Ախալքալաքում ռեստորանային բիզնեսն այնքան էլ զարգացած չէր՝ բացի մեծ տոնակատարումներից ու խրախճանքներից, քչերն էին հենց այնպես՝ ընտանիքներով, առանց որևէ առիթի ռեստորաններ հաճախում։ Համավարակից հետո և խոշոր միջոցառումների նկատմամբ արգելք մտցնելուց հետո ռեստորաններ հաճախելիությունն ընդհանրապես է նվազել։ Որոշ սեփականատերեր որոշել են փակել իրենց բիզնեսը, իսկ ոմանք էլ նոր ծառայություններ են ներկայացրել՝ այս դժվարին ժամանակներում գոյատևելու համար:
Ախալքալաքի որոշ բնակիչներ ափսոսանքով նշում են, որ համավարակի պատճառով ամբողջությամբ դադարեցրել են ռեստորաններ այցելել։ Նրանք ռեստորաններում հավաքվում էին միայն առիթների դեպքում, այդ առիթները նախկինում շատ էին կամ այդ առիթը գտնում էին։
«Իմ այցելությունները ռեստորան նվազել են 99%-ով, նախկինում ցանկացած փոքրիկ առիթ վերածվում էր խնջույքի, և դա շատ հաճելի էր: Հիմա մենք վախենում ենք իրար տեսնել, ոմանք տանը մեծահասակներ ունեն, ոմանք կարանտինում են և այդպես շարունակ։ Վերջին անգամ ես ամռանն եմ եղել ռեստորանում, դա էլ միայն բաց տարածությունում», – ասում է Ախալքալաքի բնակիչը։
Այս պայմաններում ռեստորանները մեծ վնասներ են կրում։ Ամսական 1-2 այցելուի պատճառով գործում է ամբողջ տարածքը և աշխատողները, որոնց աշխատավարձ է հարկավոր վճարել։ Այդ պատճառով որոշ ռեստորանատերեր որոշել են փակել դրանք։ Չնայած այն հանգամանքին, որ թույլատրվում է ռեստորաններ այցելել 5-10 հոգանոց խմբերով (5 հոգի մեկ սեղանի շուրջ և ոչ ավելի, քան 10 հոգի միջոցառման դեպքում), Ախալքալաքի ռեստորաններում ակտիվություն միևնույն է չկա։
«Պանդեմիայից հետո ռեստորանն ընդհանրապես չաշխատեց, մենք ուզում ենք մոտ ապագայում մեր սրահը վերածել հյուրանոցային համարների, քանի որ ռեստորանը չի աշխատում, ոչ ծննդյան օրեր, ոչ հարսանիք չի կարելի անցկացնել, երբեմն միայն համարների բնակիչներն են իջնում, ռեստորանում շատ քիչ են լինում սովորական այցելուները: Իմաստ չկա, որ ռեստորանն աշխատի: Ռեստորանի աշխատակիցներին մենք վճարում ենք հյուրանոցի շահույթի հաշվին»,- մեկնաբանեց «Գրանդ Մուր» ռեստորանի սեփականատեր Հովհաննես Մուրադյանը։
Ախալքալաքի ռեստորանները մեծ մասամբ չէին կարող անցնել առաքման (բացառությամբ մասնագիտացված բիստրոների), քանի որ դա նույնպես ձեռնտու չէր ձեռնարկատիրոջ համար: Վերջինս պետք է ռեստորան բացեր, տարածքները ջեռուցեր և աշխատակիցներին վճարեր ընդամենը մի քանի պատվերի համար:
«Իհարկե, այցելուների թիվը շատ է պակասել։ Փոքր միջոցառումների առկայությունը նույնպես չի փոխհատուցում հաճախորդների բացակայությունը: Ո՞վ է գնալու ռեստորան 5-6 հոգով։ Մեզ նույնպես ձեռնտու չէ սպասարկել նրանց համար ամբողջ ռեստորանը: Եթե ամռանը 1 կամ 2 միջոցառումը ծածկում էր աշխատողների գոնե աշխատավարձը, ապա ձմռանը ջեռուցումն է ավելանում, այս գումարն այլևս չի բավարարում»,- ասում է «Ալե» ռեստորանի սեփականատերը։
Սեփականատերը հույս ունի, որ կարտոֆիլի բերքահավաքից հետո այցելուների թիվը, թեկուզ աննշան, բայց կավելանա։
Հիմա, քանի դեռ ակտիվությունը նույնն է, մարդիկ պետք է կարտոֆիլը հավաքեն, որ հետո միայն տուն վերադառնան, և այդժամ, հնարավոր է, այցելուների թիվն ավելանա։ Օրինակ՝ այն օրերին, երբ անձրեւ է տեղում, քաղաքում մարդկանց թիվն ավելանում է։ Գյուղերից սովորական մարդիկ գալիս են, ընկերներով հավաքվում»,- ասում է «Ալե» ռեստորանի սեփականատերը։