Ախալքալաքում, թեև համեմատաբար քիչ են բարձրահարկ շենքերը, սակայն, ինչպես Վրաստանի այլ վայրերում, շենքերի հիմնանորոգման հարցն արդիական է: Բաթումում տեղի ունեցած ողբերգությունը առիթ է հանդիսանում մտածելու այն մասին, թե արդյո՞ք անվտանգ է ապրել բազմահարկ շենքերում, որտեղ կան կցակառուցումներ, և ինչպե՞ս են տեղական իշխանությունները վերահսկում այս հարցը:
Հոկտեմբերի 8-ին Բաթումիում բնակելի շենքի մի մասը փլուզվեց, որի հետեւանքով մահացան 9 հոգի, այդ թվում երեխաներ: Մի ողջ շքամուտքի փլուզման պատճառը շենքի բնակիչներից մեկի որոշումն էր` ընդարձակել և բարելավել իրենց բնակարանային պայմանները:
Ախալքալաքում քիչ են բազմահարկ շենքերը, սակայն դրանցից յուրաքանչյուրում կան կցակառուցումներ: Բաթումում տեղի ունեցած ողբերգությունը նման խնդիր առաջարցեց Ախալքալաքում: Այստեղ բազմահարկ շենքերը հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին, սակայն 90-ականներին և 2000-ականների սկզբին բնակիչների մեծ մասը փորձել են բարելավել իրենց բնակարանային պայմանները՝ հաշվի չառնելով, որ սա բազմահարկ շենք է, իսկ քառակուսի մետրերը նախատեսված են գոյություն ունեցող հիմքի համար: Այս տարիների ընթացքում չի եղել վերահսկող մարմին, և նույնիսկ հիմա շինարարությունը հաճախ տեղի է ունենում առանց որևէ փաստաթղթի և թույլտվության՝ շրջանցելով թղթաբանությունը: Հաճախ օրինականացումը կատարվում է միայն շինարարությունից հետո:
Կոնկրետ ինչպես է իրականացվել շինարարության վերահսկողությունը, այդ թվում Ախալքալաքում շենքերի ապօրինի շինարարության նկատմամբ, պատմում է Ախալքալաքի քաղաքապետարանի նախկին ճարտարապետ Շողիկ Ռայիսյանը: Նա նաև «Ավելի լավ կյանք» հասարակական կազմակերպության նախագահն է հանդիսանում, որի ուղղվածություններից մեկը ճարտարապետությունն է:
«Սկզբում ես աշխատում էի որպես շինարարության վերահսկիչ Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ «Urban Institute» կազմակերպությունում: Սա ամերիկյան կազմակերպություն է: Ո՞րն էր իմ գործառույթը այս կազմակերպության հետ կնքած պայմանագրով: Ես պիտի ստուգեի, կազմեի ակտեր, ներառյալ թաքնված աշխատանքների առումով: Սրանք այն աշխատանքներն են, որոնք չես կարող ստուգել դրանց ավարտից հետո: Սա աշխատանքների գործընթաց է, այսինքն` հիմքի հենարանի, պատերի կառուցվածքի և այլնի ստուգումը», – ասում է Շողիկ Ռայիսյանը:
Շողիկի կարծիքով՝ ճիշտ է, որ այդ ժամանակ քաղաքապետարանում ճարտարապետության բաժինը եւ Վերահսկողության ծառայությունը միացված էին:
«2003-ից մինչև 2018 թվականը ես աշխատել եմ քաղաքապետարանում, այդ ժամանակ ճարտարապետական բաժինը և Վերահսկողության բաժինը միացված էին: Դա ճիշտ էր, քանի որ դու թույլտվություն ես տալիս, իսկ հետո ստուգում ես, թե ինչպես են աշխատանքներն իրականացվում և ընդունում ես: Ի՞նչ է իրենից ներկայացնում թույլտվությունը: Նույնիսկ ամենապարզ նախագիծը պետք է ունենա իր թույլտվության սխեման: Շատ դժվար էր բացատրել, որ, օրինակ, դու պարզապես չես բացում որմնանցքը, դրա համար անհրաժեշտ էր ամրացնել պատը մետաղական կոնստրուկցիաներով, միշտ չէ, որ նպատակահարմար է հենասեմը, քանի որ դա քաշ է, բեռ»:
Այն ժամանակ, ըստ նախկին ճարտարապետի, շատ քչերն էին քաղաքապետարան դիմում՝ թույլտվության համար:
«Իմ աշխատելու ընթացքում իրենց շինարարական աշխատանքները սկսած սեփականատերերի մեծ մասը դիմում էին քաղաքապետարան: Նրանք գրավոր դիմումներ էլ էին ներկայացնում, որոնք երեք փուլերով շինարարության թույլտվություն տալու մեր վարչական վարույթի սկիզբը հանդիսացավ: Բայց եթե անձը չէր դիմում, և լինում էին որոշակի հարցեր՝ կապված թերի փաստաթղթերի հետ, մենք օգնում էինք այդ մարդկանց կազմել փաստաթղթերը, գրանցել հողամասերը, եթե դա վիճահարույց էր, ապա հենց նույն պահին այդ վեճը լուծվում էր»:
Ախալքալաքի շատ բնակիչներ շինարարության նկատմամբ ունեն հետևյալ մոտեցումը. «Եթե սա իմ հողն է, ապա կարող եմ կառուցել այն, ինչ ուզում եմ»: Ճարտարապետն այս մոտեցումը համարում է ոչ ճիշտ, այդ թվում` իրավական հիմքերով:
«Դա անհնար է: Եթե դա քո հողն է, ապա դա միմիայն քոնն է: Շինարարությունը դա այլ տիպի սեփականություն է, որը գտնվում է քո հողատարածքում: Երկուսն էլ անշարժ գույք են, բայց ստացվում է արդեն այլ բան: Երբ շինարարությունն ավարտում ես, միևնույն է, այդ կառույցը չի հայտնվի այն հողատարածքում, որում գրանցված է քո սեփականությունը, տեսողականորեն, եթե մուտք գործես SAG ծրագիր, կկարողանաս տեսնել գրանցված հողամասը, բայց չես տեսնի քո շինությունը: Մինչև չկատարվի շենքի ընդունումը հանձնաժողովի կամ թույլտվություն տրամադրող մարմնի կողմից, որը ստուգում է, թե արդյո՞ք կատարված աշխատանքները համապատասխանում են տրված փաստաթղթին:
Շահագործման ընդունումից հետո ահա այս արձանագրությունը և ավարտված շինարարության մասին հրամանը, քո նամակի հետ միասին, ուղարկվում են Գրանցման ծառայություն, որը հիմք է հանդիսանում ձեր հողատարածքում նոր շինությունը որպես սեփականություն գրանցելու համար: Հետևաբար, թույլտվությամբ վերցնել և կառուցել թույլտվությամբ, հենց դա էլ օրինական շինարարություն է կոչվում: Այս դեպքում չեն կարող լինել խախտումներ, չեն կարող լինել սպառնալիքներ մարդկանց կյանքի համար»:
Ըստ Շողիկ Ռայիսյանի, Ախալքալաքի քաղաքապետարանում աշխատելու ժամանակահատվածում տարեկան արձանագրվում էր մոտ 50-60 խախտում, տրամադրվում մոտ 63-68 շինարարության թույլտվություն:
«Խախտումներ կատարելու փորձեր էլ են եղել, բայց մենք նկատում էինք դրանք և գրում նրանց, չէինք ցանկանում անմիջապես տուգանել: Գրավոր մեկ հրամանը բավական է, որ մարդը ներկայանա քաղաքապետարան և հայտարարություն գրի, փաստաթղթեր ներկայացնի և միայն հետո սկսի: Մարդիկ մտածում են, որ կարող են սկսել, իսկ դիմումը ներկայացնեն հետո: Երբեմն կարծում են, որ շինարարության ավարտից հետո է անհրաժեշտ ներկայացնել փաստաթղթերը, այնուհետև օրինականացնել` այս ամենը սխալ է»:
Քաղաքի գրեթե բոլոր բարձրահարկ շենքերն ունեն կցակառուցումներ, իսկ զինվորական ավանի բնակարաններում բնակիչները համեմատաբար վերջերս են բնակություն հաստատել, հետևաբար համեմատաբար ավելի քիչ կցակառուցումներ կան: Այնուամենայնիվ, կրկին հարց է առաջանում, թե որքանո՞վ են օրինաչափ և անվտանգ այն փոփոխությունները, որոնք իրականացվել են այս տներում:
«Բազմահարկ շենքերին կցակառուցումները շինարարության մեջ բնականոն երևույթ չի հանդիսանում: Կցակառուցումը միջամտություն է մեկ շենքի ամբողջականությանը: Դուք կառուցում եք շենք, որը պետք է կցված լինի հին շենքին, միացնել շենքի երկու մասերը և միևնույն ժամանակ, հարկավոր է անհատական մոտեցում: Եթե դա մեծ մասն է, ապա նրանց միջև պետք է թողնել ամորտիզացիոն կար, կառուցել կետային հիմք՝ չխանգարելով գոյություն ունեցող շենքերին, սյուները բարձրացնել և դրան կիպ առանձին շենք կառուցել, որպեսզի այդ հատակին նրանք այլկերպ աշխատեն, որպեսզի նրանք միմյանց համար ճաքեր չառաջացնեն: Այնտեղ շատ նրբություններ կան, որոնք մասնագետը պետք է իմանա, եթե փոքր կցակառուցում է, ապա այն պետք է ամրացվի շենքին մետաղական կոնստրուկցիաներով: Ինչպես է այդ ամենը պետք անել, ինչ ցեմենտով, որքան ժամանակում և այլն: Այս ամենը պահաջում է վերահսկողություն մասնագետների կողմից: Ես չեմ տեսել, որ թույլտվության տրամադրումից հետո կցակառուցումները կատարվեն, կամ ընդհանրապես թույլատրվում է, թե ոչ, որ բազմաբնակարան շենքերի վրա կցակառուցումներ իրականացվեն: Քանի որ մենք միջամտում ենք, մենք քանդում ենք հիմնապատի մի մասը: Մենք պետք է ամրացնենք այս պատը: Սա ազդեցություն է ունենում շենքի վրա և, հետևաբար, նույնիսկ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում, որտեղ բազմաբնակարան շենքերը, հենց առաջին հոդվածում, ասվում է բազմաբնակարան շենքերի ճակատային մասը փոփոխելու անհնարինության մասին», – բացատրում է նա:
Եթե կցակառուցումն արդեն գոյություն ունի, ինչպես կարելի է բողոքարկել այդ շինարարությունը և ում կարելի է դիմել՝ շատ բնակիչներ չգիտեն:
«Եթե տվյալ շինարարությունը խոչընդոտում է մեկ այլ սեփականատիրոջ շահերին, ապա սույն օրենսգրքում, որտեղ կարգավորվում է նաև հարևանի իրավունքը, հարևանն իրավունք ունի բողոքարկել հեռավորության առումով՝ շատ մոտ լինելու պատրվակով: Եթե կա կցակառուցում, որը սպառնում է ամբողջ շենքին, ապա նման դեպքում դուք պետք է գրավոր դիմեք քաղաքապետարան, և եթե այս շինարարությունը ինքնաշեն է, եթե դրա կառուցման թույլտվության փաստաթղթերը չկան, քաղաքապետարանը կքննարկի, բայց միևնույն ժամանակ կա այսպիսի օրենք ևս՝ այդ շինությունների օրինականացումը»:
Շողիկ Ռայիսյանի խոսքով՝ տանը, որտեղ փլուզվել է ամբողջ որմնանցքը, իրականացվել է վերակառուցում:
«Վերակառուցումն ու վերանորոգումը երկու տարբեր բաներ են: Պատի մեկ քառակուսի մետր փոխելն արդեն իսկ վերակառուցում է: Դրա համար պետք է թույլտվություն վերցնել: Նա կատարել է վերակառուցումը և չի դիմել տեղական իշխանություններին, և նա թույլտվություն չունի: Դա շատ կոպիտ խախտում է: Հենց այս դեպքերում է կատարվում շինարարական նորմերի կոպիտ խախտում: Եկեք կրկին Բաթումի դեպքի օրինակը վերցնենք: Այնտեղ բազում սպառնալիքներ կային: Դա ոչ միայն հիմնապատն էր և կցակառուցումն ու վերնակառուցում շենքի վրա, կար վերելակը և կրող պատի քանդումն ու նկուղի ընդարձակումը: Այդքան սպառնալիքները միասին: Նույնիսկ, եթե մենք մի կողմ թողնենք կցակառուցումը, վերնակառուցումը… Այս պատը գուցե չփլուզվեր միանգամից: Ինչ-որ ճեղքեր հայտնվեին, և հարևանները կհասցնեին ինչ-որ բան անելու, գործընթացն ավելի դանդաղ կլիներ և այսքան զոհեր չէին լինի»:
Ինչպես բացատրեց Շողիկը, բազմաբնակարան շենքերի այն հատվածներում, որտեղ կամայականորեն կցակառուցումներ են կատարվել, անհրաժեշտ է հետազոտություն իրականացնել:
«Բնակիչներն իրենք կարող են դիմել, քաղաքապետարանը, նաև վերահսկողության ծառայությունը, կարող են այնպիսի տեսանելի վայրերում, որտեղ, օրինակ, պատի ճեղքն ակնհայտորեն ևրևում է, դա արդեն հետազոտության առիթ է հանդիսանում», – ասում է նա:
Հաճախ, մինչև ողբերգություն, իսկ Բաթումի դեպքում՝ լայնածավալ ողբերգություն տեղի չի ունենում, ոչ կառավարությունը, ոչ տեղական իշխանությունները, ոչ անձամբ բնակիչները չեն մտածում իրենց գործողությունների հետևանքների մասին:
Քրիստինե Մարաբյան