Այսօրվանից սկսվել են ճանապարհի ընդհատման աշխատանքները վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը կից Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ այսօր ձյան առատ տեղումների պատճառով այս ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար:

Մասնավորապես, կցորդով և կիսակցորդով մեքենաների համար արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում:

Այլ տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

«Ճանապարհային դեպարտամենտը շարունակաբար մաքրում է ճանապարհը, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի ճանապարհային հաղորդակցությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված Վրաց-ռազմական մայրուղին ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ «Կազբեգի» – «Վերին Լարս» մաքսատունն, այսօրվա դրությամբ, Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է:

Վրաստանի ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականի մարտից փակ են օտարերկրացիների համար, բաց են միայն բեռնափոխադրողների և հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար: