Գրեթե երկու տարի է ինչ Վրաստանում մարդիկ ստիպված են ապրել վախի մեջ, օդում կախված վիրուսի պատճառով: Այն իր հետ բերեց մի շարք սահմանափակումներ, որոնցից սկսեցին տուժել տարբեր ոլորտներ, բացառություն չէր նաև ուսումնական ոլորտը՝ երբ ուսումնական հաստատություններն անցան հեռահար տարբերակի և ուսանողները սկսեցին կրթություն ստանալ տնից:
JNEWS-ը հարցում է անցկացրել չպատվաստված 25 ուսանողների հետ՝ պարզելու, եթե պարտադիր դառնա պատվաստումը և խնդիր դրվի՝ կամ պատվաստվել և ուսումը շարունակել լսարանում, կամ չպատվաստվել և իրավունք չունենալ մասնակցել դասերին, ինչպե՞ս կվարվեք: Թվով 25 հարցվածներից միայն 7-ն են պատասխանել, որ պարտադիր դառնալու դեպքում կպատվաստվեն, իսկ մնացած 18-ը՝ միևնույն է կհրաժարվեին:
Վրաստանի կառավարությունը բարբերաբար հայտարարում է, որ, եթե պատվաստումների մեծ ցուցանիշ լինի երկրում հնարավոր է համալսարանները ևս բացվեն: Սակայն, հատկապես ուսանողների և դասախոսների շրջանում պատվաստվածների տոկոսը բավարար չէ, ուսուցումը լսարաններում շարունակելու համար: Չնայած նրան, որ բազմաթիվ ուսանողներ բողոքում են հեռավար կրթությունից, բայց նրանցից ոչ բոլորն են պատրաստ պատվաստվել:
Ռիմա Մարանգոզյանը սովորում է Gipa-ում, մագիստրատուրայի առաջին կուրսում, պատվաստված է Pfizer-ի երկու դեղաչափով:
«Շատ լավ եմ վերաբերվում պատվաստումներին, հատկապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին: Կարծում եմ, պարտադիր է, որ բոլորը գիտակցեն պահի լրջությունը, բոլորին հորդորում եմ պատվաստվել: Ինչ վերաբերվում է ուսանողներին պարտադիր պատվաստելուն՝ լսել եմ նման խոսակցություններ, սակայն դա չի եղել պաշտոնական հայտարարություն: Չնայած նրան, որ դրական եմ վերաբերվում պատվաստումներին, միևնույն ժամանակ չեմ ընդունում մարդկանց պարտադրելը, քանի որ դա յուրաքանչյուրի անհատական որոշումն ու իրավունքն է: Սխալ է համարում, եթե ուսանողներին պարտադրեն պատվաստվել համալսարանական կյանքին անցնելու համար, այսինքն՝ ընտրություն չպետք է տրվի ուսման ու պատվաստվելու մեջ»,- ասում է Ռիման:
Ալյոնա Սարգսյանը Թբիլիսիի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է: Նրա կարծիքով առցանց ֆորմատը շատ վատ ազդեցություն է թողնում կրթության որակի վրա, պատվաստված չէ, և ճիշտ չի համարում, որ ուսանողները պարտադիր պտեք է պատվաստվեն, ինչի արդյունքում կբացվեն համալսարանները:
«Անձամբ ես պատվաստված չեմ և չեմ էլ ընդունում այդ պատվաստանյութը, պատճառը իմ՝ դրա անարդյունավետ համարելու փաստն է: Եթե ստեղծվի մի այնպիսի պատվաստանյութ, որը իսկապես արդյունավետ կլինի՝ այո, ինքս էլ կհորդորեմ մարդկանց պատվաստվել, իհարկե, սա իմ կարծիքն է»,- նշում է Ալյոնան:
Նա գտնում է, որ առհասարակ ցանկացած մարդու պարագայում անընդունելի է պարտադրանքը: JNEWS-ի այն հարցին, թե պարտադիր դառնալու դեպքում, ինչպես կվարվի նա պատասխանեց.
«Կպայքարեմ այդ ռեժիմի դեմ, քանի որ, ոչ ոք իրավունք չունի սահմանափակել մեր կրթություն ստանալու իրավունքը»:
Չնայած այն փաստին, որ կան մասնագիտություններ որոնց դեպքում հնարավոր է որոշ չափով էֆեկտիվ կազմակերպել առցանց ուսուցումը, բժշկականի դեպքում այն շատ բարդ է: Քրիստինա Խոցանյանը Թբիլիսիի Պետական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է: Նախապատրաստական ֆակուլտետում էր սովորում, երբ անցան առցանց ուսուցման: Ըստ նրա շատ դժվար է տեսական գիտելիք ստանալ առանց տեսնելու և պատկերացնելու, թե ինչի հետ ես աշխատելու:
Քրիստինան ևս դեռ չի պատվաստվել և ինչպես ինքն է նշում պատվաստանյութերի հանդեպ առանձնակի վախ չունի, բայց եթե պարտադիր դառնա, ապա՝ կպատվաստվի:
«Պատվաստված չեմ, բայց եթե սկսեն պարտադրել ուսանողներին այդ ժամանակ կպատվաստվեմ: Առաջին կուրսում որոշ ժամանակ անցել էինք հիբրիդային ռեժիմի, դասերի կես մասը համալսարանում էինք անում, կես մասը՝ օնլայն: Զգալի փոփոխություն կար դեմ առ դեմ դասախոսի հետ շփումն ուրիշ է: Չեմ կարծում, որ պարտադրելը ճիշտ կլինի, բայց, եթե այլ ելք չմնա կպատվաստվեմ»,- ընդգծում է Քրիստինան
Լիդա Ալմասյան