Օֆելյա Ուզունյանը պրոֆեսիոնալ խոհարար չէ, բայց կարողացել է լավագույնս ինքնաարտահայտվել խոհանոցում: Այդ ինքնաարտահայտման մեջ գտնելով իր սիրելի զբաղմունքը, որը ինչպես պարզվեց նաև եկամտաբեր է: Չհարմարվելով կորոնավարակի թելադրած պայմաններին՝ անգործությանը, նա կարողացել է կարճ ժամանակահատվածում արագ կողմորոշվել՝ Ախալքալաքում սկսել է սուշի-ռոլլեր պատրաստել:
Վերջին շրջանում Ախալքալաքում շատացել են արագ սննդի կետերը, որոնք տարբեր ուտեստներ են առաջարկում ախալքալաքցիներին: Օֆելյան որոշել է իսկ ինչո՞ւ չպատրաստել սուշի, մանավանդ, որ հիմա կարելի է գտնել գրեթե ամեն ինչ, ինչ պետք է սուշի պատրաստելու համար: Մեր հերոսը՝ Օֆելյան նշում է, միակ խնդիրն այն է, որ իրական, ճապոնական սուշին պատրաստվում է հում, շատ թարմ ձկից, իսկ այդ հնարավորությունը Ախալքալաքում չունենք, բայց կարելի է գնել աղ դրած սաղմոն կամ մարինացված մանրածովախեցգետիններ, սուշին պատրաստել դրանցով:
Եվ ահա կորոնավիրուսի բերած անգործությունը Օֆելյա Ուզունյանին ստիպեց նոր բան մտածել, որը և հաճելի զբաղմունք կլիներ, և եկամտաբեր:
«Ես հագուստի խանութ ունեմ, հիմնականում վաճառում եմ տոնական շորեր: Վարակի պատճառով, ինչպես գիտեք հարսանիքներ չեն լինում, տարին մի շոր հազիվ է վաճառվում: Մտածեցի, որ անգործ չեմ կարող մնալ, դե բարձրագույն կրթություն չունեմ, որոշեցի խոհանոցում փորձել ուժերս: Հիշում եմ, ուղիղ մեկ տարի առաջ հոկտեմբերին էր, որ սկսեցի, հայրս դեմ էր, ասում էր ինչ մնում-մնում բաներ ես մոգոնում, Ախալքալաքում ինչ գիտեն սուշին ինչ է, և այլն: Ես մի լավ բնավորություն ունեմ, եթե մտադրվում եմ ինչ-որ բան, վաղ թե ուշ պարտադիր անելու եմ: Սուշիի դեպքում էլ այդպես եղավ»,- ասում է նա:
Խոհանոցում Օֆելյան իսկական «հրաշագործի է» վերածվում ու կարող է համով ուտեստներ պատրաստել, ինչու ոչ նաև անվերջ խոսել դրանց մասին: Նա ամեն ինչ համեղ պատրաստելու արվեստն իր մայրիկից է ժառանգել:
Ասում է՝ ցանկացած դասական բաղադրատոմս միանգամից փոփոխության է ենթարկում, անընդհատ փորձում է, տարբեր համեր խառնելով՝ ստեղծում իր համը:
«Խոհանոցում կարող եմ անցկացնել ամբողջ օրս ու հավատացեք՝ չեմ հոգնի: Կարող եմ մեկ օրում տարբեր ուտեստներ պատրաստել, ինձ համար դա երջանկություն է, հատկապես, երբ մարդիկ հաճույքով են ուտում պատրաստածս: Հաճույք եմ ստանում նաեւ նրանից, թե ինչպես ես այն մատուցում հյուրին: Կարող եմ ասել, որ որոշիչ դեր է խաղում նաև մատուցման ձևը, որին մեզանում շատերը ուշադրություն չեն դարձնում»:
Օֆելյան ավելի քան 10 տեսակի սուշի է պատրաստում
Եթե մեկ տարի առաջ ինչ խելքին փչում էր, դա անմիջապես պատրաստում էր, ապա այսօր նրա օրվա մենյուն պատվիրատուներն են թելադրում: Նա չի առանձնացնում, թե սուշիի, որ տեսակն է ավելի շատ սիրում պատրաստել, ասում է՝ բոլորն են սիրով պատրաստված և համեղ:
«Իմ հաջողության կարևոր բաղադրիչը կարծում եմ, որ սերն է, այն սերը, որը ես դնում եմ իմ պատրաստածի մեջ ու տալիս եմ մարդկանց: Չգիտեմ, կարծում եմ, որ մարդիկ հավանում են ու նորից պատվիրում՝ հենց դրա համար»,- նշում է Օֆելյան:
Հիշում է, սուշիի նորին Ռուսաստանից է պատվիրել, իսկ մյուս անհրաժեշտ պարագաներն ու բաղադրիչները կարողացել է Բաթումիից ու Թբիլիսիից գնել:
Ամեն ինչ միանգամից է ստացվել, ապրանքանիշի անունը՝ Ofa_sushi որոշել ու ինստագրամյան էջ է բացել: Մեկ տարի անց շուրջ 2500 հետևորդ ունի, որտեղ պարբերաբար իր պատրաստած սուշիի լուսանկարներն է տեղադրում:
«Ինստագրամյան հարթակում տեղադրեցի նկարները, մարդկանց դուր եկավ ու սկսեցին հարցնել, գրել, պատվիրել։ Ցանկացածի համար կարևոր է, որ իր արտադրանքը վաճառվի, որովհետև խթան է, որ դու նորից պատրաստես, ավելի լավը պատրաստես ու ֆինանսական օգուտ ստանաս»։
Օֆելյան հատուկ ուշադրություն է դարձնում ձևավորմանը:
«Համից պակաս կարևոր չէ ձևն ու տեսքը: Սկզբնական շրջանում 3-4 տեսակ էի պատրաստում, հիմա արդեն տեսականին շատ է, բայց մեր հասարակությունը հետաքրքիր բնավորություն ունի, հիմնականում նույն բաներն են պատվիրում: Ճիշտ է, ունեմ հաճախորդներ, որ ամեն անգամ նոր բան են պատվիրում, կան, որ ասում են ձեր ճաշակով պատրաստեք, տարբեր է, չգիտեմ»
Վերջինս ընդգծում է, ամենաշատ պատվերներ ստանում է Նինոծմինդայից, երկրորդ տեղում Ախալքալաքն է: Գյուղերում այնքան էլ ընդունված չէ, սակայն նշում է, եթե պատվերներ ունենում է, աշխատում է չմերժել:
«Հետաքրքիր է, բայց ավելի շատ պատվերներ եմ ունենում Նինոծմինդայից, քան Ախալքալաքից: Հիմնականում 25-45 տարեկան բնակչությունն է պատվիրում: Հատուկ ուսումնասիրություն չեմ արել, բայց նկատել եմ, որ երիտասարդությունն է, որ գիտի ինչ է սուշին: Շատ հաճախ արձագանքում են, գրում են, որ համեղ էր, նույնիսկ հաճախորդ ունեմ, որ խորհուրդներ է տալիս, ինչից ինչքան անեմ, որ ավելի համեղ լինի: Սիրով ընդունում եմ բոլորի խորհուրդները, անընդհատ սովորում եմ: Կարծում եմ, որ միշտ սովորելու տեղ կա»։
Օֆելյան պատմում է՝ պատվիրատուների նախասիրություններն ու ճաշակները տարբեր են: Շատերը նույնիսկ չգիտեն ինչ է սուշին կամ ինչպես կարելի է այն համտեսել:
«Հերթական անգամ սուշի էին պատվիրել, բավականին ժամանակ էր անցել, պատահական հանդիպեցի պատվիրատուին, երբ հարցրի ինչպես էր, հավանել էր պատրաստածս, նա պատասխանեց, որ հատկապես լավաշով փաթաթած շատ համեղ էր: Առաջին հայացքից սա ծիծաղելի է, բայց սա ցույց է տալիս, որ մարդիկ նույնիսկ չիմանալով պատվիրում են, որպեսզի փորձեն»:
Մեր հերոսուհին նշում է՝ ամենակարևորը պետք է սիրենք այն գործը, որն անում ենք, եթե ամեն մարդ իր տեղում, իր գործը լավ անի, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:
Սկզբնական շրջանում ամեն ինչ միայնակ է արել, պատվեր ընդունել, անհրաժեշտ բաղադրիչներ գնել, սուշի պատրաստել և պատվերը առաքել: Հիմա, երբ պատվերները շատ են, իսկ պատվիրատուների աշխարհագրությունը բավականին լայն՝ Օֆելյան պատվերը տաքսիով է առաքում:
Մեր հերոսը թաքուն մի երազանք ունի՝ Ախալքալաքում սուշի բար բացել, որտեղ մարդիկ կկարողանան համտեսել իր պատրաստած սուշին: Միաժամանակ հույս հայտնում, որ կորոնավարակն ու սահմանափակումները կվերանան, և մարդիկ առաջվա նման հնարավորություն կունենան հավաքվել ու զրուցել՝ արդեն իր սուշի-բարում:
Այսօր նա այդքան ֆինանասական միջոցներ չունի, բայց ամեն օր ջանում է, որ մի օր իր երազանքն իրականություն դառնա:
Հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին ամենաշատ պատվերներն է ընդունել, օր է եղել 250-300 լարի պատվեր է ընդունել: Չի դժգոհում սկսած գործից, ճիշտ է այսօր պատվերների քանակը պայմանավորված դաշտային աշխատանքներով կտրուկ նվազել է:
Համաճարակի ժամանակ, երբ ռեստորանների և սննդի օբյեկտների գործունեությունը սահմանափակ էր, և հնարավոր էր սպասարկել միայն առաքելով տուն, Ախալքալաքի ռեստորանները պարզապես փակվեցին։ Այժմ նրանք հիմնականում աշխատում են վնասով, քանի որ այցելուները շատ ավելի քիչ են, քան մինչ համաճարակը։ Սակայն այս իրավիճակը ստեղծեց այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսին իրագործեց Օֆելյան։Նաեւ Ախալքալաքում բացվել են արագ սննդի կետեր՝ «Yammy» և «Ջավախք Պանդոկ», որոնք ակտիվորեն աշխատում են առաքման վրա։
Աղունիկ Այվազյան