Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի ավարտվել, որոշ գյուղերում կարտոֆիլը ցրտահարվել է։ Շրջանում աշխատուժի պակաս կա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ ֆերմերներն արդեն մտածում են բերքահավաք տեխնիկա ներդնելու ուղղությամբ։
Ախալքալաքի մունիցիպալիտետում բերքահավաքը դեռ ընթացքի մեջ է, հատկապես քաղաքից հեռու գտվող գյուղերում, որտեղ բերքահավաքը համեմատաբար ուշ է սկսվել։ Եղանակը գնալով վատանում է, ֆերմերները լրջորեն անհանգստացած են։ Նրանք շտապում են բերքը հավաքել, սակայն աշխատողներ չեն կարողանում գտնել։
Ֆերմերների խոսքով, այս տարի, ընդհանուր առմամբ, եղանակային պայմանների պատճառով կարտոֆիլի բերքահավաքը ուշ է սկսվել, բացի այդ, այս տարի աշխատուժի պակաս կա։ Կարտոֆիլ հավաքողն օրական 70-75 լարի է պահանջում, բայց այդ գնով էլ աշխատողների հնարավոր չէ գտնել։
Կարտոֆիլի դաշտերի տարածքը, ըստ մասնագետների, այս տարի չի գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը, սակայն, ֆերմերների հետ խոսելիս, պարզվում է, որ ոմանք այս տարի ավելի շատ են ցանել, քանի որ չէին կարողացել իրացնել նախորդ տարվա բերքը։
Բերքահավաքի սեզոնին պարբերաբար անբարենպաստ եղանակ էր լինում, երբեմն ձյուն էր գալիս, օրեր էին լինում, երբ գիշերը ջերմաստիճանը զրոյից ցածր էր լինում, ինչի արդյունքում չհավաքված կարտոֆիլը ցրտահարվեց։
«Ուրախացել էինք, որ այս տարի կարտոֆիլի գինը բարձր է, բայց թե եղանակը փչացրեց բերքը, իսկ գինն այնքան էլ բարձր չի, 1 կգ-ը դարձել է ընդամենը 80 թեթրի»,- ասաց կարտոֆիլագործներից մեկը։
Օրջա, Բարալեթ, Արագվա, Փոքր Սամսար գյուղերում և մի շարք այլ գյուղերում կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի ավարտվել, պատճառն այն է, որ ֆերմերներն աշխատուժ չեն կարողանում գտնել։
Ալաթուման գյուղում բերքահավաքը նույնպես դեռ չի ավարտվել, պատճառը եղանակային պայմաններն են ու աշխատուժի անբավարարությունը։
Ալաթուման գյուղի բնակիչ Մակբեթ Տոնոյանի խոսքով, գյուղում մնացել է հավաքելու կարտոֆիլի ցանքատարածությունների 5 տոկոսը.
«Երևի մոտ օրերս գյուղում կարտոֆիլի բերքահավաքը կավարտեն, քիչ է մնացել, եղանակը թույլ չէր տալիս, աշխատողների էլ դժվար էր գտնել։ Սառնամանիքից հետո, հողից դուրս մնացած կարտոֆիլը, մոտ 30%-ով ցրտահարվել է»,- ասում է Մակբեթ Տոնոյանը։
Ըստ ֆերմերների, շրջանում հավաքվել է կարտոֆիլի բերքի 70 տոկոսը։
Մեծ Սամսար գյուղից Հովհաննիսյան Նասլեթն ասում է, որ իրենց գյուղում բերքավաքի աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ Փոքր Սամսարում՝ դեռ ոչ։
«Մենք գյուղում ամեն ինչ ավարտել ենք, միայն Փոքր Սամսարում է շատ քիչ մնացել, ովքեր ավելի շատ են ցանել, դեռ բերքը հավաքում են, ձյունից ու սառնամանիքից հետո կարտոֆիլը ցրտահարվել է, հողից դուրս մնացածները ցրտահարվել են։ Երեկ երկու բեռնատար գյուղ էր եկել կարտոֆիլի գնելու համար։ Մեր կարտոֆիլի գինը 75-80 թեթրի է»,- ասում է Նասլեթ Հովհաննիսյանը։
Ախլքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ասում է, որ եթե անցած տարի իրացման խնդիր կար, ապա այս տարի խնդիրն աշխատուժն է, որը և՛ թանկ է, և՛ քիչ։
Մախարե Մացուկատովը, սակայն, կարծում է, որ այս բոլոր պատճառները հանգեցնում են նրան, որ ֆերմերները պետք է մտածեն նոր տեխնիկաների նեդրման մասին։
«Թանկ աշխատուժը պահանջում է նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև բերքահավաք տեխնիկայի ներդրում, մեզ իսկապես անհրաժեշտ է բերքահավաք և տեսակավորող տեխնիկա։ Մեզ նաև սեզոնային աշխատուժ է պետք, քանի որ տեղի աշխատուժը չի կարող ապահովել ֆերմերներին»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Շրջանի կարտոֆիլի որակն այս տարի լավն է, գինը նույնպես վատը չէ՝ մինչև 1 լարի։
Մախարե Մացուկատովի խոսքով, կարտոֆիլի նման գինը կարող է պահպանվել մինչև փետրվարի վերջ։