Johnson & Johnson կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը նախատեսվում է Վրաստան առաքել հոկտեմբերի վերջին: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանն ասել է Իմունացման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն:
«Johnson & Johnson պատվաստանյութը պետք է բերվի ամենաուշը հոկտեմբերին, բայց դա այնքան չնչին քանակություն է, որ դժվար թե էական ազդեցություն ունենա պատվաստման գործընթացի վրա:
Խոսքն ընդամենը մոտ 50 հազար դեղաչափի մասին է, ինչը նշանակում է 50 հազար պատվաստված», – ասել է Չխաիձեն:
Նա հիշեցրել է, որ դիմադրողականության առաջացման համար այս դեղամիջոցով մեկ պատվաստումը բավական է, հարկավոր չէ երկու դեղաչափ ներարկել, ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում է: Սա, ըստ Չխաիձեի, դրա դրական կողմն է:
Ամերիկյան Johnson & Johnson/Janssen կոնցեռնի կողմից մշակված դեղամիջոցն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված է որպես անվտանգ և արդյունավետ՝ մարդկանց պաշտպանելու COVID-19-ի հետ կապված ամենալուրջ ռիսկերից, այդ թվում՝ մահից, հոսպիտալացումից և հիվանդության ծանր ընթացքից:
Janssen-ը հաստատված է ԵՄ համապատասխան գործակալության և Եվրոպական հանձնաժողովի կողմից և հաստատված է Միացյալ Նահանգներում գործածման համար: Պատվաստանյութն անցել է Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMEA) և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության փորձաքննությունը:
Ի տարբերություն BioNTech/Pfizer և Moderna պատվաստանյութերի, J&J պատվաստանյութը վեկտորային պատվաստանյութ է, որը հիմնված է սովորական մրսածության վիրուսի մեթոդի վրա: Այն կարող է պահվել սովորական սառնարանում ևս:
Կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցել է 44 000 մարդ՝ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, ցույց է տվել, որ J&J պատվաստանյութը հավասարապես արդյունավետ է ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների համար: Ավելին, փորձարկմամ մասնակիցների մեկ երրորդը 60 տարեկանից բարձր էին: Պատվաստումից հետո մահացության կամ հոսպիտալացման դեպքեր չեն գրանցվել:
Ներկայումս Վրաստանում հասանելի են Sinopharm, Sinovac, Pfizer, AstraZeneca պատվաստանյութերը:
Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում իրականացվել է 1 610 309 պատվաստում: Նրանցից 935 094 մարդ պատվաստվել է մեկ դեղաչափով, 675 215-ը` լիովին, երկու դեղաչափով: