Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Նոր կանոնակարգերի համաձայն, կուսակցություններին այլ տարբերակ չէր մնում և նրանք պետք է կին թեկնածուների ավելացնեին ընտրացուցակներում: Ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում:
ՏԻՄ ընտրություններին կուսակցությունները ստիպված էին ավելի շատ կին թեկնածուներ ներառել իրենց ընտրացուցակներում, քանի որ, ըստ նոր կանոնակարգի՝ թեկնածուներից յուրաքանչյուր երրորդը պետք է լիներ հակառակ սեռի ներկայացուցիչ: Այսպիսով, 2021 թվականին Ջավախքում համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցեց 493 թեկնածու, որից 223-ը՝ կանայք էին, իսկ մեծամասնական ընտրացուցակներով ընտրություններին մասնակցեց 53 թեկնածու, այդ թվում՝ 7-ը կանայք էին: Ջավախքում քաղաքապետի ընտրություններին մասնակցեց 6 թեկնածու, որոնցից մեկը կին էր:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների և նոր Սակրեբուլոների նախնական կազմի, Ախալքալաքի սակրեբուլոն կունենա 7 կին պատգամավոր (Նանա Աղդգոմելաձե, Աննա Ղևենյան, Սեդա Մելքումյան, Մարինա Թակթակիձե, Կարինե Քաչոթյան, Թերեզա Չիվչյան, Լեյլա Ավագյան), բոլոր 7 պատգամավորները իշխող կուսակցությունից են, սակայն, մեծամասնության պատգամավորները բոլորը տղամարդիկ են: Հարկ է նշել, որ կուսակցություններն իրավունք չունեն կանանց փոխանակել տղամարդկանցով, քանի որ օրենքի համաձայն, եթե թեկնածուն հրաժարվի, նրան կարող է փոխարինել միայն հաջորդ նույն սեռի թեկնածուն:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո ընդդիմադիր կուսակցություններից մտած թեկնածուների թվում ոչ մի կին չկա:
Ախալքալաքի քաղաքապետ ընտրվել է տղամարդ` իշխող կուսակցության թեկնածու Մելքոն Մակարյանը: Ոչ մի կին թեկնածու գրանցված չէր:
Ինչ վերաբերում է Նինոծմինդային, ապա այստեղ իրավիճակն այլ է: Իշխող կուսակցությունից, ըստ համամասնական ընտրակարգի, հավանական է, որ Սակրեբուլո մտնեն 5 կին պատգամավոր (Նվարդ Ղուկասյան, Ամալյա Մղդեսյան, Աստղիկ Ալվանջյան, Մարինա Զալալյան, Սեդա Դարբինյան): Բացի այդ, ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներից Նինոծմինդայի Սակրեբուլոյում 2 կին (Թագուհի Վարդանյան, Նարինե Գինոսյան) կընդգրկվի: Նկատենք, որ Նինոծմինդայի նախորդ գումարման Սակրեբուլոյում ոչ կին չկար: Ինչպես Ախալքալաքում, այնպես էլ Նինոծմինդայում չկա մեծամասնական ընտրակարգով ընտրված ոչ մի կին պատգամավոր:
Նշենք, որ նախնական տվյալներով Նինոծմինդայի քաղաքապետ է վերընտրվել Անիվարդ Մոսոյանը:
Թեկնածուների թվում, ովքեր պատգամավոր կդառնան Ախալքալաքում և Նինոծմինդայում, կան բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք: