Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ավստրիա: Հոկտեմբերի 11-ի երեկոյան Վիեննայի միջազգային օդանավակայանում նրան դիմավորեցին Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչները:

Ավստրիայում Վրաստանի դեսպան Քեթեւան Ցիխելաշվիլին նշել է, որ սա նախագահի առաջին պաշտոնական այցն է Կենտրոնական Եվրոպայի պետություն: Նրա խոսքով, սա շատ կարեւոր դրական ազդակ է երկու երկրների հարաբերությունների դինամիկայի համար:

«Այս այցի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում մի խումբ կին դեսպանների հետ: ԵԱՀԿ շրջանակներում նախագահը շատ շահագրգռված է միջազգային մակարդակով «Կին, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի խթանմամբ: Սա ուղղակիորեն կապված է մեզ համար հիմնական մարտահրավերի՝ հակամարտության խաղաղ լուծման և բնակչության անվտանգության հետ: Բնականաբար, կին ղեկավարների ներգրավումը հետագայում կնպաստի այս խնդրին», – հայտարարել է Ցիխելաշվիլին:

Նախօրեին Զուրաբիշվիլին արդեն հանդիպել է Ավստրիայում ապրող եւ աշխատող հայրենակիցների հետ: Նրանց թվում կային արվեստի ներկայացուցիչներ և բժիշկներ:

Այսօր Հաբսբուրգյան նախագահական պալատում տեղի կունենա Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Վրաստանի նախագահը ծրագրում է հանդիպել իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ՝ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով, պատվիրակության անդամների հետ: Նախագահները նաեւ համատեղ հայտարարությամբ հանդես կգան լրատվամիջոցների առջեւ:

Զուրաբիշվիլին եւ Բելլենը Վիեննայում կբացեն նաեւ վրաց-ավստրիական բիզնես-համաժողովը: Կլինի ավստրիական և վրացական ընկերությունների շնորհանդես:

Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Ավստրիա կավարտվի հոկտեմբերի 13-ին: