Այս տարի Ախալքալաքում և Նինոծմինդայում հղիների թիվը կտրուկ նվազել է, պատճառը կորոնավարակն է: Բանն այն է, որ վարակը հաղթահարած զույգերը վախենում են պլանավորել երեխայի ծնունդ: Ինչպես հայտնում են Ախալքալաքի հոսպիտալից, այստեղ հաշվառված ամեն 5-րդ հղին կորոնավարակ է տանում, ինչը կարող է ազդեցություն թողնել՝ թե պտղի, թե ծննդաբերության վրա:
Կորոնավարակի հերթական ալիքը ավելի շատ ազդեցություն ունեցավ հղիների վրա։ Համավարակի ընթացքում Վրաստանում մահացել է 17 հղի կին։ Եղել են այնպիսի դեպքեր, երբ բժիշկների հաջողվել է փրկել նորածիններին։
Ներկա դրությամբ Վրաստանում վարակաբանները խոսում են կորոնավարակի 5-րդ ալիքի մասին, ամբողջ երկրում վարակը լայն տարածում է գտնում: Ինչպես նշում է Ախալքալաքի հոսպիատալի գինեկոլոգիայի բաժնի բժշկուհի Ասյա Գուլիևան Ջավախքում հղիների շարքում նույնպես վարակակիրների պակաս չկա։
«Եթե ոչ ամեն 4-րդ, ապա ամեն 5-րդ հղին հիմա կորոնավարակ ունի։ Մենք ունենք հատուկ արձանագրություն, ըստ որի էլ, եթե հղին հիվանդությունը տանում է թեթև ձևով, ապա բուժում ենք տանը, նրա հետ մշտական կապ պահպանելով: Երբ տեսնում ենք, որ իրավիճակը ծանր է, ուղարկում ենք համապատասխան կլինիկա՝ բուժում ստանալու համար», – ասում է բժշկուհին։
Մասնագետն անհանգստացած է, որ կորոնավարակի պատճառով այս տարի նվազել է հղիների թիվը։
«Մենք ներկա դրությամբ երկու շրջանը՝ Ախալքալաքն ու Նինոծմինդան միասին, 150 հղի քիչ ենք գրանցել, քան անցած տարի։ Ինչի՞ է այդպես. առաջինը՝ կորոնավարակը, քանի որ կանայք ցանկանում են ունենալ առողջ զավակ, իսկ առողջ զավակ ունենալու համար ծնողները պետք է առողջ լինեն, կարողանան երեխային մեծացնել առանց վախի, ամուսինը պետք է լինի կնոջ կողքին»,- ասում է Գուլիևան։
Ախալքալաքի հոսպիտալի բժշկուհին խոսում է նաև այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է թողնում կորոնավարակը հղիների հոգեկան ներաշխարհի վրա։
«Զույգերի մոտ վախ կա։ Մենք ունենք դեպքեր, երբ վիրուսից վախի պատճառով պտուղը հեռացրել են: Կինը իրավունք ունի մտածելու ապագայի մասին և չի ուզում, որ այդ երեխան լույս աշխարհ գա, շատ չեն այդպիսի դեպքերը, սակայն՝ կան», – ասում է նա:
Վերջինս ընդգծում է, որ ըստ իրենց կատարած մոնիթորինգի՝ կորոնավարակի մեկնարկից մինչև օրս, շատ նորածիններ ծնվել են դիսթրես սինդրոմով (Սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ), արտաքին շնչառական անբավարարության ծանր ձև է, որը բնութագրվում է թոքերի արագ և տարածուն բորբոքմամբ: Երեխայի թոքերը լավ չեն բացվում, շրջանառությունը լավ չի կատարվում, երեխան ընկնում է երկրորդական հիպոքսիայի մեջ և չի կարողանում շնչել, թուլանում և վատանում է)։ Այդպիսի դեպքերի թիվը եռակի շատացել է։ Նաև եղել են դեպքեր, երբ հղի կինը կորոնավարակ է ունեցել և վիժել երեխային։ Սակայն այդպիսի դեպքերը շատ քիչ են։
«Շատ երեխաներ ծնվեցին դիսթրես սինդրոմով։ Այդ երեխաների միակ փրկությունը այլ հիվանդանոց տեղափոխելն է, մենք այստեղ այդպիսի երեխաների բուժման լայն հնարավորություններ չունենք: Կարող եմ ասել, որ նախկինում ինչքան մի տարվա ընթացքում էինք ռեոմոբիլով Թբիլիսի տեղափոխում նորածինների, այդքան հիմա՝ վարակի ժամանակ, մի շաբաթում ենք ուղարկում։ Այնպես չէ, որ երեխաները քովիդ դրական են, ուղղակի քովիդ տարած մայրիկներից այդպիսի երեխաներ են ծնվել։ Ունեցել ենք նաև մահվան դեպքեր, երբ ծննդաբերության վերջին հինգ-տասը րոպեների ընթացքում երեխան մահացել է», – պատմում է Ախալքալաքի հոսպիտալի բժշկուհին։
Նա նշում է, որ դեռ ոչ ոք չի կարող ասել, թե հետագայում կորոնավարակը ինչպիսի ազդեցություն կունենա հղիների և պտղի վրա, դրա համար պետք է շատ զգուշ լինել։
«Մենք դեռ չգիտենք, թե քովիդը ինչպես կանդրադառնա հղիների և հաջորդ սերնդի վրա։ Հինգ տարի կանցնի և մենք կիմանանք, այդ երեխաների մասին ամեն ինչ։ Հղիների 99%-ը հիմնականում հիվանդությունը տանում է թեթև կամ միջին ծանրության, ըստ այդմ՝ շատերը տանն են բուժվում», – ավելացնում է նա։
Ինչ վերաբերում է հղիների պատվաստմանը, ապա բժշկուհի Գուլիևան ասում է՝ իրենք հրահանգ են ստացել, տեղեկացնել բոլոր հղիներին պատվաստման մասին, ցանկացողների դեպքում, իհարկե պատվաստում են, սակայն ոչ ոքի ստիպել չեն կարող։ Նշում է՝ դեռ չի ունեցել հղի, ով պատվաստվել է կամ պատվաստվելու ցանկություն է հայտնել:
Հետաքրքրական է, որ կորոնավարակի ի հայտ գալուն պես, զույգերը երեխա ունենալու նպատակով սկսել են խորհրդակցել բժիշկների հետ:
«Իմ խորհուրդն այն է, որ ամեն վիրուսային հիվանդության, անգամ պատվաստումից հետո վեց ամսվա ընթացքում հղիությունը ցանկալի չէ։ Եթե կինը այդ ինֆեկցիան տարել է, մենք խորհուրդ ենք տալիս չհղիանալ վեց ամիս, ինչի՞, քանի որ վարակը մի ձև դուրս կգա, ինքը միգրացիա է կատարում, ձևափոխվում է, օրգանիզմը իմունիտետն է ակտիվացնում, որպեսզի պայքարի և այդպես շարունակ, հետո այդ ամենը ի՞նչ հետևանք կունենա ապագա մայրիկի և երեխայի վրա, մենք չգիտենք, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս վեց ամիս չհղիանալ»։
Բժշկուհին հորդորում է, պահպանել հիգենիայի բոլոր կանոնները, շնչադիմակ կրել, մադաշատ վայրերում չգտնվել, գտնվելու դեպքում, անպայման պահպանել սոցիալական հեռավորություն։
Հարկ է նշել, որ հղիների մահվան դեպքերի շատացման հարցը անհանգստացրել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, այդ իսկ պատճառով COVID-19-ով վարակված հղիների համար կստեղծվի հատուկ օնլայն-կլինիկա։
Գայանե Ակոջյան