Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվտանգությունը Գլդանիի բանտի հիվանդանոցում հնարավոր չէ ապահովել։ Այս մասին հայտարարել է բանտարկված քաղաքական գործչի շահերը ներկայացնող ամերիկացի փաստաբան Ջոն Սենդվիջը։
43 օր առաջ հացադուլ հայտարարած Սաակաշվիլին հոկտեմբերի 8-ին Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխվել է Թբիլիսիի Գլդանիի բանտային հիվանդանոց։ Անձամբ բանտարկյալը դրան դեմ էր։ Մասնագետները բազմիցս նշել են, որ բանտային հիվանդանոցում անհնար է Սաակաշվիլիին պահանջվող մի շարք պրոցեդուրաներ և հետազոտություններ իրականացնել։ Փաստաբանները խոսել են անվտանգության ռիսկերի մասին՝ մատնանշելով, որ Գլդանիում պատիժ են կրում Սաակաշվիլիի իշխանավարության տարիներին դատապարտված բանտարկյալները։
«Առաջին հերթին, սա իսկապես անհարիր հիմնարկ է նախկին նախագահի համար։ Սակայն, չնայած ամեն ինչին, նա շատ առույգ է։ Այս հաստատությունում նրա անվտանգությունը չի կարող պաշտպանվել, և չկան համապատասխան բժշկական միջոցներ, եթե նրա վիճակը վատթարանա»,- լրագրողներին հայտարարել է Սենդվիջը։
Փաստաբանի խոսքով՝ ինքն արդեն ծանոթացել է Վրաստանի երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին։
«Կարող եմ ասել, որ Ամերիկայում նման մեղադրանքներ չեք տեսնի։ Կարծում եմ, որ այն, ինչում նա մեղադրվում է, չի համարվի քրեական հանցագործություն՝ ըստ ամերիկյան կամ միջազգային իրավունքի։ Սակայն այս պահին առաջին հերթին պետք է մտածենք նրա առողջության և անվտանգության մասին»,- ընդգծել է փաստաբանը։
Միխեիլ Սաակաշվիլին ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գաղտնի կերպով վերադարձել էր Վրաստան։ 2012-ի իշխանափոխությունից հետո նախկին նախագահի դեմ նրա հայրենիքում՝ Վրաստանում, մի քանի քրեական գործեր են հարուցվել, որոնք ինքը՝ Սահակաշվիլին քաղաքականորեն մոտիվացված է համարում։ Կալանավորման օրվանից՝ հոկտեմբերի 1-ից, նա շարունակում է իր հայտարարած հացադուլը՝ ի նշան բողոքի։