Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աջարիայի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել երեք մարդու՝ Բաթումիի Մայիսի 26 հասցեում գտնվող բնակելի շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում: Ձերբակալվել է առաջին հարկի բնակարանի սեփականատեր, 1975 թվականին ծնված Զ.Բ.-ն, 1962 թվականին ծնված Խ.Ս.-ն և 1992 թվականին ծնված Գ.Ս.-ն:

Նախարարության տվյալներով, հանցագործությունը նախատեսում է երկուսից 10 տարվա ազատազրկում:

«Քննությամբ պարզվել է, որ Բաթումիի Մայիսի 26-ի բնակելի շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատեր Զ.Բ.-ն բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար վարձել է Խ.Ս.-ին և Գ.Ս.-ին: Բնակարանի սեփականատիրոջ հրահանգով և անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, բնակարանում իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ինչը հոկտեմբերի 8-ին հանգեցրել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզմանը», – հայտնում են ՆԳՆ-ից:

Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասով և 187-րդ հոդվածի 3-րդ մասով հետաքննություն է ընթանում՝ շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման, ուրիշի գույքի վնասման կամ ոչնչացման փաստի առթիվ, որը հանգեցրել է մարդկանց մահվան և լուրջ հետևանքների:

Այս պահի տվյալներով, հրշեջ-փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու բնակչի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ինչպես նաև փլատակների տակից հայտնաբերվել է 5 դի: