Այսօր Ախալքալաքի թիվ 2 և թիվ 4 հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվեց շենքային պայմաններում: Քաղաքի 5 հանրային դպրոցներից 3-ում դասերն ընթանում են դասասենյակներում, սակայն աշակերտների և ուսուցիչների հաճախելիությունը ցածր է։
Ախալքալաքի 5 դպրոցներից երկուսում ուսուցումը շարունակվում է հեռավար՝ «Teams» հարթակի միջոցով: Թիվ 2 ռուսական և Դեմիրճյանի անվան թիվ 4 դպրոցներն այսօր անցել են ուսուցման սովորական ռեժիմի։
Թիվ 4 դպրոցը (Դեմիրճյանի անվան) մեկուկես շաբաթ առցանց ուսուցումից հետո, այսօր ընդունեց աշակերտներին։ Թեև, ըստ դպրոցի տնօրեն Նաթելլա Գրիգորյանի, բացակաները շատ են.
«Դպրոց հաճախելու հետ կապված վիճակը շատ վատ է: Դպրոցում ընդամենը 200 աշակերտ է», – ասաց Նաթելլա Գրիգորյանը:
Թիվ 4 հանրային դպրոցում սովորում է 625 աշակերտ։
Այսօր դասերը վերսկսել են նաև թիվ 2 ռուսական դպրոցում։
«Յուրաքանչյուր դասարանում 10 հոգի է, ուսուցիչների մեջ շատ հիվանդ ուսուցիչներ կան, նրանք այսօր չեն եկել, առցանց են դասավանդում»,- ասաց թիվ 2 դպրոցի տնօրեն Անաիդա Լոմսաձեն։
Ռուսական դպրոցում սովորում է 627 աշակերտ։
Թումանյանի անվան թիվ 1 դպրոցը մեկ շաբաթ առաջ դասարաններում վերսկսել է դասավանդումը, սակայն աշակերտների հաճախելիությունը շարունակում է մնալ ցածր։ Դպրոցում սովորում է 449 աշակերտ։
«Հաճելիությունը հազիվ 50 %-ի է հասնում: Ուսուցիչն առավոտյան դասավանդում է դպրոցում, իսկ օրվա երկրորդ կեսին՝ առցանց: Ուսուցիչը պարտավոր չէ կրկնակի աշխատել, ես չեմ կարող նրանց կրկնակի վարձատրել: Իսկ մյուս կողմից որքանով է ճիշտ, որ սովորեն ասենք 20 աշակերտից միայն 10-ը։ Ես տեղեկացրել եմ, որ մեր հաճախելիությունը շատ ցածր է, ասացին՝ ով գալիս է նրանց հետ պարապեք: Բայց այսպես արդյունավետ չէ, նման իրավիճակում հնարավոր չէ աշխատել: Կան աշակերտներ, որոնց ընտանիքի անդամները հիվանդ են, իսկ նրանք հաճախում են դպրոց, հնարավոր չէ վերահսկել, իսկ այսպես խառնաշփոթ է»,- ասաց թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը։
Թիվ 5 դպրոցում (գիշերօթիկ դպրոց) և թիվ 3 դպրոցում (վրացական) դեռ դասավանդվում են առցանց:
Գյուղական դպրոցներից Վաչիան, Կոթելիա, Տուրցխ, Ալաստան, Մերենիա և Վարևան գյուղերի դպրոցներն առցանց են աշխատում, մնացածը շարունակում են սովորել սովորական ռեժիմով: