Եթե մինչև Արցախյան 2-րդ պատերազմը Ախալքալաքում և գյուղերում ամենուր կարելի էր հանդիպել Մառնեուլից միրգ ու բանջարեղեն վաճառող ադրբեջանցիների և Թուրքիայից հագուստեղեն վաճառող առևտրականների, ապա այսօր՝ պատերազմից մեկ տարի անց, ընդհանուր նկարագիրն այլ է՝ նրանք ոչ բոլոր գյուղերում ու վայրերում են առևտուր անում: Ղարաբաղի կռիվը ազդեց ոչ միայն պատերազմող երկրների, այլև երրորդ՝ հարևան երկրների տնտեսական ու հոգեբանական վիճակի վրա:
Ջավախքում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարբերությունների յուրաքանչյուր փոքր ինչ լարման դեպքում ֆեյք լուրեր են տարածվում: Կրկնվող ֆեյք լուրերից մեկն է, որ թուրքերը Ջավախքում նպատակադրված թունավոր օձեր են բաց թողնում:
Մոտ մեկամյա դադարից հետո, Ջավախքում այսօր կարելի է հանդիպել Մառնեուլից ապրանք վաճառող առևտրականների, որին զուգահեռ «ծնվեց» օձերի հետ կապված ֆեյք լուրը: Այս անգամ ֆեյքի լուրի հասցեն Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղն էր: Ուշադրություն դարձնենք, այն իրողությանը, որ Արցախյան 2-րդ պատերազմում զոհված լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանն Ագանա գյուղից է:
Ագանա գյուղը Ախալքալաքից գտնվում է 25 կմ հեռավորության վրա: Այստեղ մարդիկ սովորական առօրյայով են ապրում՝ հող մշակում, անասուն պահում…
Սեպտեմբերի 11-ն էր, գյուղ էր եկել ապրանք վաճառող հերթական մեքենան: Գյուղամեջում կայանած մեքենայից շատերն են վարունգ, լոլիկ, սմբուկ, խաղող ու տանձ գնել: Լարիսա Մալխասյանը ևս, ազգությամբ թուրք վաճառականներից փոխանակում էր արել, գազարի դիմաց լոլիկ էր վերցրել, տուն էր տարել գնածը և որոշ ժամանակ անց արկղը տեղափոխելուց երկու օձ է տեսել:
Այդ օրվանից գրեթե մեկ ամիս է անցել, սակայն գյուղում և գյուղի սահմաններից դուրս «թուրքերի բերած օձերի» մասին տարբեր պատմություններ են շրջանառվում: Հերթական խոսակցությունը Ագանայում տեղի ունեցածի մասին է:
Ի՞նչ են պատմում Ագանայում
Աշուն է, բերքահավաք, տիկին Լյուբան տնամերձ հողամասում կարտոֆիլ է հավաքում: Մոտենում ենք, բարևում, խոսում կարտոֆիլի բերքատվությունից, գյուղի հոգսերից: Փորձում եմ մեր խոսակցությունը կենտրոնացել օձերի պատմության վրա.
JNEWS. Մառնեուլից վաճառականներ շատ են գալիս ձեր գյուղ:
Լյուբա. Այո, մշտապես գալիս են, այսօր առավոտ էլ էին եկել, խաղող ու տանձ էին բերել, գնեցինք:
JNEWS. Բայց օձերի պատմությունից հետո չվախեցա՞ք:
Լյուբա. Չենք տեսել, ի՞նչ վախենանք, հետո էլ մշտապես առևտուր ենք անում, մենք նման բան չենք տեսել:
JNEWS. Նշանակություն չունի ու՞մից եք ապրանք գնում:
Լյուբա. Աշխատում ենք թուրքերից հնարավորինս առևտուր չանել, բայց հասարակ մարդիկ են, ինչ մեղք ունեն, մեզ նման են:
JNEWS. Իսկ կռվի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին նրանք Ագանա գյուղ գալիս էին:
Լյուբա. Չէ, կռվի ժամանակ չեկան, հետո եկան, ասում են՝ մենք ինչ անենք, մենք էլ հոժար չենք, մենք ուզում ենք, որ Ալիևը մեռնի, մեր երիտասարդներին է սպանում, այսինքն՝ իրենք էլ մեր նման են մտածում…
Այս գյուղում նշում են, որ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող մի քանի ամիսներին, իրենց գյուղ թուրքերը չեն գնացել առևտրի: Գարնանը, երբ առաջին մառնեուլցի վաճառականներն են եկել, գյուղում ոչ ոք նրանցից բան չի գնել, սակայն դրանից օգտվել են տեղացի վաճառականները և ապրանքի գները շեշտակի թանկացրել են:
«Կռիվը, որ եղավ, ասում էինք, չթողնենք թուրքերին, բան ասենք, գյուղից դուրս հանենք: Սկզբում շատ բարդ էր, հետո քիչ-քիչ ցավդ բթանում է, որոշ առումով, սովորական ես վերաբերվում: Սկզբից իրենք էլ չէին գալիս, մեր շրջանի մյուս գյուղերից էին վաճառականներ գալիս ու թանկ վաճառում: Գարնանը մի թուրքի հետ լեզվակռիվ ունեցա: Գիտեք ինչ ասաց՝ Վրաստանի հողի մեջ ենք ապրում, իսկ կռիվը Հայաստանի ու Ադրբեջանի տարածքում է»,- ասում է մոտ 70 տարեկան գյուղի բնակիչը:
Ջավախքում տեղական դդումն են հավաքել
Իրավիճակներն ու պատմությունները տարբեր են, տարբեր են նաև ելքերը
Քաղաքի բնակիչներից մեկը պատմում է, որ պատերազմի օրերին, իրենց փողոցում վարձակալությամբ ապրող վաճառականները (Մառնեուլիում ապրող ադրբեջանցիներ) բարձր երաժշտություն են լսել՝ մուղամ: Փողոցի բնակիչները հավաքվել և դիմել են տանտիրոջը, որպեսզի սաստի նրանց: Մի քանի օր անց նրանք այլև չեն երևացել: Եվ բոլորովին վերջերս են վերադարձել՝ գյուղերում միրգ են վաճառում:
Ագանա գյուղից Ռաֆիկ (անունը փոխված է իր խնդրանքով) պապը հազիվ է քայլում, նա միայնակ է ապրում: Քանի որ մենակ չի կարողանում կարտոֆիլը քանդել, նրան օգնել է Շահինը: Նա 27 տարեկան է, ազգությամբ ադրբեջանցի է, ապրում է Շահումյանում՝ հայերի հարևանությամբ:
«Երկու օր առաջ Մառնեուլից մի տղա եկավ կարտոֆիլը քանդեց, հավաքեց ու գնեց: Ես ծեր միայնակ մարդ եմ, գումար էր պետք, ստիպված էի, իհարկե, եթե հնար ունենայի այդպես չէի անի: Այդ տղայի անունը Շահին է, նորմալ շփվում է, խոսում է հայերեն», – ասում է նա:
Միաժամանակ ավելացնում, որ իրենց գյուղը քաղաքից շատ է հեռու, այդ պատճառով շատ անգամ հենց տեղում են առևտուր անում, կապ չունի վաճառողն ով կլինի:
Թե ադրբեջանցի վաճառականները, թե հայ գնորդները, նշում են՝ իրենք հասարակ մարդիկ են, քաղաքականությունից ու դիվանագիտությունից հեռու: Սակայն Ախալքալաքի շուկան առանց Մառնեուլից եկած առևտրականների, վառ ապացույցն է այն բանի, որ երկու կողմն էլ պատրաստ չէ անկաշկանդ շփվել միմյանց հետ՝ առավել ևս առևտուր անել:
Ինչպիսին է իրավիճակը Ախալքալաքի շուկայում
Արդեն մեկ տարի է Ախալքալաքի ագրարային շուկայում ազգությամբ թուրք և ադրբեջանցի ապրանք վաճառողներ չկան: Թե հայերը, թե վրացիները նշում են՝ հենց կռիվն սկսվեց հավաքել են ապրանքն ու հեռացել, իրենց ոչ ոք, ոչինչ չի ասել:
Ախալքալաքի շուկան
Ի տարբերություն շուկայի, քաղաքի փողոցներում կարելի է բեռնված գազելների հանդիպել, որոնք միրգ ու բանջարեղեն են վաճառում: Բայրամ Քամանդարն արդեն 20 տարի է Ախալքալաքում մթերք է վաճառում: Նա բացատրում է, թե ինչու երկար ժամանակ է չէր գալիս:
«Գիտեք, ինչի մենք չէինք գալիս, որովհետև մեր ճանապարհը փակել էին՝ կապված համաճարակի հետ, հենց տարբերակ եղավ եկանք: Այս տարի սկսեցինք գալ, մոտավոր մեկ ամիս առաջ, գարունը չէինք գալիս, որովհետև գործ ունեինք, ես 20 տարի է գալիս եմ, բոլոր մարդիկ այստեղ ինձ գիտեն: Ապրանքի գինը շատ է թանկացել, մենք նույնպես շուկայից ենք գնում, մենք էլ ենք մշակում, բայց հիմա ժամանակ չունենք, վարունգ ու պոմիդորը շուկայից ենք գնել բերել, մեկ կիլոգրամ պոմիդորը 3 լարի է, 2,50: Ես ապրում եմ Վրաստանում, Ղարաբաղի պատերազմը ինձ չի վերաբերում: Ես 20 տարի է այստեղ եմ գալիս, վատ ոչ մի բան չեմ տեսել, վատը չեմ կարող ասել: Մենք Շուլավերում, Շահումյանում խառն ենք ապրում: Ես էլ եմ այստեղ ապրում, դու էլ, ինչու՞մն է խնդիրը», – ասում է Բայրամով Քամանդարը:
Թե Ախալքալաք քաղաքի, թե գյուղերի բնակիչները նկատում են, Մառնեուլից եկող վաճառականների քանակը 70 տոկոսով կրճատվել է, արդյունքում համեմատական շահեկան դիրքում են հայտնվել տեղի վաճառականները:
«Առաջ թուրքերը գալիս էին, հարմար էր առևտուր անելը: Մի տարի առաջ սպորտային հագուստ էի գնել 55 լարիով, մինչև հիմա հագնում եմ: Եվ գինն էր հարմար, և որակն էր լավը: Հիմա էլ չեն գալիս, 2 ամիս առաջ Թբիլիսիից աղջիկս նույնատիպ սպորտային հագուստ էր գնել ինձ համար, երկու անգամ ավելի թանկ գնով: Մի քանի անգամ լվանալուց հետո գունազրկվեց, տեսքը կորցրեց: Կռվից հետո Թուրքիայից ոչ մի մեքենա չի գալիս մեր գյուղ, Մառնեուլի ադրբեջանցիները միրգ բերում են, բայց Թուրքիայի թուրքերը չեն գալիս»,- ասում է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից 61 տարեկան Աստղիկ Ուզունյանը:
Վերջինս ավելացնում է, ինչ թուրքերը (Թուրքիայի թուրքեր) չեն գալիս իրենց գյուղում առևտուր հայերն են անում: Ինչի արդյունքում մրգի ու բանջարեղենի գներն աճել են: Վաճառականները նշում են, որ թանկացման գլխավոր գործոններից է ոչ միայն Ղարաբաթի պատերազմը, կորոնավարակը, այլև՝ լարիի արժեզրկումը: Որպեսզի պատկերացում կազմենք գնաճի մասին, ստորև ներկայացնում ենք մի քանի մթերքի գների փոփոխությունը:
Այսպիսով Ախալքալաքում՝
1 կիլոգրամ լոլիկն անցած տարի արժեր 1 լարի, իսկ այս տարի 3 լարի:
1 կիլոգրամ կանաչ լոբին անցած տարի արժեր 1 լարի, իսկ այս տարի 2 լարի:
1 կիլոգրամ վարունգն անցած տարի արժեր 2 լարի, իսկ այս տարի 3-4 լարի:
1 կիլոգրամ սալորն անցած տարի արժեր 1 լարի, իսկ այս տարի 3 լարի:
Համաձայն Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության՝ սեպտեմբերին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,3%:
Գնաճը կազմել է՝
. սմբուկը թանկացել է 152 տոկոսով
. վարունգը թանկացել է 81.7 տոկոսով
. լոլիկը թանկացել է 42.17 տոկոսով
. կանաչ լոբին թանկացել է 37.4 տոկոսով
Վրաստանը համաճարակի ընթացքում փակեց սահմանները, հետո լոքդաունի վերացումից հետո որոշ սահմաններ բացվեցին։ Սակայն որոշ սահմաններ, օրինակ՝ «Կարծախի» անցկաետը մինչ այժմ աշխատում է սահմանափակ ռեժիմով, այսինքն՝ միայն մեծ բեռնատարները կարող են հատել այն։ Դա կարող է հնարավոր պատճառ լինել, որ թուրքերն Ախալքալաքում առեւտուր չեն անում: Ախալքալաքի բիզնես-կենտրոնի ղեկավար Մախարե Մացուկատովը կարծում է, որ սահմանների փակումը կործանարար ազդեցություն է ունենում տնտեսության վրա:
«Մի փիլիսոփա ասել է՝ եթե ապրանքը սահման չի անցնում, վաղ թե ուշ զինվորներն են անցնում այդ սահմանները: Սա նշանակում է, երբ հարևանները թշնամության մեջ են, տնտեսական փակ սահմաններ են՝ առևտուր, տնտեսական ակտիվություն չկա, վաղ թե ուշ զինվորները կանցնեն, քանի որ բոլորը մտածում են, ինչպես անեն, որ ավելի լավ ապրեն, երկուստեք շահեկան դիրքում հայտնվեն: Ինչ վերաբերում է Ղարաբաղի պատերազմից հետո ադրբեջանցիներն այստեղ գալիս են, թե՝ ոչ, դա շատ վատ է, որ չեն գալիս, եթե այդ բացասականը հավաքվում է, դա թշնամանքի է բերում: Իսկ, եթե արդեն սկսել են գալ, դա լավ է, որովհետև դա փոխշահավետ է: Թե ինչի՞ չեն գալիս, կամ գալիս, դրան ազդում է համաճարակը, քանի որ փակ է Ղարսի սահմանը: Բայց, եթե առևտուրը շատ շահավետ է թուրքերը կարող են գալ նաև Սարփիի անցակետով, բնականաբար Ղարսի սահմանով ավելի էժան էր նստում, տնտեսապես ավելի ձեռնտու էր»:
Ղարաբաղյան հակամարտությունը, որը տարիներ շարունակ խանգարում է զարգացմանը ինչպես հակամարտող երկրներում, այնպես էլ տարածաշրջանում, սրվելով, խորացնելով այդ ազդեցությունը: Վրաստանում կողք կողքի ապրում են հակամարտության երկու կողմերի ազգությունները։ Նրանք ապրում են խաղաղ, բախումներ և միջադեպեր այդ հողի վրա շատ հաճախ տեղի չեն ունենում: Բայց, դեռ թարմ է հակամարտության հոգեբանական ազդեցությունը, որը արգելակում է նրանց միջև տնտեսական հարաբերությունները։