Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզում կատարվեց կադրային փոփոխություն. աշխատանքից ազատվեցին թոշակառու տնօրենը, հաշվապահն ու մի մանկավարժ: Նոր մենեջեր է նշանակվել Սեդա Մելքումյանը:

Ախալքալաքի Շրջանային վարչությունը իրականացնում է մանկապարտեզների վերակազմավորում, համապատասխան որի բոլոր մանկապարտեզները միավորվում են մեկ միավորման մեջ՝ մեկ տնօրենով և մեկ հաշվապահով:

Հունիսի 27-ին Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզում տեղի ունեցավ կադրերի փոփոխության արարողություն։ Մարգարիտա Գալստյանին՝ ով 42 տարի տնօրինել է այդ մանկապարտեզը փոխարինեց մանկավարժ և հասարակական գործիչ Սեդա Մելքումյանը։

Տարիքի պատճառով աշխատանքից հեռացվեցին նաև Էմմա Էլոյանը և Վիոլետա Սերոբյանը։

Շրջանի ղեկավարությունը երկար տարիների աշխատանքի համար մանկավարժներին պարգևատրեց շնորհակալագրերով և ծաղիկներով։

«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այն աշխատողներին, ովքեր իհարկե տարիքի պատճառով անցնում են թոշակի։ Երկար տարիներ աշխատելուց հետո շատ դժվար է գնալ հանգստի, բայց առավել դժվար է, երբ երիտասարդ մասնագետը առավոտյան արթնանում է, և չգիտի ինչպես կազմակերպի օրը, այսինքն ամեն տեղ էլ հարկավոր է կադրերի փոփոխություն», – ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:

Արարողությունը անցավ բավականին հուզական միջավայրում: Մանկապարտեզի աշխատակազմը, չնայած մեծ սիրով ընդունեց նոր տնօրենին, այնուամենայնիվ Մարգարիտա Գալստյանի հեռանալու փաստը տխրեցրել էր բոլորին։

Նախկին տնօրենը հրաժեշտի խոսքում նշեց, որ չնայած շատ էր բարկացել անսպասելի թոշակի գնալու որոշման համար, բայց այնուամենայնիվ հանգիստ խղճով է հեռանում։
«Ես ունեմ հիանալի աշխատակազմ և հիանալի ծնողներ, միայն մի բան, եթե ասեն «Մարգոի մանկապարտեզ» խնդրում եմ չնեղվեք», – դիմելով նորընտիր մենեջերին, – ասաց Մարգարիտա Գալստյանը։

2016 թ.-ի մայիսի վերջերը տեղեկատվություն տարածվեց, որ քաղաքային մանկապարտեզների երեք տնօրեններից երկուսին` Լամարա Աբոյանին և Մարգարիտա Գալստյանին ազատել են աշխատանքից, պատճառը տնօրենների թոշակային տարիքն է, սակայն մինչ օրս այդ հարցը մնում էր անորոշ: Այսօր պարզ դարձավ, որ մանկապարտեզների թոշակառու աշխատակիցները իրոք հեռացվում են աշխատանքից: Ովքեր են նշանակվել քաղաքի №2 և №3 մանկապարտեզների մենեջեր և ովքեր են ազատված աշխատանքից Վալերի Ստելմաշովը չբացահայտեց, ասելով որ մոտ օրերս նման արարողությամբ հրաժեշտի և բարի գալուստի խոսքը կասեն նաև մյուս մանկապարտեզներում:

Ջուլիետա Տոնականյան