Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված նիհիլիզմ սերմանելը բխում է Վրաստանի թշնամիների շահերից, սա ամրագրված է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական ուղերձում:
Սաակաշվիլիի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան, «Մթավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Այսօր առավոտյան փաստաբանները տեսակցել են Սաակաշվիլիին Ռուսթավիի №12 բանտում, որտեղ նա կրում է իր պատիժը:
«Ընկերներ, ուզում եմ դիմել բոլորին: Հիմա ընտրություններ են, և դրան պետք է ուշադրություն սևեռել: Այժմ նիհիլիզմ սերմանելը երկրորդ փուլի հետ կապված՝ դա բացատրելով իմ մասին մտահոգությամբ, Վրաստանի թշնամիների անմիջական շահերից է բխում: Մենք պետք է փոխենք երկիրը տարբեր մեթոդներով, այդ թվում` ամենակարևորը` ընտրություններում հաղթանակը նրանց ձեռքից խլելը: Իմ կողմից, ես կանեմ հնարավոր ամեն բան, նույնիսկ հացադուլի պայմաններում, ապրելու մինչև հոկտեմբերի 30-ը, և ավելի լավ է նախնական սուգ չհայտարարել, այլ թևերը վեր բարձրացնել և միասին տոնել հաղթանակը», – ասել է Սաակաշվիլին իր ուղերձում:
Անցյալ շաբաթ Բեքա Բասիլաիայի փաստաբանը հայտնեց, որ հացադուլի ութերորդ օրը Սաակաշվիլին նիհարել է ավելի քան 12 կիլոգրամով: Նախօրեին նրա հարազատներն ու մերձավորները հայտնեցին, որ նա իրեն ավելի վատ է զգում, սակայն բանտի ղեկավարությունը վստահեցրեց, որ բանտարկյալի ընդհանուր ֆիզիկական ցուցանիշները նորմալ են:
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը նաշանակված է հոկտեմբերի 30-ին: Քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն հինգ խոշոր քաղաքներում, որոնց մասնակցում են իշխող կուսակցության և Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային շարժման» թեկնածուները:
Համատեքստ
Միխեիլ Սաակաշվիլին լքել է երկիրը 2013 թվականին՝ նախագահական երկու ժամկետների ավարտից հետո: ՏԻՄ ընտրություններից առաջ նա գաղտնի ներխուժել է Վրաստան եւ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել Թբիլիսիում:
Նրա բացակայության ժամանակ նախկին նախագահը «Վրացական երազանքի» կառավարության կողմից հեռակա կարգով դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ պաշտոնեական հանցագործություններ կատարելու համար:
Սաակաշվիլիի դեմ հարուցվել է չորս քրեական գործ: Նրանցից երկուսը վարույթի մեջ են: Բացի այդ, ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել նախկին նախագահի կողմից սեպտեմբերի 29-ին անօրինական կերպով սահմանի հատելու առթիվ:
Ի պաշտպանություն Սաակաշվիլիի, պարբերաբար ակցիաներ են անցկացվում Ռուսթավիի №12 բանտի մոտ, որտեղ գտնվում է նախկին նախագահը: Շրջաններում նույնպես նախկին նախագահի կողմնակիցները մասնակցում են հանրահավաքներին: Քաղաքական գործչին ազատ արձակելու պահանջով՝ վրաց սփյուռքի ներկայացուցիչները հանրահավաքներ են անցկացնում Եվրոպայի և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում երկրի դեսպանատների մոտ:
Աղբյուրը՝ newsgeorgia.ge