«Եվրոպական Վրաստան» կուսակցությունից Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Արսեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է անցկացնում Ախալքալաքի շրջանի ոչ բոլոր գյուղերում: Սակայն նա մեծամասնական ընտրակարգով կուսակցության Տուրցխ գյուղում պատգամավորի թեկնածուին ներկայացրեց գյուղի կենտրոնում` մոտ 32 ընտրողի առջև:

Սեպտեմբերի 28-ի երեկոյան, կամաց-կամաց դեպի Տուրցխ գյուղի կենտրոն էին քայլում գյուղացիները՝ տղամարդիկ: «Եվրոպական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Արսեն Կարապետյանը կանգնած էր գյուղի կենտրոնում՝ տաղավարի մոտ, որտեղ փակցված էին երկու կուսակցությունների՝ «Եվրոպական Վրաստանի» և «Վրացական երազանքի» քաղաքապետերի թեկնածուների պաստառները:

«Այն, որ դուք ասում եք, որ մենք հաճախ չենք գալիս ձեր գյուղեր: Ի՞նչ եք կարծում, ժողովուրդ, մենք այն մարդիկ ենք, ովքեր մասնակցում են պայքարին, բացի այս պայքարից այլ կյանք չկա՞: Մենք չունե՞նք մեր ընտանիքները, հոգսերը, կենցաղային խնդիրները: Դրան գումարած ընտրությունները, դա այն քայլն է, որը թույլ կտա մեզ քայլ կատարել դեպի փոփոխություններ: Եթե ես մինչև այդ գամ և ասեմ` եկեք խնդիրները լուծենք, դուք հո կծիծաղե՞ք ինձ վրա: Չե՞ք ասի, Արսեն ջան, մինչև ընտրությունները շատ ժամանակ կա, դու ոչ մի իշխանություն և լծակ չունես, հնարավորություն չունես դրանք լուծելու: Ինչու՞ եք դուք նեղանում: Ես հասկանում եմ Ձեզ, բայց ուզում եմ ասել ճշմարտությունը, իրականությունը», – ասաց նա հավաքվածներին:

DSC_5303

DSC_5309

Նա ասաց, որ իշխանությունները չեն գալիս նրանց գյուղերը՝ հարցերին պատասխանելու: Համեմատեց իշխող կուսակցության թեկնածուների հետ, խոսեց իշխող կուսակցության և ընդդիմության ֆինանսավորման տարբերության մասին:

Նա հորդորեց ընտրությունը կատարել ոչ թե իր, և ոչ էլ ուրիշների, այլ ընտրությունը կատարել այնպես, ինչպես հարկ են համարում:

DSC_5316

«Երբ ես ասում եմ պայքարել, դա հեշտ խոսք է: Մի կարծեք, որ ես ձեզ խնդրում եմ այդ քարը վերցնել, տանել դնել այլ վայրում, կամ Աստված չանի՝ ինչ-որ մեկի կողմ շպրտեք: Եթե մենք հաղթենք, մեր առաջին հյուրը կլինի հակառակորդ կողմից, որպեսզի նա իմանա, որ հնարավոր է այլ կերպ ապրել: Ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին մենք կանք», – ասում է Արսեն Կարապետյանը:

Տուրցխ գյուղի թեկնածուն նույնպես ելույթ ունեցավ համագյուղացիների առջև:

Այնուհետ Արսեն Կարապետյանը պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում էին գյուղերը մեկ մեծամասնական ընտրատարածքում միավորելուն և հրատապ այլ հարցերի: Գյուղացիները նաեւ անձնական բնույթի հարցեր էին տալիս:

DSC_5306

Քրիստինե Մարաբյան