնդիրը լուծելը մեր բնակչությանը լեզվական մեկուսացումից դուրս բերելու առաջին և կարևոր քայլն է։
Լիդա Ալմասյան