Ախալքալաքի մունիցիպալիտետում 2021 թվականի սկզբից մինչև նոյեմբերի 10-ը Ախալքալաքի քաղաքապետարանի պետական գնումների բաժինը իրականացրել է 7 434 100 լարի ընդհանուր արժողությամբ 99 տարբեր գնումներ։ Տենդերներային գործարքներից տնտեսվել է 644 053,32 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 10 ոչ լրիվ ամիսների ընթացքում, ապրանքների գնման, միջոցառումներ և ենթակառուցվածքային աշխատանքներ իրականացնելու նպատակով հայտարարվել է 99 տենդեր է։ Դրանցից 74-ը կայացել է, իսկ 25-ը տարբեր պատճառներով կամ չեղարկվել է, կամ չի կայացել։
2010 թվականից մունիցիպալիտետում բոլոր պետական գնումներն ու աշխատանքներն անցկացվում են տենդերների միջոցով։
Անցկացված 74 տենդերներից սակարկությունների արդյունքում 11-ի դեպքում գնումների գումարները չեն կրճատվել։ Մասնավորապես, նախնական գումարը չի կրճատվել Կարտիկամ գյուղի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների, մարզիկների տրանսպորտային ծախսերի, տարբեր միջոցառումների, ինժեներական ծախսերի, աշակերտների և մանկապարտեզի սաների տեղափոխման, ռադիոյով և հեռուստատեսությամբ քաղաքապետարանի աշխատանքը լուսաբանելու, թափառող շներին բռնելու տենդերների դեպքում:
Կան աշխատանքներ, որոնց համար տենդերների գումարը կրճատվել է կիսով չափ և ավելի։ Եթե ընկերությունն առաջարկում է աշխատանքներ իրականացնել սկզբնական առաջարկի 20%-ից էժան, ապա նա պետք է փորձագիտական եզրակացություն ներկայացնի այդ աշխատանքն իրականացնելու իր հնարավորությունների մասին։
Ինժեներական աշխատանքների տենդերը նախնական 45000 լարիից կրճատվել է մինչև 7770 լարի, այսինքն՝ գումարը կրճատվել է մոտ 82,7%-ով։
ՕԳԾ-ի («Օգնություն գյուղին ծրագիր») երեք աշխատանքների՝ Վարևան գյուղի արհեստական լճի վերականգնման, Օրջա գյուղի ոռոգման ջրագծերի և կամրջի վերականգնման, Արագվա գյուղի ոռոգման ջրագծերի մաքրման տենդերը կրճատվել է 25%-ով։ ՕԳԾ-ի շրջանակներում՝ Ազավրեթ, Աբուլ, Մուրջախեթ, Գոման գյուղերի ջրագծերի վերականգնման աշխատանքների տենդերը նույնպես նվազել է 20%-ով։
Բարալեթ գյուղի ակումբի վերականգնման նախագիծ կազմելու տենդերի գումարը իջեցվել է 50%-ով։
Տենդերների ընթացքում տնտեսված գումարն այս տարի (մինչև հոկտեմբերի 10-ը) կազմում է 644 053,32 լարի, տենդերների ընդհանուր գումարի 8,9%-ը։ Այդ միջոցները հիմնականում ուղղվում են այլ ենթակառուցվածքային աշխատանքների համար։