Ըստ Համացանցի ազատության 2021 թվականի ինդեքսի (Freedom on the net 2021), որը հրապարակվել է Freedom House ամերիկյան կազմակերպության կողմից, Վրաստանը բարելավել է իր ցուցանիշները: Այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը:

Վրաստանը վարկանիշում հավաքել է 77 միավոր, ինչը մեկ միավորով ավելի է 2020 թվականի ցուցանիշից: Այս ցուցանիշով Վրաստանը «Ազատ ինտերնետ տիրույթ ունեցող երկիր» կարգավիճակով համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 9-րդ տեղը:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, Վրաստանն իր ցուցանիշով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ճապոնիան, Իտալիան, Ավստրալիան, ԱՄՆ-ն եւ այլ երկրներ: 2011 թվականին Վրաստանն ուներ «մասամբ ազատ ինտերնետ տիրույթի» կարգավիճակ, իսկ 2012 թվականին համաշխարհային վարկանիշում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը:

Զեկույցում նշվում է, որ Վրաստանի կառավարությունը ոչ մի սահմանափակում չի դրել ինտերնետային հաղորդակցության վրա, իսկ Վրաստանի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը պատկանում է մասնավոր ընկերություններին: Մասնավորապես, 2021 թվականի մարտի դրությամբ, երկրում լիազորված են ավելի քան 152 ինտերնետ պրովայդերներ, և բոլորը մասնավոր սեփականությունում են գտնվում: Զեկույցում նաև նշվում է, որ ինտերնետ օգտատետերը չեն բախվում վեբ կայքեր մուտք գործելու, բովանդակություն ներբեռնելու, այլ օգտվողների հետ ֆորումների, սոցիալական լրատվամիջոցների և հաղորդագրությունների ծրագրերի հետ շփման սահմանափակումների, մինչդեռ առցանց բովանդակությունը հնարավոր չէ հեռացնել: