Շարունակվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը, շինարարները հույս ունեն, որ աշխատանքները կավարտեն մեկ ամսից:

Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների: Սկզբնական շրջանում, ըստ նրանց, դժվար էր գտնել արհեստավորների, սակայն այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, և շինարարները հույս ունեն մեկ ամսից ավարտել աշխատանքները:

goman1

Այս պահին շինարարները աշխատում են հին քարերով, որոնք մնացել են եկեղեցու ավերակներից:

Հիշեցնենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումն իրականացվում է Գոման գյուղից բարերար Ռուբեն Բանդիկյանի աջակցությամբ: Սկզբում նրանք մտադիր էին վերանորոգել գյուղի հին դպրոցին կից հին եկեղեցին, սակայն եկեղեցին վերանորոգելու առումով դժվարություններ առաջացան: Այնուհետև նրանք որոշեցին գնել հին դպրոցի տարածքը և կառուցել նոր եկեղեցի, սակայն պետությունը չվաճառեց այս տարածքը: Ուստի, վերջիվերջո, նրանք որոշեցին վերակառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ։ Սկզբում՝ եկեղեցու հիմքերի ամրացման, պատերի կառուցման աշխատանքները, այնուհետև՝ տանիքի: Եկեղեցին վերակառուցումից հետո կունենա նախկին տեսքը։

goman2

Գոմանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ըստ բնակիչների մոտավոր 1800-ական թվականների վերջերին է կառուցվել, հիմքային վերանորոգում երբևէ չի կատարվել։ Տարիների բացիթողի վիճակի պատճառով շենքը սկսել է փլուզվել։

Քրիստինե Մարաբյան