Մասնագետները չեն հավատում, որ Վրաստանում մինչև տարեվերջ բնակչության 80%-ը կպատվաստվի:
«Մենք պետք է ընդունենք, որ մինչև տարեվերջ բնակչության 80 տոկոսի պատվաստումը լիակատար ֆանտաստիկա է», – լրագրողներին հայտարարել է Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն:
Ընդ որում, նա նշել է, որ համաճարակային իրավիճակի բարելավման համար միակ ելքը բնակչության պատվաստումն ու համաճարակաբանների հանձնարարականների կատարումն է:
«Մենք պարզ ընտրություն ունենք. կամ մենք պատվաստվում ենք եւ ամեն ինչ կարգին կլինի, կամ էլ չենք պատվաստվում, եւ այդ ժամանակ պետք է վարժվել նրան, որ հիվանդացածների եւ մահացածների բարձր ցուցանիշները մեր երկրի համար մեծ բեռ կլինեն դեռ երկար ժամանակ», — ասել է Չխաիձեն:
Անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 11 421 մարդ։ Երկրում ընդհանուր առմամբ կատարվել է 1 760 878 պատվաստում:
Չնայած Վրաստանում համաճարակային իրավիճակի համեմատական կայունացմանը՝ վարակված հիվանդների շրջանում մահացությունը մնում է բարձր: Անցած օրվա ընթացքում երկրում մահացել է 40 մարդ, իսկ համաճարակի սկսվելուց ի վեր վարակի զոհ է դարձել շուրջ 8 884 մարդ: