Քաղաքապետարանում կլինեն զանգվածային կրճատումներ, ինչպես է նոր քաղաքապետը փորձելու շտկել ենթակառուցվածքային ծրագրերում առկա խնդիրները, ինչպիսին է նրա մոտեցումը մշակույթի նկատմամբ, աջակցում է Մաշտոցի հուշարձանի տեղափոխմանը քաղաքի կենտրոն և շատ այլ կարևոր բաների մասին Jnews-ը խոսել է մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ։
Ինչպիսին է Ձեր կադրային քաղաքականությունը, կադրային փոփոխություններ սպասենք քաղաքապետարանի, մունիցիպալ կազմակերպությունների աշխատակիցների շրջանում։
Արդեն մեկ շաբաթ է ընդունել եմ Ախալքալաքի քաղաքապետի լիազորությունները, հոկտեմբերի 27-ից։ Ինչու ոչ, անհնարին ոչինչ չկա, աշխատելու ենք ու գտնելու ենք լավ, ճիշտ կադրեր։ Եթե կան մարդիկ, ովքեր չեն կարող մեզ հետ աշխատել, եթե կամենում ենք, որ աշխատանքն ուղղված լինի բնակչության, մեր ժողովրդի, մեր մունիցիպալիտետի վաղվա զարգացմանը, հնարավոր են նաև կադրային փոփոխություններ։ Մենք ընտրելու ենք այնպիսի կադրեր, կոնկրետ մասնագետների, ովքեր լավ են տիրապետում իրենց գործին։ Այդ դեպքում մարդկանց հետ աշխատելն ավելի հեշտ և արդյունավետ կլինի։
Փոփոխություններ չեն եղել, բայց սպասվում են: Դեռ ոչ ոք չի հեռացվել իր աշխատանքից։ Տեղական ինքնակառավարման օրենքի Համաձայն, նոր քաղաքապետը, ընդունելով իր լիազորությունները, դադարեցնում է առաջին և երկրորդ տեղակալների լիազորությունները։ Լիազորություններն ընդունելուց հետո քաղաքապետը կարող է կամ աշխատել այդ մարդկանց հետ, կամ ոչ։ Դեռ ժամանակ կա, քննարկումներ են գնում, կոնկրետ ոչ ոք ազատված չի, պարզապես հրամանները դեռ ստորագրված չեն։
Մունիցիպալիտետի ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ժամանակ տարբեր փուլերում (նախագծում, իրականացում, վերահսկում…) խնդիրներ են առաջանում, ինչը նվազեցնում է արդյունավետությունը։ Ինչ եք նախատեսում անել նման խնդիրներից խուսափելու համար:
Թերություններ եղել են: Ես ընդգծեցի, որ լավ մասնագետների կարիք ունենք, ինչ-որ չափով դա պայմանավորված է մասնագետների աշխատանքով, լավ մասնագետների պակասի հետ, ունենք մասնագետի պակաս, այն լրացնելու դեպքում, վստահեցնում եմ, որ ծառայությունները նորմալ աշխատանք կունենան, և իմ անմիջական ներգրավվածությունը կլինի ցանկացած ենթակառուցվածքային աշխատանքի իրականացման մեջ։ Մրցույթից հետո անպայման պետք է վերահսկել, որ գումարը ծախսվի իր նպատակին։ Մենք չենք կարող նախագիծ ընդունել, եթե աշխատանքը կիսատ է։ Եթե կիսատ էլ է, մենք պետք է այնպես անենք, որ այն ավարտենք փուլ առ փուլ: Մենք մեծ բյուջե չունենք սկսելու ու ավարտելու, եթե մեր ունեցած ամբողջ գումարը հատկացնենք մեկ նախագծի համար, նշանակում է, որ այդ տարին այլ բան չենք կարող անել։ Ես ծանոթ եմ այս բոլոր խնդիրներին, մենք Սակրեբուլոյում միշտ քննադատել ենք ոչ ճիշտ կազմված նախագծերը։
Ինչպես եք վերաբերվում քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի խնդրին, որոնք վերականգնման կարիք ունեն։ Չէ որ փողոցները հաճախ են ասֆալտապատվում, իսկ հետո անընդհատ ջրամատակարարման վթարների ու ջրագծում խցանումների պատճառով հարկ է լինում կրկին ասֆալտապատել։
Եթե նույնիսկ ցանկանայինք, ամբողջ համակարգը նույնիսկ չորս տարում չէինք կարող փոխել, սա լուրջ միջոցներ է պահանջում։ Եթե ասֆալտապատում ենք նախատեսում, պետք է սկսենք առաջնահերթ աշխատանքներից, մինչև կոյուղու և ջրամատակարարման համակարգը չփոխվի, ասֆալտապատումը չի սկսվի, ես Ձեզ խոստանում եմ։
Ինչպիսին է Ձեր մոտեցումը մշակութային ծառայությանը, ինչին եք ուշադրություն դարձնելու, փոփոխություններ կլինեն։
Աշխատանքի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։ Ես իմ աշխատակիցներին կասեմ, որ ոչ թե գալու են միայն աշխատավարձ ստանալու, այլ կոնկրետ աշխատելու։ Իսկ եթե ասեմ, որ մեկ շաբաթում, մեկ ամսից այս հարցը կլուծեմ, ճիշտ չի լինի։ Աշխատանքը տեսանելի կլինի ողջ տարվա ընթացքում։ Համավարակը սառեցրեց մեր մշակութային կյանքը: Մենք մշակութային ու մարզական շատ միջոցառումներ չենք անցկացրել։
Ինչ մոտեցում Դուք ունեք քաղաքի կենտրոնի վերականգնման առումով, և կոնկրետ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը ներկա տեղից այլ վայր տեղափոխելու հարցի շուրջ։
Կոնկրետ ես նման հրաման չեմ տեսել, նախագիծն էլ պատրաստ չէ, դրանք խոսակցություններ են, մենք չգիտենք հուշարձանը տեղափոխվում է, թե ոչ, եթե նույնիսկ տեղափոխեն, ամեն ինչ կլինի համապատասխան նորմերի մեջ, հուշարձանը անկյունում է մնացել, թե կենտրոնում, ոչ մի բան չի փոխում։
Սոցփաթեթում փոփոխություն նախատեսվում է, թե ոչ։
Բյուջեն մենք դեռ չենք քննարկել, ամեն ինչ կախված է մեր ունեցած միջոցներից։
Վերջերս Դուք հանդիպեցիք երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչ հարցեր էին քննարկվել հանդիպմանը։
Բազմաթիվ հարցեր են քննարկվել, ամենակարեւորը, շրջանի բոլոր քաղաքապետերը, ովքեր այնտեղ էին, լիցքավորվեցին դրական էներգիայով։ Ես տպավորված էի և սպասում եմ ավելի կոնկրետ աշխատանքների: Նրա անմիջական խոսքն այն էր, որ յուրաքանչյուր քաղաքապետ ընտրվել է աշխատելու համար, և եթե իր աշխատանքի տարիների ընթացքում նա տեսնում է կոնկրետ խնդիրներ, որոնք մտահոգում են բնակչությանը, ապա մենք իրավունք ունենք ուղիղ կապ հաստատել նրա հետ, որպեսզի բնակչության խնդիրները արագ և ճիշտ լուծվեն։
Իր հերթին յուրաքանչյուր քաղաքապետ ներկայացրեց իր շրջանի խնդիրները։ Հուսանք, առայժմ չեմ ուզում բացել փակագծերը, այս հարցերը դրական պատասխան կստանան։ Սրանք կոնկրետ խնդիրներ են, որոնք անհանգստացնում են մեր բնակչությանը։