Նինոծմինդայի քաղաքապետարանում հանդիպում կայացավ տեղական իշխանությունների և Ջավախքի ազգային պարկի ներկայացուցիչների միջև: Քննարկման թեման Փարվանա և Սաղամո լճերում ձկների ձվադրումն ու այնտեղ ձկնորսության արգելքն էր։

Նինոծմինդայի քաղաքապետարանում Ջավախքի ազգային պարկի, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի, ոստիկանության ներկայացուցիչները հանդիպեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի պատգամավորների և այն գյուղերի քաղաքապետի ներկայացուցիչների հետ, որոնք գտնվում են Վրաստանի ամենամեծ լճերի՝ Փարվանայի և Սաղամոյի ափերին։

Ջավախքի ազգային պարկի ներկայացուցիչներն ասացին, որ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ը այս լճերում ձկնորսությունը կարգելվի: Դրա պատճառն այն կանոնակարգերն են, որոնք արգելում են ձկնորսությունը ձվադրման ժամանակ, երբ ձուկը բազմանում է:

Հանդիպմանը ներկա էր Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ինչպես նաև Փոկա, Տամբովկա, Գանձա, Սաղամո, Փարվանա գյուղերի իշխանության ներկայացուցիչներ։

DSC_6030

Նշենք, որ այս տարվանից Ջավախքի պահպանվող տարածքներում են ընդգրկվել Փարվանա և Սաղամո լճերը։ Ջավախքի ազգային պարկի ղեկավարությունը իշխանությունների ներկայացուցիչներին խնդրեց նախապատրաստել բնակչությանը, իրազեկել, որպեսզի հետագայում որսագողության դեպքեր և տուգանքներ չլինեն, որոնք աճում են որսած ձկան կիլոգրամներին համընթաց։ Որսագողությունը պատժվում է Վրաստանի ինչպես վարչական, այնպես էլ քրեական օրենսգրքերով։

Ջավախքի ազգային պարկի ղեկավարությունը ձկնորսությունը ժամանակավորապես արգելելու իր որոշումը հիմնավորեց ազնվաբարո նպատակներով, որպեսզի այս ընթացքում ձուկը, ավելի կոնկրետ` լոսդին (ռուս.՝ ряпушка), բազմանա և մեծանա իր չափով: Լոսդին այս պահի դրությամբ հնարավոր է գնել, սակայն, շատ փոքր չափերով՝ կիլոգրամը 8 լարիով։

ԽՍՀՄ փլուզումից հետո որսագողերն, այսինքն՝ առանց ապրուստի միջոցների մնացած տեղի բնակիչները, բնաջնջեցին այս տեսակը և լճերում բաց թողեցին ծածան (կարպ) և ​​գետածածան (սազան) ձկնատեսակների մատղաշներ, որոնք սնվում էին լոսդիի ձկնկիթով: Ազգային պարկը հույս ունի այս կերպ պահպանել և բազմացնել էնդեմիկ ձկնատեսակը, որը նաև համարվում է էկոլոգիապես մաքուր:

Ribak

Լոսդի բռնելը տեղի բնակիչների հիմնական եկամուտի աղբյուրն է: Այս ժամանակահատվածում արգելքը ֆինանսական վնաս է հասցնում տեղի բնակիչներին, ովքեր, իրենց խոսքով, վաճառքի համար ձուկը որսում են հենց այն ժամանակահատվածում, երբ սառույցի հաստ, կես մետրանոց շերտը դեռ չի գոյացել։ Այս լճերի վրա սառույցը մնում է մինչև ապրիլի վերջ և մայիսի սկիզբ։ Այս ընթացքում ձկնորսները չեն կարողանում մեծ քանակությամբ ձուկ որսալ։ Եվ ինչպես բացատրեցին գյուղերի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ ձվադրելուց հետո ձուկն իջնում է լիճ։ Նշենք, որ տեղի բնակիչների 70%-ը զբաղվում է ձկնորսությամբ՝ մեծ ու փոքր քանակությամբ՝ կախված սարքավորումների հագեցվածությունից, ցանցերից, մոտորանավակներից և այլն։

«Երբ գարնանը եկել էր Գյուղատնտեսության նախարարը ասաց, որ, ճիշտ է, արգելքներ կլինեն, բայց հարգելի բնակիչներ, դուք մինչև վերջ ձուկը որսալու եք չափերով։ Ինչ-որ առումով մենք խաբել ենք բնակչությանը: Բայց եթե այսօր ասենք, որ դուք ընդհանրապես չեք կարողանա ձուկ որսալ, դա սուտ կլինի։ Եկեք մտածենք ինչ-որ մեխանիզմի մասին, քանի որ մարդիկ թանկարժեք ցանցեր են գնել, դրա համար կով են վաճառել, մեքենաներ, ծախսեր արել։ Այսօր մենք չենք կարող թույլ տալ սրան մատների արանքով նայել»,- ասաց Փարվանա գյուղի ներկայացուցիչ Մասիս Աղայանը։

Գյուղերի լիազորների կողմից էլ առաջարկություններ հնչեցին, օրինակ՝ սահմանափակել ցանցերով որսը, կամ, օրինակ, նոյեմբերի 15-ից արգելքի ժամկետը հետաձգել 5 օրով՝ մինչև նոյեմբերի 20-ը։ Ինչպես նաև թույլատրել որսալ միայն որոշակի չափի ձուկ, քանի որ բնակիչները համաձայն են սահմանափակմանը, բայց, ամենայն հավանականությամբ, դժգոհ կլինեն ձկնորսության ամբողջությամբ արգելքից, քանի որ ծախսել են 2000-3000 լարի արժողությամբ սահմանափակ չափերով նոր ցանցեր գնելու վրա։

«Փարվանա լճում ձկնորսությունը 6 ամսով բացառված է։ Նախ ձվադրումից հետո ձուկը հանգստի է անցնում, չի բռնվում ցանցով, 100 անգամ էլ գցես, ձուկ չես բռնի: Ձվադրումից հետո 15-20 օր նույնիսկ չի սնվում: Մյուս կողմից, սառույցը էլ ավելի է հաստանում: Սառույցի մեջ սառցակտորները կտրելը շատ բարդ է, դա շատ վտանգավոր բան է։ Մարդիկ իրենք են հրաժարվում դրանից։ Այսինքն՝ 6 ամիս լճում ունենք ավտոմատ անվտանգություն»,- ասաց ներկաներից Վաչագան Ալվանջյանը։

Արդյունքում Ազգային պարկի ներկայացուցիչները պայմանավորվեցին քննարկել բոլոր առաջարկները և առանձին հանդիպել գյուղերի ձկնորսների հետ մինչև լճերում ձվադրման շրջանը։

Քրիստինե Մարաբյան