Ընդդիմությունը հայտարարում է քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում կեղծված անձը հաստատող փաստաթղթերով քվեարկության փաստերի մասին։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թամար Կորձիան «Միասնական ազգային շարժման» գրասենյակում կայացած ճեպազրույցում ներկայացրել է նույն անուններով, անձնական համարներով և վավերականության ժամկետներով երկու անձը հաստատող փաստաթղթի լուսանկար։ Միևնույն ժամանակ փաստաթղթերի սերիական համարներն ու սեփականատերերի անունները տարբերվում են։

«Այս ապացույցները հաստատում են այն, ինչ մենք ապացուցում էինք այսքան տարիների ընթացքում՝ կեղծված անձը հաստատող փաստաթղթերի օգնությամբ վրացական իշխանությունները կեղծում են ընտրությունները։ Ըստ այդմ, այսօր մենք պահանջում ենք հետաքննել համակարգային հանցագործությունները»,- հայտարարել է Կորձիան։

Վրաստանի Արդարադատության նախարարության պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը անհիմն է անվանել ընդդիմության մեղադրանքները։ Նախարարությունից հայտնում են, որ Էդուարդ Մստոյանը կասկածվում է անձը հաստատող կեղծ փաստաթղթով քվեարկելու մեջ, ով ամուսնությունից հետո իր ազգանունը փոխել է կնոջ ազգանվամբ՝ Ջիքուրի։ Հոկտեմբերի 22-ին Էդուարդ Ջիքուրիի անունով նոր վկայական է տրվել, սակայն սեպտեմբերի 14-ին Վրաստանի ԿԸՀ ներկայացված միասնական ընտրացուցակում տղամարդը գրանցված է եղել որպես Էդուարդ Մստոյան։

Այս փաստի վերաբերյալ տեղեկությունը ստուգել է նաեւ Վրաստանի ԿԸՀ-ն։ ԿԸՀ-ն ընդգծել է, որ այդ քաղաքացին, ընտրացուցակում ընդգրկվել է միայն մեկ անգամ՝ Նաձալադեւիի 85-րդ ընտրատեղամասում, և նա հնարավորություն է ունեցել քվեարկելու միայն մեկ անգամ։

«Հոկտեմբերի 22-ին տվյալ անձը հարսանիքից հետո փոխել է իր ազգանունը՝ վերցնելով կնոջինը։ Այս պահի դրությամբ Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը ԿԸՀ է ներկայացրել ընտրողների վերաբերյալ թարմացված տվյալներ, հետևաբար մինչև հոկտեմբերի 30-ը նրա նոր ազգանունով տվյալները չէին կարող արտացոլվել ընտրացուցակներում»,- մեկ անգամ ևս պարզաբանել են ԿԸՀ-ից։

ԿԸՀ-ից հավելել են նաև, որ չստուգված տեղեկատվության տարածումը վնասում է ընտրական գործընթացին և նրանց հեղինակությանը։

Վրաստանի քաղաքացիներն այսօր ընտրում են շրջանների և 20 քաղաքների քաղաքապետերի, ինչպես նաև 24 մեծամասնական շրջանների Սակրեբուլոների պատգամավորների։ Մեծամասամբ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուները: