Վրաստանում պատվաստման գործընթացի դեռ սկզբում ես չէի էլ մտածում, որ երբևէ կորոշեմ պատվաստվել COVID-19-ի դեմ: Ինչպես շատ այլ մարդիկ, կասկածամտորեն էի վերաբերում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին, այն էլ՝ բոլորին: Այսօր, սակայն, ես ինձ ավելի պաշտպանված եմ զգում այս ապոկալիպտիկ իրավիճակում: Ես Քրիստինե Մարաբյանն եմ, մասնագիտությամբ լրագրող և ցանկանում եմ կիսվել մինչ պատվաստում տանող ուղու իմ պատմությամբ:
Իմ կասկածները
Կորոնավիրուսային պատվաստանյութերի մասին ասում են, որ այն նույնանման է ջրծաղիկի, բնական ծաղիկի և այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերին: Այս վարակիչ հիվանդությունները ժամանակին նույնպես մոլեգնում էին ամբողջ աշխարհում, ինչպես այսօր COVID-19-ը և խլեցին միլիոնավոր մարդկանց կյանքեր… Թեև այս հիվանդությունների դեմ պատվաստանյութերը տասնամյակներ շարունակ փորձարկվում էին, այդ թվում՝ մարդկանց վրա: Կասկած էր առաջացնում նաև այն հագամանքը, որ չնայած ՁԻԱՀ-ը և քաղցկեղը նոր կորոնավիրուսից շատ ավելի վաղ հայտնաբերված հիվանդություններ են, սակայն բժշկական հանրությունը դեռ նրանց դեմ դարման չի ստեղծել: Իսկ նոր կորոնավիրուսի դեպքում բավական էր մեկ տարին:
Աշխատելով COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ նյութերի վրա՝ ես կուտակել էի տեղեկատվություն ամենահուսալի աղբյուրներից: Ես տեղյակ էի ուսումնասիրության փուլերի, դրական արդյունքների, հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: Գիտակցում էի, որ պատվաստանյութը իրավիճակից դուրս գալու միակ ելքն է, բայց վախը մտել էր սիրտս:
Մի անգամ խմբագրությունում ես առաջարկեցի պատվաստվել ինքս և անկեղծորեն գրել իմ բոլոր զգացողությունների մասին, քանի որ մարդկանց մեծ մասը դեռ վստահում է մեզ՝ լրագրողներիս, իսկ ես հավատում եմ գիտական հանրությանը, որը միաձայն պնդում է, որ այսօր կորոնավիրուսի դեմ միայն պատվաստումն է արդյունավետ։ Իմ գաղափարը խմբագրությունում ընդունեցին և ոգեշնչեցին գործընկերներս, ես գործնականում այլընտրանք չունեի: Մինչև պատվաստումը շատ քիչ ժամանակ էր մնում, քանի որ նյութի համար վերջնաժամկետ էր սահմանված: Դա ինձ վախեցնում էր: Ես բազմիցս մտափոխվում էի, հետո կրկին վերահամոզում ինքս ինձ, որ պետք է դա անեմ, սեփական փորձով ցույց տամ, որ անհրաժեշտ է պատվաստվել, քանի որ առանց դրա պարզ չէ, թե համավարակի քանի ալիք կլինի և որքան մահեր, և ովքեր կլինեն COVID-19-ի զոհերը: Աստված մի արասցե, քանի որ այն (վիրուսը) կարող է նաև հասնել մինչև ինձ ու ինձ հարազատ մարդկանց և իրենց զոհ դարձնել:
«Լայն» ընտրություն
Սկզբում ընտրությունը Pfizer-ի և Sinopharm-ի միջև էր: Առաջին տարբերակի դեպքում ավելի շատ առավելություններ կային, քանի որ դրա արդյունավետության տոկոսն ավելի բարձր է և այն ընդունված է բոլոր երկրներում, իսկ մենք՝ լրագրողներս ճանապարհորդող մարդիկ ենք, հանկարծ հարկավորություն կարող է առաջանալ ինչ-որ տեղ մեկնելու, որտեղ Sinopharm-ը դեռ ընդունված չէ: Մյուսի դեպքում ես միշտ մտածում էի, որ քանի որ վիրուսը ծագել է Չինաստանում, ամենայն հավանականությամբ այնտեղ ավելի լավ գիտեն, թե ինչպես լավագույնս բուժել այս վարակը:
Ալերգիա, վիրուսից, թե ոչ …
Անկեղծ ասած, ես չգիտեմ, արդյո՞ք ես վարակվել եմ կորոնավիրուսով։ Կորոնավիրուսի տարբերակիչ ախտանիշները, օրինակ՝ հոտառության կորուստ, մկանների ուժեղ ցավ, որն ունեին իմ գործընկերները, ես չունեի: Բայց համավարակի ժամանակ ես վատառողջ եղել եմ, գրիպանման ախտանիշներ, կոկորդի ցավ ունեցել եմ: Ես երեք անգամ հակագենի թեստ եմ հանձնել և երեքն էլ բացառել են իմ մարմնում կորոնավիրուսի առկայությունը: Բացի այդ, ես սեզոնային ալերգիայով եմ տառապում, բարդու բամբակը ամեն տարի ինձ անհանգստություն է պատճառում: Ես, ինչպես և շատ ուրիշներ, կասկածում էի, որ կարող եմ պատվաստվել: Եվ այնուամենայնիվ, հոդվածների վրա աշխատելիս՝ փորձագետներից շատ բան սովորելով, հասկացա, որ կարող եմ պատվաստվել: Որոշումն ընդունված էր, բայց վախն ու կասկածը չլքեցին ինձ: Ես բոլորին պատմում էի իմ որոշման մասին, կարծես ինքս ինձ համոզում էի դրա ճշմարտացիությունը:
Իմ խնդրահարույց գրանցումը
2021 թ. Հուլիս
Սկզբում անհնար էր Pfizer պատվաստանյութով գրանցվելու համար ազատ պատուհան գտնել: Այս պատվաստանյութը հասանելի էր մայրաքաղաքում և երկու խոշոր քաղաքներում՝ Քութայիսում և Բաթումում: Եվ այդտեղ էլ էր որս գնում գրանցվելու համար:
Հունիս-հուլիս ամիսներին Pfizer-ով պատվաստվելու համար ազատ պատվաստատեղ գտնելը շատ դժվար էր
Սակայն հուլիսի 24-ին ԱՄՆ-ն Վրաստանին նվիրեց 500 հազար դեղաչափ Pfizer-ի արտադրության պատվաստանյութ: Մի երկու օրից հնարավոր դարձավ պատվաստվել Ախալցիխեում, և ես որոշեցի գրանցվել այնտեղ՝ առաջին դեղաչափն ընդունելու նպատակով: Երբ ես այլ մարդկանց հետ խոսում էի իմ որոշման մասին, բոլորը հարցնում էին, թե արդյո՞ք չեմ վախենում պատվաստվելուց այնտեղ, որտեղ պատվաստումից հետո մահացել էր բուժքույրը (այս տարվա մարտին, պատվաստվելուց հետո, Մեգի Բաքրաձեի մոտ, ենթադրաբար, զարգացել էր ալերգիկ ռեակցիա՝ անաֆիլակտիկ շոկ, որի արդյունքում նա մահացել էր): Ես պատասխանում էի, որ վստահ եմ, որ այդ օրվանից այնտեղ նրանք էլ ավելի լուրջ են վերաբերվում հնարավոր բարդություններին:
Ես գրանցվեցի, իհարկե, ոչ առանց գործընկերներիս օգնության: Քանի որ մինչ այդ, իմ մտքում պատվաստվելու գաղափար անգամ չկար և չէի հետաքրքրվում, թե ինչպես դա անել: Գրանցման ձևը բարդ չէ: Պատվաստման գրանցման պաշտոնական կայքը, որը պատկանում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին, վախեցնում է շատերին, հատկապես ավագ սերնդին: Այնուամենայնիվ, գրանցման գործընթացը պարզ է:
Անհրաժեշտ է մուտք գործել booking.moh.gov.ge կայք, լրացնել դաշտերը: Սկզբում ընտրում ես պատվաստանյութը՝ սեղմելով առաջարկված ցանկացած պատվաստանյութին:
Այնուհետեւ հարկավոր է.
Գրանցման համար պահանջվող բոլոր դաշտերը լրացնել
Այնուհետև.
Բացվում է ժամանակացույցը.
Ընտրում ես օրն ու ժամը: Բացի այդ, հեռախոսահամարին ուղարկվում է հաղորդագրություն, որը հաստատում է քո ընտրած պատվաստման ժամը և պատվաստվելու վայրը։
Կայքում գրանցման առաջին հաստատումը
Այն բանից հետո, երբ ես գրանցվեցի Ախալցիխեում, անսպասելիությունից շփոթության մեջ հայտնվեցի, խոսակցականում այս հոգեվիճակը մենք անվանում ենք «մանթո»: Այդ ամբողջ օրը բոլորին ասում էի, որ գրանցվել եմ, կարծես փորձում էի ինքս ինձ համոզել, որ ես ճիշտ եմ վարվում: Բայց ներքուստ ինչ-որ բան ինձ հուշում էր, որ ես Ախալցիխե չեմ հասնի: Ամեն անգամ Ախալցիխե տանող ոլորուն ճանապարհի մասին միտքը, որը ես դժվարությամբ եմ տանում, ինձ սարսափեցնում էր: Ախալցիխե մեկնելուց հրաժարվելու պատրվակը ծագեց: Տեղեկություններ տարածվեցին, որ հնարավոր է պատվաստել Ախալքալաքին ամենամոտ քաղաքում` Նինոծմինդայում:
Գրանցման կայքը հնարավորություն ունի չեղյալ հայտարարել և խմբագրել պատվաստման ժամանակը
Նինոծմինդա հասնելու համար պահանջվում է 20 րոպե, իսկ Ախալցիխե՝ մեկ ժամ կամ ավելի: Նույն booking.moh.gov.ge կայքում ամրագրման չեղարկումը լրացնելիս հայտնի դարձավ, որ Ախալքալաքում արդեն նույնպես հնարավոր է պատվաստվել Pfizer-ով: Այստեղ արդեն մայրս ու հարևանուհիս նույնպես ցանկություն հայտնեցին միանալ ինձ: Անհանգստությունս ու հուզմունքս ավելացավ, ինչպես նաև նրանց նկատմամբ պատասխանատվության զգացումը:
Մեզ բոլորիս գրանցեցի նույն օրը՝ վաղ առավոտյան:
Պատվաստման նախորդ գիշերը
Օգոստոսի 16-ի գիշերը եղանակը հուսադրող չէր: Ամբողջ գիշեր մղձավանջներ էի տեսնում, որոնց նպաստում էին կայծակը, ամպրոպը, սելավն ու երկրաշարժերը: Առավոտյան ուժասպառ վեր կացա՝ տրամադրելով ինձ մահվան: Ինձ բռնեցի այն մտքի վրա, որ տունը կհավաքեմ, կմաքրեմ այնպես, որ եթե հանկարծ ինձ հետ ինչ-որ բան պատահի, տունը հավաք վիճակում լինի: Սարսափելի անհանգստանում էի: Հիմա, իհարկե, ամոթ է հիշելը և ծիծաղելի է այդ ամենը: Բայց այդ օրը ինձ նմանները շատ էին: Ինչպես ինձ ասացին Ախալքալաքի կլինիկայում, այդ օրը «Pfizer» պատվաստանյութով պատվաստվելու համար գրանցվել էր 60 մարդ, այդ թվում՝ մենք երեքս: Իսկ մի փոքր ավելի հեռու մեկ այլ պատվաստասենյակ էլ կար, այնտեղ այն մարդիկ էին հերթ կանգնած, ովքեր ցանկանում էին պատվաստվել չինական պատվաստանյութով:
Pfizer-ի իմ առաջին դեղաչափը
Պատվաստման գործընթացը
Ես առաջինը մտա, բժիշկը հարցաթերթիկը լրացրեց, հարցրեց դաջվածքների, էպիլեպսիայի, քրոնիկ հիվանդությունների, ալերգիայի և այլ հիվանդությունների մասին, որոնք հետո գլխիցս թռան: Այնուհետև չափեց իմ ճնշումը, որից հետո ես տեսա, թե ինչպես է բուժքույրը հատուկ փոքր սառնարանից հանում փոքրիկ սրվակը: Մոտակայքում կար մեկ այլ հատուկ սառնարան՝ ավելի մեծ: Ինչպես բացատրեց նա, ամեն ինչ արված է այնպես, որ մեծ սառնարանը ավելի քիչ ենթարկվի ջերմային փոփոխությունների: Բուժքույրը հմտորեն դեղը ներարկիչի մեջ քաշեց: Եվ ահա ներարկումը կատարված է: Ինքս զարմացա, բայց ոչ մի ցավ չզգացի: Դրանից հետո ինձ զգուշացրին պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի ռեակցիայի մասին, որը կարող է առաջանալ մի քանի օրվա ընթացքում: Նրանք ինձ ուղարկեցին հարևանությամբ գտնվող սպասասենյակ:
Մենք մեկ ժամ անցկացրինք սպասասենյակում՝ բժիշկների հսկողության ներքո, ամեն մի քանի րոպեն մեկ մեզ մոտենում էին կամ բժիշկ-վերակենդանաբանը կամ բուժքույրը, ովքեր հարցնում էին, թե ինչպես ենք մենք մեզ զգում, առաջարկում ավելի խորը շնչել օդը: Սենյակում ավելի շատ օդ մտնելու համար պատուհանը բաց էր:
Մեկ ժամ սպասելուց հետո մենք հերթով դուրս եկանք տարածքից: Այդ ամբողջ օրը գլխապտույտ, թուլություն, քնկոտություն էի զգում, նաև ձեռքս մի փոքր սկսեց ցավել: Նույն վիճակը մի քանի օր շարունակվում էր, հետո ամեն ինչ անցավ: Մյուսները վերը նշվածին գումարած ունեին ջերմություն` ոչ ավելի, քան 37.5 աստիճան:
Օրերս ես երկրորդ դեղաչափն ընդունեցի, որպեսզի լիովին համոզված լինեմ, որ այս հիվանդությունն ինձ մոտ այլևս վախ չի առաջացնի, որ կործանարար և մահաբեր այս վիրուսով վարակվելու հավանականությունը երեք անգամ նվազել է: Ես լիովի՛ն պատվաստված եմ: