Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին շատ կանայք են մասնակցում, ինչը նորություն է Ջավախքի համար:
Ինչպես և այս տարի, 4 տարի առաջ էլ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներն ընտրեցին Սակրեբուլոյի պատգամավորների և քաղաքապետերի: Շրջանի համար, որտեղ համարվում էր և համարվում է, որ քաղաքականությունը տղամարդու գործ է, անակնկալ էր, որ Սակրեբուլոյում հայտնվեցին կանայք: Ամբողջ Վրաստանի համար նույնպես անակնկալ էր, որ առաջին կին քաղաքապետն ընտրվեց Նինոծմինդայում: Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ներկայացվում են տարբեր քվոտաներ և կանոնակարգեր` կին պատգամավորների և պաշտոնյաների թվի ավելացման համար, չնայած տղամարդկանց քաղաքականությանը դիմակայելուն: Ճիշտ է, գտնվում են բազմաթիվ հնարքներ ու միջոցներ՝ կանանց քաղաքականությունից հեռու պահելու համար: Այնուամենայնիվ, այս տարի ընտրություններին մասնակցող կանանց թիվը Ջավախքում բավականին մեծ է, չնայած որոշ հանգամանքների, ինչպիսիք են համամասնական ընտրացուցակների վերջին տեղերում հայտնվելը:
Կուսակցության կին թեկնածուներն ըստ ընտրացուցակների
Ախալքալաքում «Երրորդ ուժ» կուսակցությունը ներկայացված է 15 կին թեկնածույով, ընդհանուր առմամբ այն ունի 24 թեկնածու: Նինոծմինդայում այս կուսակցությունը չունի համամասնական թեկնածուներ:
«Եվրոպական Վրաստան»-ի 28 թեկնածուներից 9-ը կանայք են: Կին թեկնածուներից 7-ը ընտրացուցակում 10-րդից 32-րդ տեղերում են: Նինոծմինդայում «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը 17 թեկնածուներից ունի 6 կին թեկնածու: Թեկնածուները 3-րդից 22-րդ համարների ներքո են առաջադրված:
Ախալքալաքի ընտրություններում «Միասնական ազգային շարժումը» ներկայացված է 27 թեկնածուներով, որոնցից 6-ը կին են: Նրանցից մեկն ազգությամբ հայ: ՄԱՇ-ի ընտրացուցակներում կանայք գտնվում են 3-րդից 27-րդ համարների միջակայքում: Նինոծմինդայում ՄԱՇ-ն ունի 23 թեկնածուներ, որոնցից 7-ը կանայք են: Այստեղ կանայք ցուցակներում զբաղեցնում են առաջինից մինչև 22-րդ համարները, սակայն կին թեկնածուների մեծամասնությունը ներառված չեն ցուցակների առաջին տասնյակում:
«Եվրոպական դեմոկրատները» Նինոծմինդայում ներկայացված են 20 թեկնածուներով, որոնցից 14-ը կանայք են, այսինքն` կեսից ավելին: Թեկնածուներից մեկն ազգությամբ վրացի է: Ախալքալաքում, 26 թեկնածուներից, այս կուսակցությունը ունի 9 կին թեկնածու, որոնցից մեկն ազգային մեծամասնության ներկայացուցիչ է:
Ախալքալաքում «Հայրենասերների դաշինք» կուսակցությունն իր ընտրացուցակներում ընդգրկել է 29 թեկնածուների, որոնցից 9-ը կանայք են: Նինոծմինդայում ընդամենը 18 թեկնածու կա, նրանցից 6-ը կանայք են:
Ախալքալաքի «Լելո» կուսակցությունը ցուցակներում ընդգրկել է 25 թեկնածուների, որոնցից 11-ը կանայք են: Նրանցից 9-ը 10-րդ համարից հետո են: Նինոծմինդայում այս կուսակցությունն ընդհանրապես թեկնածուներ չունի:
Ախալքալաքում «Նաթելաշվիլի. Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը» ներկայացված է 31 թեկնածույով, որոնցից 20-ը կանայք են: Թեև այս ցուցակներում չկա ազգությամբ հայեր: Նինոծմինդայում այս կուսակցությունը ներկայացված է 19 թեկնածույով, որոնցից 14-ը կանայք են: Թեկնածուներից մեկը հայուհի է, մնացածը` վրացի:
Ախալքալաքում «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունը ներկայացված է 30 թեկնածույով, որոնցից 21-ը (մեծամասնությունը) կանայք են: Նինոծմինդայում այս կուսակցությունն ընդհանրապես թեկնածուներ չունի:
«Գիրչին» Ախալքալաքում ներկայացված է 31 թեկնածույով, որոնցից 10-ը կանայք են: Նինոծմինդայում այս կուսակցությունն ընդհանրապես թեկնածուներ չունի:
Ախալքալաքում «Ազատ Վրաստան»-ն ընտրություններին մասնակցում է 30 թեկնածույով, որոնցից 21-ը (մեծամասնություն) կանայք են: Նինոծմինդայում այս կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին:
Վրաստանի նախկին վարչապետի՝ «Գախարիա. Հանուն Վրաստանի» կուսակցությունը 38 թեկնածու ունի Ախալքալաքում, նրանցից 17-ը կանայք են: Թեև, ինչպես Նաթելաշվիլիի կուսակցության դեպքում, այնպես էլ Գախարիայի համամասնական ընտրացուցակներում միայն առաջին համարն է ազգությամբ հայ: Ինչ վերաբերում է Նինոծմինդային, ապա այս կուսակցությունն ունի 23 թեկնածու, որոնցից 10-ը կանայք են: Հատկանշական է, որ Նարինե Գինոսյանը Նինոծմինդայում մասնակցում է առաջին համարի ներքո: Վերջինս հանրությանը հայտնի է իշխող կուսակցությունից նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի հետ կապված ոտնձգությունների գործով և Նինոծմինդայի մանկապարտեզների միավորումում հափշտակության առթիվ քրեական գործով:
Ախալքալաքում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 30 թեկնածույով, որոնցից 10-ը կանայք են: 10 կանանցից միայն 3-ն են ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված: Նինոծմինդայում «Վրացական երազանք»-ն ունի 24 թեկնածու, որոնցից 8-ը կանայք են:
Գենդերն ու մեծամասնական պատգամավորության թեկնածուները
Ախալքալաքում մեծամասնական թեկնածու է առաջադրել 7 կուսակցություն: Դրանցից միայն «Երրորդ ուժ» կուսակցությունն է առաջադրել իր թեկնածուներին բոլոր 7 մեծամասնական ընտրատարածքներում, որոնցից 6-ը կանայք են: «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը 2 ընտրատարածքներում ունի մեծամասնական թեկնածուներ, որոնցից 1-ը կին է: Մնացած կուսակցությունները ոչ մի ընտրատարածքում չեն առաջադրել մեծամասնական ընտրակարգով կին թեկնածուի:
«Եվրոպական Վրաստան»՝ մեծամասնական պատգամավորի 9 թեկնածու՝ ոչ մի կին,
«Միասնական ազգային շարժում»՝ 13 մեծամասնական թեկնածու՝ ոչ մի կին,
«Եվրոպական դեմոկրատներ»՝ 7 մեծամասնական թեկնածու՝ ոչ մի կին,
«Լելո»՝ 1 արական սեռի թեկնածու,
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»՝ 14 մեծամասնական թեկնածու՝ ոչ մի կին:
Նինոծմինդայում մեծամասնական պատգամավորի իրենց թեկնածուներին առաջադրել են 4 կուսակցություններ, որից միայն «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը 5 հոգուց ունի 2 կին թեկնածու, իսկ «Գախարիա. Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 6 թեկնածուից 2-ը կին են: «Երրորդ ուժ» կուսակցության 2 և իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության բոլոր 10 թեկնածուները տղամարդիկ են:
Ընդհանուր առմամբ, 2021 թվականի Ջավախքում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 493 թեկնածու, որից 223-ը կանայք են: Ըստ մեծամասնական ցուցակների, ընտրություններին մասնակցում է 53 թեկնածու, որոնցից 7-ը կանայք են: Ախալքալաքում եւ Նինոծմինդայում քաղաքապետի ընտրություններին մասնակցում է 6 թեկնածու, որոնցից միայն մեկն է կին:
Ինչո՞ւ են կանայք շատ
Ընտրությունների փորձագետի և «Քաղաքացիական շարժում. Բազմազգ Վրաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլիի խոսքով՝ պատճառը քվոտավորման մեջ կանանց ավելացած մասնակցությունն է և ոչ միայն: Օրինակ, այս ընտրություններից առաջ կուսակցությունները փորձում էին ցուցակի վերջում ընդգրկել կին թեկնածուներին, ինչը նշանակում է, որ կանայք ընտրվելու քիչ շանսեր ունեին:
«Սա առաջին ՏԻՄ ընտրություններն են, որոնցում քվոտավորում է մտցվել, այսինքն` ընտրացուցակի յուրաքանչյուր երրորդ թեկնածուն պետք է լինի հակառակ սեռի ներկայացուցիչ: Այսինքն՝ կար ֆինանսական խրախուսում, բայց այն, որ ցուցակներում յուրաքանչյուր երրորդ անձ կին է, ես առավել քան վստահ եմ, որ դա այդպես չէր: Կանանց մասնակցության համար ֆինանսական խթանումը, ինչպես կար, հիմա էլ կա, պարզապես այն ժամանակ այդքան էլ արդյունավետ չէր, քանի որ այդ ժամանակ գրեթե բոլոր կանայք հայտնվել էին ցուցակների վերջում», – ասում է Ալեքսանդրան:
Մինչ այդ քաղաքական կուսակցությունները նախընտրում էին կամ կանանց չընդգրկել ցուցակներում, կամ ընտրություններից հետո հանել նրանց թեկնածությունները, սակայն այս տարի փոփոխություններ են կատարվել այդ ուղղությամբ:
«Եթե կինը հանում է իր թեկնածությունը, ապա նրան պետք է փոխարինի նույն սեռի թեկնածու: Եթե դա կին է, ապա ցուցակի հաջորդ համարին փոխարինում է կինը, եթե տղամարդ է, ցուցակում հաջորդ համարին փոխարինում է տղամարդ: Մեկ այլ մանրամասնությունն էլ այն է, որ վերջին ընտրություններում, օրինակ. խորհրդարանականում, գործում էր նույն սկզբունքը, բայց հետո «Գիրչի» կուսակցությունը լիովին հանեց բոլոր կանանց: Այսինքն, ըստ էության, նրանց ոչ ոք չէր կարող փոխարինել, միայն տղամարդիկ: Այսինքն՝ նրանք հանեցին բոլոր կանանց, որպեսզի շրջանցեն այս դրույթը: Հիմա այս ընտրություններում, որպեսզի դա չկրկնվի, օրենքում կա անցումային դրույթ, ըստ որի, եթե կուսակցությունը բոլոր կանանց հանի իր ցուցակից, ապա այն ամբողջությամբ կհանվի գրանցումից», – ասում է Ալեքսանդրա Կալատոզիշվիլին:
Ինչևէ, օրինակ, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, կանանց ներկայությունն անմիջապես նկատելի դարձավ: Հանձնաժողովի և բյուրոյի նիստերն անցնում էին ավելի պաշտոնական ձևով, հայհոյանքներ չկան, Սակրեբուլոյի շենքը կարգի է բերվել, իսկ տեղեկատվության տրամադրումը և փաստաթղթերի գրանցումը դարձել են ավելի կանոնակարգված: Թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները այս տարի կանանց ընտրության առումով, պարզ կդառնա ՏԻՄ ընտրություններից հետո:
Քրիստինե Մարաբյան